Հակառակորդի ռեզերվներ, ռեսուրսներ, պահեստուժեր արձանագրելու դեպքում մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ
17:28 - 16 սեպտեմբերի, 2022

Հակառակորդի ռեզերվներ, ռեսուրսներ, պահեստուժեր արձանագրելու դեպքում մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց, որ գերիների թվաքանակ չի կարող նշել, որովհետև ունեն հաշվառված կորուստներ, զոհեր, բայց այդ մարդիկ կարող են լինել կենդանի։

Հարցին, թե մտավախություն կա՞, որ ադրբեջանական կողմը կարող է մոտ օրերս հարձակվել, Ասրյանը պատասխանեց․ «Ոչ, ոչ մի մտավախություն չկա, մեր ստորաբաժանումները դիրքավորված են, զբաղեցրած են իրենց դիրքերը, հենակետերը, շրջանները և ադրբեջանական ԶՈՒ-ն այդ մխրճման գագաթից ոչ մի քայլ չեն կարող շարժվել։ Մեր ուժերը բավական են, և այս ուղղությամբ մենք, հակառակորդին համապատասխան կորուստներ պատճառելով, հետ կշպրտենք, եթե փորձեն նորից իրենց հարձակողական գործողությունները սկսել»։

ԳՇ պետն անդրադարձավ նաև սոցցանցերում տարածվող տեղեկություններին, թե կորած հայկական ստորաբաժանում կա․ «Մենք չունենք ամբողջական վաշտ, ստորաբաժանում՝ լինի դասակ, վաշտ, ջոկ, որ լինի կորած։ Մեր ստորաբաժանումների մարտական խնդիրների շրջանները գիտենք։ Ունենք անհատ զինծառայողներ, որոնց կարգավիճակը դեռևս որոշված չէ՝ զոհված են, թե նույնիսկ կենդանի են վիրավոր վիճակում, որովհետև հակառակորդի մխրճման արդյունքում ստեղծվում են նաև այդպիսի պայմաններ»։

Ի պատասխան այն դիտարկմանը, որ փորձագետները ասում են՝ այս դադարը պայմանավորված է նրանով, որ հակառակորդը ավելի լայնածավալ հարձակման է պատրաստվում, Ասրյանը պատասխանեց․ «Մենք հետախուզում ենք, և հակառակորդի նման ռեզերվներ, ռեսուրսներ, պահեստուժեր արձանագրելու դեպքում մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել