Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Բաքվի՝ «հայկական կողմի սադրանքը կանխելու օպերացիան» ավարտելու վերաբերյալ հայտարարությունների մասին և պնդել՝ Ալիևն իրենց փոխանցել է, որ «Ադրբեջանի իրենց եղբայրներն ապահովել են իրենց անվտանգությունը»։
Այս հայտարարությունն, ինչպես փոխանցում է Anadolu գործակալությունը, Էրդողնն արել է Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցում։ Լրագրողները հարց են ուղղել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին, ինչին ի պատասխան Էրդողանը հիշեցրել է Բաքվի հայտարարությունները՝ «հայկական կողմի սադրանքը կանխելու օպերացիան» ավարտելու մասին։
«Հաշվի առնելով օպերացիայի ավարտը՝ կարծում եմ՝ այս պահին չարժե ուռճացնել թեման։ Իլհամ Ալիևի՝ ինձ տրամադրած տեղեկության համաձայն՝ Ադրբեջանում մեր եղբայրներն ապահովել են իրենց անվտանգությունը։ Այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանը դադարեցնի Ադրբեջանի դեմ սադրանքները և հավատարիմ մնա իր պարտավորություններին։ Երևանը պետք է ձգտի խաղաղության և համագործակցության։ Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացների հաջող ավարտի օգտին, ինչը կապահովի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն [Հարավային Կովկասում]»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա՝ օկուպացնելով հայկակակն տարածքներ և թիրախավորելու քաղաքացիական ենթաակռուցվածքներ։
comment.count (0)