Մենք սպասում ենք նոր ագրեսիայի․ Էդմոն Մարուքյան
09:43 - 17 սեպտեմբերի, 2022

Մենք սպասում ենք նոր ագրեսիայի․ Էդմոն Մարուքյան

Չի ավարտվել այս ամենը․ մենք սպասում ենք նոր ագրեսիայի։ Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում ասաց Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ 

«Բնականաբար, դիվանագիտական աշխատանքը տարվում է ՄԱԿ, ԵՄ, ԱՄՆ հետ, ՌԴ, Ֆրանսիայի հետ, մյուս կողմից՝ հողի վրա կանգնած՝ զինվորականությունը, զինվորը հայրենիքի պաշտպանության համար է պայքարում»,- նշեց Մարուքյանը։ 

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ մինչև Ադրբեջանի հարձակումն էլ են միջազգային հանրությանը տեղեկացրել հնարավոր հարձակման մասին․ «միջազգային ամբողջ հանրությանը տեղեկացրել ենք, որ հեսա մեր վրա հարձակվելու է, մենք չենք կրակում, և իրենք հիմա հարձակվելու են։ Եվ դա տեղի է ունեցել։ Այսինքն՝ գոնե էս անգամ շատ լավ կարողացել ենք գոնե էդ մասով գործ անել, պատրաստել միջազգային հանրությանը»։

Մարուքյանը նշում է՝ երկրներն ունեն երկկողմանի շահեր, օրինակ՝ ՄԱԿ ԱԽ անդամ որոշ երկրներ։

«Ոչ բոլորն են, չէ՞, միանշանակ ասում, որ սա ագրեսիա է, ոչ բոլորն են ասում, որ Հայաստանի տարածք են ներխուժել․ մի մասը գտնում է, որ սահմանը դելիմիտացված չէ, մյուս մասը գտնում է, որ սա ինչ-որ սահմանային կրակոցներ են։ Բայց մեր մոտեցումը հետևյալն է, որ սա ներխուժում է ՀՀ տարածք և օկուպացիա»,- նշեց Մարուքյանը։ 

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը նշեց․ «Մենք մի հատ պրոբլեմ ունենք․ մենք 44-օրյա պատերազմը ուզում ենք համեմատել էս պատերազմի հետ։ ․․․․ Էնտեղ այլ նարատիվներ են գործել, այլ հարցեր են եղել, էնտեղ եղել են երկարատև բանակցություններ զիջումների վերաբերյալ, տարածքներ զիջելու վերաբերյալ, և դրա մասին էր խոսքը, որ միգուցե կարող էինք խաղաղ բանակցություններով շրջանները զիջել և խաղաղություն ստանալ։ ․․․․ Էս հարցը, ինչ որ հիմա տեղի է ունենում, որևէ պարալել չի կարելի բերել, որովհետև հիմա խոսքը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին է։ Եվ հիմա վարչապետին քննադատում են, որ թե ինչի է պառլամենտում ասել 29 800 քառ․ կմ»։ 

Լրագրողի այն դիտարկմանը, թե Արցախը դուրս հանելով է ասել, Մարուքյանը պատասխանեց․ «Իսկ Արցախը Հայաստանի մա՞ս է, որ վարչապետը դուրս է հանել։ Ուզում են ՀՀ սուվերեն տարածքի նարատիվը փչացնե՞ն ու էդ 29 800 քառ կմ էլ չունենա՞ն։ ․․․․ Կարմիր գիծը Արցախի մասով քաշել է Հայաստանը՝ անվտանգության երաշխիքներ ժողովրդի համար։ Էս կարմիր գծերը վարչապետը քաշում էր Հայաստանի վերաբերյալ»։

Անդրադառնալով ՀԱՊԿ  Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի այն հայտարարությանը, թե Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին դեռ խոսք չկա, Մարուքյանը նշեց․ «Ադրբեջանը չի զարմանում էդ հայտարարություններից․ իրենք անգիր գիտեն, որ ՀԱՊԿ-ում իրենք ավելի շատ դաշնակիցներ ունեն, քան ՀՀ-ը»։

Ի պատասխան լրագրողի հարցի, որ ՌԴ-ը և Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ նիստում ռազմական ագրեսիայի համատեքստում խոսել են դեմարկացիայից, Էդմոն Մարուքյանը ասաց․ «Բոլոր էն երկրները, որոնք ասում են, որ դեմարկացիայի խնդիր է, փորձում են լեգիտիմացնել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել