Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել էին Ծիծառնակաբերդ, իսկ դրանից հետո ունեցել էին հանդիպում, որի ընթացքում քննարկվել էր տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Նրանք հանդես եկան նաև համատեղ ասուլիսով, որի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել ՀՀ ԱԺ նախագահին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակին։
«Հանրային հեռուստաընկերության» այն հարցին, թե ինչպիսի՞ն է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը՝ Ադրբեջանի նպատակի մասին, որը Հայաստանի տարածքով միջանցք ստանալն է, Փելոսին պատասխանեց․
«Ինչպես տեսաք՝ ԱՄՆ-ի անմիջական արձագանքն այն էր՝ դադարեցնել բռնությունները եւ հրադադար հաստատել, եւ մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել [ագրեսիան](.խմբ), մենք ընդունել ենք»։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիերն էլ իր հերթին շեշտեց, որ շարունակելու են աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ դեմ են լինելու Հայաստանի սահմանների որեւէ փոփոխության։
«Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձեւ է առաջ քաշել, որի համահեղինակը բոլորս ենք՝ այստեղ ներկաներս, մենք դրանով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները, եւ ես հուսով ենք, որ մենք առաջ կշարժվենք այդ բանաձեւով»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանին նույնպես հարց ուղղվեց, թե վերջին իրադարձությունների համատեքստում ի՞նչ ակնկալիքներ ունի ՀՀ-ն ԱՄՆ-ից։
ՀՀ ԱԺ խոսնակը նշեց, որ Հայաստանը սպասում է ժողովրդավարության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ աջակցություն՝ բոլոր ու հնարավոր ուղղություններով։
«Եւս մեկ անգամ ուզում եմ խնդրել եւ հորդորել՝ դուրս բերել խոսակցության միջից միջանցք արտահայտությունը։ ՀՀ ստորագրած կամ քննարկած փաստաթղթերի մեջ կա մի միջանցք ւե դա Լաչինի միջանցքն է։ Մնացած բոլոր հիշատակումները դրանք կամ սակարկումներ են կամ թյուրըմբռնում այն քննարկումներին, որոնք կան, եւ չեմ կարծում, որ ճիշտ է՝ մենք այդ քննարկումներին ուժ տանք», - հավելեց Սիմոնյանը։
comment.count (0)