Գնել Սանոսյանն այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, ծանոթացել Ադրբեջանի հասցրած վնասներին
18:24 - 16 սեպտեմբերի, 2022

Գնել Սանոսյանն այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, ծանոթացել Ադրբեջանի հասցրած վնասներին

Հ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ և այսօր այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր։
 
Նախարարությունից հայտնում են, որ Սանոսյանը տեղում ծանոթացել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին, հանդիպել է մարզպետներին, համայնքապետերին։ Տեղում քննարկվել են ստեղծված վիճակը, անելիքները և այլ կազմակերպչական հարցեր։ Քննարկվել են հրետակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքները հնարավորինս արագ վերականգնելու վերաբերյալ հարցեր։
 
 
 
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հրետակոծության արդյունքում ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերիի տարբեր համայնքներում նախնական տվյալներով վնասվել է 192 բնակելի տուն, որից մոտ 60-ը վնասվել են գրեթե ամբողջությամբ, 3 բնակավայրում (Սոթք, Կութ և ք․ Ջերմուկ) վնասվել են վարչական շենքեր և ենթակառուցվածքներ, վնասվել են օժանդակ կառույցներ, հրդեհվել է 40 հա խոտհարք, 10 հա գարու և 70 հա ցորենի արտեր։ 7 բնակավայրում վնասվել է քաղաքացիների անձնական օգտագործման 3 մեքենա, 2 գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև շտապօգնության 2 մեքենա։
 
 
 
Սիսիան, Կապան, Տեղ, Վարդենիս համայնքներում վնասվել են էլեկտրամատակարարման գծերը, Վաղատուր բնակավայրը սպասարկող գազատարը։ Վնասվել են նաև Ջերմուկ համայնքի 3 հյուրատուն, 1 առողջարան, ճոպանուղի։ Կեչուտի ջրամբարի մեջ 2 արկ է ընկել, սակայն վնաս չի հասցրել։
 
Առկա են բազմաթիվ այլ վնասներ, որոնք այս պահին գույքագրվում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել