Ասֆալտե ճանապարհը փոխվում է քարքարոտի Սոթք գյուղ թեքվելուն պես։ Ձայն-ձուն չկա, միայն ծառերի սվսվոց։ Ու անաղմուկ շրջող մի շուն, ու փլված տանիքներ, ու կողպված դռներ, ու ապակու կտորներ, ու արկերի բեկորներ անթիվ։
Հեռվում՝ մեկ ու մեջ երեւացող մարդիկ, մեկը՝ լուռ հենված պատին, մեկը՝ նստած աստիճաններին այն տան, որ դեռ մի քանի օր առաջ կանգուն պատեր ուներ, մաքուր լվացած լուսամուտներ, որոնցից բացվում էր տեսարան՝ դեպի ծաղիկներով այգին։ Բայց մի քանի օր առաջ, երբ, հիշում եմ, լիալուսին էր, ու լիալուսին էր երեւի նաեւ թշնամու մի հրետանավորի գլխավերեւում, որոշվում է, որ իրենց քնին պատրաստվող խաղաղ մարդկանց տների տանիքներին, ցանած այգիներում, գյուղամիջում, եւ ամենուր, ամենուր, ամենուր պիտի արկեր կախվեն։
Սոթքը Գեղարքունիքի մարզի սահմանային այն բնակավայրերից է, որ հակառակորդը հրետակոծել է անխնա։ Այստեղ շրջելիս աջ ու ձախ ամեն քայլի պատահում են պատերազմի հետքեր ունեցող շինություններ, եւ ոչ միայն տներ։ Մինչեւ տներին դառնալը՝ Գեղամասարի համայնքապետարանն էլ, որ Սոթք գյուղում է, թիրախավորվել է, վնասվել․ արտաքին պատերին բեկորների հետքեր են, խարխլված դռներ, միջանցքներում, բակում՝ ապակու կտորներ։
Համայնքապետարանի շենքի մոտ է Սոթքի վարչական ղեկավարը՝ Սեւակ Խաչատրյանը, որ անընդհատ շրջում է գյուղում։ Նա լավ հիշում է՝ գյուղի ուղղությամբ առաջին հարվածը եղել է գիշերը՝ ժամը 00:05, հետո հասկացել են՝ «մի բան էն չի», ու սկսվել է ինտենսիվ հրետակոծությունը՝ ըստ էության չդադարելով այդ գիշեր ու հաջորդ օրերին։
«Բնակիչներից ով մեքենա ուներ՝ դուրս եկավ, հետ եկավ, մյուսներին տարավ, արդեն չորսի կողմերը բնակիչների մեծ մասը տարհանված էր»,- պատմում է վարչական ղեկավարը։
Նրա հայտնած տվյալներով՝ Սոթքը մոտ հազար բնակիչ ունի։ Թեեւ հիմա տարհանվել են մեծ մասը, գյուղում միայն տղամարդիկ են, որ գալիս են իրենց կենդանիներին կերակրելու, նորից հետ են գնում ժամանակավոր կեցավայրեր, մեկը՝ Վարդենիս, մեկը՝ Մարտունի, այդպես, մի խոսքով՝ հարակից բնակավայրեր։ Բայց Խաչատրյանն ասում է՝ արդեն ընտանիքներ կան, որ գյուղում են գիշերում։ Ինքն ու իր ծնողներն էլ են գյուղում մնում։ Այս պահին գյուղում հոսանք չկա, բայց, ասում է, շուտով կկարգավորվի լույսի, գազի հարցը։
Վարչական ղեկավարը նշում է նաեւ, որ հակառակորդը գյուղի ուղղությամբ առաջ չի եկել, եւ մերոնք, եւ նրանք նույն դիրքերում են։ Իսկ հրադադարից հետո կրակողներ, նրա խոսքով, չեն եղել։
Իր մեքենայի մոտ շտապող Ռաֆիկ պապն է հանդիպում, հասցնում եմ մի երկու հարց տալ (դժվար է այս ամենի միջով անցնող մարդկանց հարցեր տալը)։ Պատմում է՝ միայն տասնմեկ արկ իր տան մոտ է պայթել․ «Տունն լրիվ ցխուկ ա, տասնմեկ ական մինակ իմ տան մոտն ա։ Հիմա ռուսներն են ընդեղ»,- ասում է նա ու նստում մեքենան։ Ռաֆիկը հասցրել է երեխաներին հանել գյուղից, բարեբախտաբար, չեն վիրավորվել։
Ռաֆիկ պապը
Գյուղի բնակիչներից Անդրանիկ Սիմոնյանն էլ ընտանիքին հանել է գիշերը, ինքը՝ մնացել։ Անդրանիկը 44-օրյա պատերազմին էլ է մասնակցել, հիմա իր աչքին նախորդ օրերին տեղի ունեցածը, իհարկե, ցավալի, բայց երեւի այլեւս սարսափելի չի թվում։ Կողքից հարցնում են՝ վիրավորվել ես, չէ՞, էն օրը, աչքերը ներքեւ հառած ասում է՝ չէ՜, բայց մյուսներն ասում են՝ վիրավորվել է։
Անդրանիկը
Համագյուղացի Մելքումյան Վանոն էլ է միանում զրույցին։ Հարցնում եմ՝ ի՞նչ պատկերացնում ունի, ո՞նց է լուծվելու այս ծանր խնդիրը, պատասխանում է․ «Է՜, սաղ գյուղն էլ էտի ա ուզում իմանա, թե ոնց կլինի։ Ստեղ մեզ գերեզմանոց ունենք, բան ունենք, մեր հողն ու ջուրն ա, չենք ուզում գնալ, սաղ էլ էդ հարցի պատասխանն են ուզում իմանալ։ Բարդ, բարդ դրություն ա»։ Անդրանիկն էլ շարունակում է՝ «գոնե պետությունը աջակցի, որի տունը քանդված ա, ինչա, ինչ չափով ա, օգնեն, այ էտի, որ անեն․․․»։
Հետո Վանոն ուղեկցում է իր համագյուղացիների, հարազատների տների մոտ, որ վնասվել ու ավերվել են հրետակոծությունից։ Մինչեւ տներին հասնելը՝ հերթով ցույց է տալիս արկերի հետքերը, մեկից այգում փոս է առաջացել, մեկի բեկորից մետաղե հաստ ձողը կոտրվել է, մի տեղ պատ է քանդվել․․․
Փշրված, հալից ընկած «շուշաբանդն» եմ նկարում, ու հետո եմ նկատում դրա մոտ բակի աստիճաններին նստած ամուսիններին։ Լուռ նստած են, ոչինչ չեն խոսում։ Մոտենում եմ՝ վախենալով խանգարել նրանց անձայն ցավը։ «Կպատմե՞ք, ո՞նց եղավ,- համարձակվում եմ հարցնել,- դուք տա՞նն էիք»։
Ամուսինը՝ Էմիլը, կարճ պատասխանում է՝ «բա ի՞նչ էինք»։ Մելինեն էլ գլխահակ ասում է՝ լավ է՝ չեն վիրավորվել, հասցրել են դուրս գալ։
Մելինեն
Սպասելիքներից եմ հարցնում, Էմիլն ասում է՝ առաջին հերթին թող մեր զոհերի դիերը տան, թող էլ մարդ չզոհվի, իսկ քանդված տները սարքվող են, չսարքվեն էլ՝ «էլի ջայնման, կարեւորը մեր տղերքի կյանքերն են»։
Էմիլը
Էմիլենց տան կողքին էլ Վալերի Պողոսյանի տունն է։ Արկն ընկել է տան մեջ, տունը հալից ընկել է․ «Ձենը լսեցի, ասի՝ հելեք, պատերազմ ա, դուրս եկանք։ Մամային, կնոջս ասեցի՝ սպասեք, ես վազելով քինյամ, ավտոն բերեմ, վազելով գնացի, ավտոն բերի, մտանք ավտոն, գնացինք»,- պատմում է Վալերին՝ կանգնած ավերակների մեջ, կողքին մայրը՝ տիկին Գրետան, որի շունչն էլ չի հերքում այդտեղ ու թողնում, դուրս է գալիս սենյակից, որ էլ նման չէ սենյակի։
Վալերին
Սոթքից տպավորությունները ծանր են։ Ծառերին հասել են խնձորները, բակերում շները խելոք ու միայնակ նստած են, ու մարդիկ չկան, խաղացող երեխաներ չկան, այգի մշակող մեծեր չկան։
Բայց դառնացած այդ օդում երեւի ամեն խոցված տան անկյունում կա հույս, որ գալու են՝ դռներից հանեն կողպեքները, նոր ապակի գցեն լուսամուտին, լվանան շորերը, մաքրեն հատակը, ջրեն ծաղիկները, կեր տան շներին, ավլեն բակը, նայեն երկնքին, զարմանան կապույտից, երեխաներին սովորեցնեն անունները համաստեղությունների, երկրների տեղերը՝ քարտեզի վրա՝ չմտահոգվելով, որ մեր տեղը գուցե չգիտեն աշխարհի մի այլ ծայրում, հետո սարքեն խնձորի չիր, լցնեն երեխաների բռերի մեջ, որ ծամծմեն դպրոցի ճամփին, մի խոսքով՝ ապրեն։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)