Ոչ մի թուղթ չեմ ստորագրել, առաջիկա օրերի համար էլ այդպիսի բան նախատեսված չէ․ Նիկոլ Փաշինյան
22:34 - 14 սեպտեմբերի, 2022

Ոչ մի թուղթ չեմ ստորագրել, առաջիկա օրերի համար էլ այդպիսի բան նախատեսված չէ․ Նիկոլ Փաշինյան

Իմ այսօրվա ասածը նշանակում է հետևյալը, որ մենք խաղաղության օրակարգ ենք որդեգրել, և դրա իրականացումը միայն մի կողմից չէ կախված՝ դա կախված է մի քանի կողմերից, որոնք դեր ունեն այս պրոցեսում։  Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Հայաստանը պատրաստ է խաղաղության օրակարգով առաջ շարժվել։ Մենք հրապարակային ասել ենք մեր դիրքորոշումները։  Խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանը ասել  է կետեր, մենք ասել ենք, որ այդ կետերում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք ամբողջական չեն և լրացրել ենք Ադրբեջանի կողմից ներկայացված օրակարգը, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և սրանից բխող կարգավիճակը»,- նշեց Փաշինյանը։ 

Նա շեշտեց, որ կառավարությունը այնպիսի  թուղթ չի ստորագրի երբեք, որը ՀՀ տարած քային ամբողջականությունը որևէ ձևով կդնի կասկածի տակ։ Վարչապետի խոսքով այս պահի դրությամբ ոչ մի թուղթ չի  ստորագրվել, այդպիսի բան նախատեսված չի եղել։

«Թղթի նախագիծ չկա էսօր իմ սեղանին դրած, որը պիտի կա՛մ ստորագրվի, կա՛մ չստորագրվի։ Առաջիկա օրերի համար էլ էդպիսի բան նախատեսված չի։ Էսօրվա իմ ասածը՝ Հայաստանի տարածքի հետ կապված, իմաստը էն ա եղել, որ մենք, միջանցքով կլինի, այլ բանով կլինի, չենք պատրաստվում մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա դարձնել։ Բայց մյուս կողմից էլ ես հայտարարել եմ, որ նաև մենք չենք խուսափի պատասխանատվությունից, եթե տեսնենք, որ թեկուզ ոչ երազանքային, բայց այունամենայնիվ կա մի լուծում, որը չի հատում Հայաստանի շահերի կարմիր գծերը, մենք նաև դրա պատասխանատվությունն ենք պատրաստ ստանձնել և գնալ այդ լուծումներին»,- հավելեց Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ այսօրվա իր ուղերձը այն մասին է, որ եթե լինի այնպիսի տարբերակ, որով  բանակցությունների արդյունքում հնարավոր լինի գալ մի թղթի, որը մեր երազանքների թուղթը չի, բայց այնուամենայնիվ (այս հատվածում ուղիղ եթերն ընդհատվում է)․․․

«Վերլուծենք, որ դա, այնուամենայնիվ, Հայաստանի շահերին օգուտ է և երկարաժամկետ առումով Հայաստանի համար խաղաղություն և անվտանգություն է ապահովում (այստեղ ևս ուղիղ եթերն ընդհատվում է)․․․ Մեր ժողովուրդը կասի՝ բա սա մեր երազանքների թուղթը չի, ինչի եք ստորագրել։ Մենք կասենք՝ ժողովուրդ ջան, որովհետև մեր երազանքների թուղթը չի, բայց այնուամենայնիվ 1․ սա Հայաստանի համար ապահովում է տևական, առաջիկա 100 տարվա համար խաղաղություն, 2․ սա Հայաստանի համար ապահովում է տևական, առաջիկա 100 տարվա համար անվտանգություն, և էսպես շարունակ։ Եվ հա, պետք է մի քիչ ճկուն լինենք, նենց չի, որ լուծումը պետք է ձեռնտու լինի մենակ մեզ։ 2018-ից էդ եմ ասում, որ լուծումները պետք է ձեռնտու լինեն բոլորին, ու էդ լուծումը կյանք ունենա», - եզրափակեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել