armenpress.am: Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը վայրագություններ են կատարել, մասնատել են կին զինծառայողին, կտրել ոտքերը, մատները, մերկացրել նրան. այս ամենը վկայող ապացույցը՝ տեսանյութը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խոստացավ ցույց տալ Ջերմուկ այցելած դիվանագետներին:
Ճեպազրույցում ԳՇ պետը նրանց ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների, նրանց զինծառայողների վայրագությունների վրա: «Վայրագություններ են իրագործել մեր մարտական դիրքերում՝ մեր զինծառայողների, այդ թվում նույնիսկ կին զինծառայողների նկատմամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ նկարները, տեսանյութը բջջային հեռախոսում ունի, ըստ ցանկության կարող է ցուցադրել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին:
ԳՇ պետը զգուշացրեց, սակայն, որ այնտեղ կան այնպիսի վայրագություններ, որ մարդիկ նույնիսկ կարող է չկարողանան դիտել:
Դիվանագիտական ներկայացուցիչները խնդրեցին ներկայացնել, թե կոնկրետ ի՞նչ դաժանությունների են դիմել ադրբեջանական ուժերը: ԳՇ պետը խոստացավ ճեպազրույցի ավարտից հետո ցույց տալ ապացույց հանդիսացող տեսանյութը: «Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե ինչպես են նրանք մասնատել կին զինծառայողին, կտրել են ոտքերը, մատները, մերկացրել, վայրագության վերջին աստիճանն է»,-ասաց Ասրյանը:
ԳՇ պետը շեշտեց՝ ոչ մի պետության ռազմական ուժ, զորք, ստորաբաժանում, զինծառայող իրավունք չունի հակառակորդի նկատմամբ նմանատիպ վայրագրությունների դիմել: Դա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:
Պատերազմական հանցագործությունները, ըստ նրա, իրականացվել են հարձակման բոլոր ուղղություններով:
ԶՈՒ ԳՇ պետը վստահեցրեց, որ ԶՈՒ-ն կշարունակի հայրենիքի ռազմական անվտանգության ապահովման բոլոր միջոցառումների իրականացումը:
comment.count (0)