Ալեն Սիմոնյանը և Նենսի Փելոսին քննարկել են Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր
12:10 - 18 սեպտեմբերի, 2022

Ալեն Սիմոնյանը և Նենսի Փելոսին քննարկել են Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդել է Սիմոնյան-Փելոսի առանձնազրույցը: Զրուցակիցներն այնուհետև միացել են ընդլայնված կազմով քննարկմանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում:

«Հարգելի՛ բարեկամ, Ձեր այցը Հայաստան տեղի է ունենում մեր երկրի համար ծանրագույն շրջանում, և այն այս առումով առավել գնահատելի է: Ինչպես գիտեք, սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել: Ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլև բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ցավոք, զոհեր ունենք»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Նա շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք  բերված փխրուն զինադադարի համաձայնության համար, ինչպես նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի իշխանությանը, այդ թվում՝ բազմաթիվ կոնգրեսականների՝ վերջին զարգացումներին հասցեական գնահատական տալու համար:

Կողմերը քննարկել են Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր՝ ներառելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հետագա գործընթացներին վերաբերող մանրամասներ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հետագա միջխորհրդարանական համագործակցության նախագծերին: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահը հանդես են եկել հայտարարությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը նշել է. «Երբ մենք որևէ երկիր ենք գնում, մեզ համար կարևոր է անվտանգությունը: Չգիտեինք, որ մեր այցը կհամընկնի ռազմական գործողություններին հաջորդող օրերին: ԱՄՆ-ում հպարտանում ենք, որ շրջապատված ենք հայրենասեր հայերով, որոնք նաև մեր քաղաքացիներն են: Նրանք մեր ուժն են, մեր ամբողջության կարևոր բաղադրիչը»,- ասել է Նենսի Փելոսին:

Հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը և Նենսի Փելոսին հանդես կգան լրատվամիջոցների համար հայտարարությամբ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել