Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է․ Սուրեն Պապիկյանը՝ Տոյվո Կլաարին
16:00 - 15 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է․ Սուրեն Պապիկյանը՝ Տոյվո Կլաարին

Սեպտեմբերի 15-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: 
 
«Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը: Շնորհակալություն հայտնելով իրավիճակին արագ արձագանքելու և տարածաշրջան այցելելու համար՝ ներկայացրել եմ սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
 
​Ընդգծել եմ, որ լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է: Իրավիճակի հանգուցալուծման առումով շեշտել եմ տեղի ունեցած ագրեսիային միջազգային հանրության, այդ թվում` ԵՄ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը:
 
​Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն իր խոսքում ներկայացրել է ԵՄ դիրքորոշումը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ` շեշտելով առկա բոլոր տարաձայնությունները բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը: Տոյվո Կլաարը վերահաստատել է նաև ԵՄ հանձնառությունը` նպաստելու կողմերի միջև բանակցային գործընթացի վերականգնմանը և համաձայնությունների ձեռքբերմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել