ԱԺ-ում շարունակվում է բողոքի ակցիան, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն ԱԺ շենքի ներսում են։
5165 շարժման անդամ Կարին Տոնոյանը ԱԺ դիմաց հայտարարեց․ «Ես դիմում եմ հայոց բանակին։ Մենք կարիք ենք ունենալու բանակի աջակցությանը։ Դիմում եմ բոլոր այն սպաներին, ովքեր հիմա անգամ զորակոչված են, որպեսզի հիմա հայտարարեն, որ սատարում են այս շարժմանը և մեզ հետ են»։
Նա հայտնեց, որ իր ձեռքին ՔՊ պատգամավորների հասցեներն են, ապա հնչեցրեց Ալեն Սիմոնյանի տան հասցեն և ասաց, որ այս պահին գնում են այնտեղ։
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն էլ հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ներս են գնացել ԱԺ․ «Աժ-ում արդեն լույսերը վառվում են, պատգամավորներն արդեն ԱԺ-ում են։ Մնաք այստեղ՝ որպես աջակցություն արդեն շենքում գտնվող պատգամավորների, որպեսզի իրենք կազմակերպեն գործընթացը։ Հրավիրվելու են ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը, որոնք նույնպես ի պաշտոնե պարտավոր են ապահովել այս պահին հասարակության պահանջով ԱԺ բնական գործունեությունը»։
«Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանն էլ դեմ արտահայտվեց ՔՊ-ական պատգամավորների տներ գնալուն․ «Դա նշանակում է մասնատել ժողովրդին և տալ ոստիկանի ձեռքը։ Մեր ուժը մեր միասնականության մեջ է, հենց այս հրապարակը պիտի մարդաշատ լինի»։
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Նրանք ՔՊ 18 պատգամավորի պահանջում են միանալ, որ անհրաժեշտ ստորագրությունները հավաքվեն, և անվստահություն հայտնելու գործընթացը սկսվի։
comment.count (0)