ՀԱՊԿ-ը «սուրը դեռ չի հանել պատյանից» և փորձում է խաղաղ ճանապարհով լուծել Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի սահմաններին լարվածության սրումը։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, լրագրողներին հայտնել է Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի ղեկավար Անատոլի Սիդորովը։
Վերջինիս խոսքով ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ տաջիկ-ղրղզական սահմանային գոտում ՀԱՊԿ համար տհաճ իրավիճակ է ստեղծվել։
«Միևնույն ժամանակ, և՛ մեր կանոնադրության մեջ, և՛ փաստաթղթերում, և՛ հենց Հավաքական անվտանգության պայմանագրում գրված է, որ առաջնահերթությունը տրվում է քաղաքական և դիվանագիտական մեթոդներին։ Հետևաբար մենք առայժմ ոչ մի «սուր չենք հանում պատյանից» և փորձում ենք հնարավորինս խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները: Կարծում եմ, որ այս ուղղությամբ աշխատանքը մեծ հեռանկարներ ունի և՛ այստեղ, և՛ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում»,- ընդգծել է նա։
«Այսօրվա հիմնական խնդիրն էր այցելել այն տարածքներ, վայրեր, որտեղ բախումներ են տեղի ունեցել՝ տեղանք, բնակավայրեր, հայկական կողմի ստորաբաժանումների դիրքեր, որոնք ենթարկվել են կրակային խոցման... Մենք փորձում ենք լինել հնարավորինս օբյեկտիվ, այդ պատճառով էլ կաշխատենք փաստերի հիման վրա։ Դեռևս վաղ է որևէ եզրակացության մասին խոսելը, և ընդհանուր առմամբ, դա կներառվի աշխատանքի արդյունքների վերաբերյալ ընդհանուր զեկույցում»,- ասել է Սիդորովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱՊԿ առաքելության խումբը՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մի քանի հատվածներում։
comment.count (0)