Ազատության հրապարակից մեկնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով բողոքի ակցիա։ Ակցիայի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն իր ելույթում ասաց, որ ակցիային ներկաները իջեցնեն բոլոր դրոշները՝ բացի ՀՀ դրոշից։խ.
«Մենք այստեղ ենք մեր օրակարգով, մեր երկրի համար այս ճակատագրական, օրհասական ժամին՝ ի լուր աշխարհի, ի տես աշխարհի ապացուցելու, որ Հայաստանի քաղաքացին տեր է իր երկրին, տեր է այն ընտրությանը, որը ինքը կատարել է և այն ոտնձգությունը, որը կատարվել է իր երկրի նկատմամբ և որի թիրախը մեր երկրի սուվերենն է, մեր երկրի ժողովուրդն է, որևէ պարագայում չի կարող մեզ համար ընդունելի լինել»։
Բաբաջանյանն անդրադարձ կատարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարությանը՝ նշելով, որ ըստ էության նա առաջարկել է, որպեսզի Հայաստանը ներկայացնի այն կարիքները, որը ունի՝ պաշտպանելու երկրի սուվերենը, երկրի ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և տարածքային ամբողջականությունը.
«Այս առաջարկը հակոտնյա է՝ մեր անդամակցությանը ՀԱՊԿ-ի մեջ։ Մենք չենք կարող գտնվել ՀԱՊԿ՝ այսպես կոչված ռազմաքաղաքական դաշինքում, և նույնիսկ սկսել որևէ քննարկում ԱՄՆ-ի հետ։ Այն կարիքների շուրջ, այն անվտանգային կարիքների շուրջ, որը այս պահին օրհասական կարևորություն ունի, հետևաբար չափազանց կարևոր է, որպեսզի մենք գնահատենք այն ռիսկերը, որոնք առկա են երկու պարագայում էլ՝ ՀԱՊԿ-ում մնալու և դուրս գալու, երկու պարագաները կշռել և կայացնել ճշգրիտ որոշում»,- ասաց Բաբաջանյանը՝ համոզմունք հայտնելով, որ վերջին իրադարձությունները այլևս որևէ կասկած չեն թողել, որ Հայաստանը ժամ առաջ պետք է հայտարարի, որ կասեցնում է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։
«Հայաստանը չի կարող պատանդառված մնալ ռուս- թուրք-ադրբեջանական այն համաձայնությանը, որի նպատակը ոչ թե ՀՀ տարածքն է, ոչ թե սահմանային այս կամ այն տարածքն է, այլ Հայաստանի պետականությունն է, Հայաստանի ժողովուրդն է, Հայաստանի սուվերենն է»,- շեշտեց Բաբաջանյանը՝ շարունակելով.
«Դուք չեք պատկերացնում, թե ինչ սպասումներ ունեն մեր հայրենակիցները ՀՀ սահմանային բնակավայրերւմ։ Սահմանաին ապրող հայրենակիցները, որոնք սպասում էին այսօրվա կարևոր իրադարձություններին և հատկապես սպասում էին այս հավաքին և այս հավաքի արդյունքում ամփոփվող այն հանրագումարին, այն պահանջին, որը բոլորս կիրականացնենք։ Սյունքիում, Վայոց ձորում, Գեղարքունիքում մարդիկ իրենց աչքի առաջ տեսել են, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չի կատարում իր առջև դրված կարևորագույն պարտականությունները։ Չի կատարում այն պարտականությունները, որը նա ստանձնել է 1997 թվականի «Բարեկամության և փոխօգնության» պայմանագրի դրույթներով։ Գնացեք կարդացեք 2022 թվականի փետրվարի 22-ին ՌԴ-ի և Ադրբեջանի մինչև ձեռք բերված, ստորագրված պայմանագիրը՝ ռազմավարական գործընկերության մասին։
Այդ պայմանագիրը «Շուշիի հռչակագրից» բխող համաձայնություն է ՀՀ-ն ոչնչացնելու մասին»,- հայտարարեց նա՝ նշելով, որ չենք կարող գտնվել մի ռազմավարական դաշինքում, որտեղ մենք դաշնակից չունենք, որտեղ մինչև հիմա գտնվում էինք, որովհետև Ռուսաստանն էր մեր դաշնակիցը, բայց հիմա համոզվել ենք, որ Ռուսաստանը ոչ միայն չի կատարում իր պարտականությունները, այլև հարձակումից ժամեր առաջ ազատում է այն հենակետերը, որոնք վերապահվել էին իրենց՝ պաշտպանության համար.
«Կա՛մ Ռուսաստանը վերանայում է իր պարտականությունները՝ Հայաստանի առջև, որոնք պայմանագրի դրույթների համաձայն պարտավորվում է կատարել, կա՛մ Հայաստանը գնում է այն ճանապարհով, որը այս հավաքը և վստահ եմ, որ շատ ավելի մեծ զանգվածներ պահանջում են ՀՀ իշխանություններից; Այսօր Ռուսաստանը Հայաստանի առջև դրել է երկու ընտրություն՝ կա՛մ Ուկրաինա, կա՛մ Բելառուս։ Մենք այստեղ ենք՝ մերժելու ՌԴ որևէ առաջարկ և ցույց տալու, որ Հայաստանը ունի արժանապատիվ ճանապարհ՝ լուծելու իր անվտանգության կարիքները և պետքերը։ Այս շարժումը պետք է լինի համազգային, մենք պետք է խոնարհենք մեր բոլոր կուսակցական դրոշները և բարձրացնենք միայն ՀՀ դրոշը։ Այս շարժմանը պետք է միանան բոլորը ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում։ Արցախը պետք է իմանա, որ իր գոյությունը կախված է հզոր և բարգավաճ Հայաստանից։ Հայաստանը կարող է տնտեսապես, ռազմական առումով պաշտպանված լինի, եթե այս պահին կատարի այն վճռական քայլերը, որոնք պահանջվում է ՀՀ իշխանությունից։ Չկա Արցախը հայկական պահելու այլ ճանապարհ, քան այսօր, այստեղ Հայաստանի հզորության, հարատևության համար որոշում կայացնելը և դրանք տեր կանգնելը։ Մենք պետք է այստեղ երդվենք, որ ինչ սադրանքի ենթարկեն այս շարժումը պետք է աներեր և անսասան մնա մեր մտադրության և մեր պայքարի մեջ։ Նրանք, ովքեր կոտնձգեն ժողովրդի իշխանության դեմ, ովքեր կփորձեն ներքաղաքական սադրանքներ, մանիպուլյացիաներ իրականացնել՝ խաղալով մեր ժողովդրի նյարդերի զգացումների հետ, մենք պետք է փորձենք նրանց արժանի պատասխան տալ։ Կեցցեք ազատ, անկախ և հարատև Հայաստանը։
Եզրափակելով ելույթը՝ Բաբաջանյանը հայտարարեց.
«Փառք այն հզոր տղերքին, որոնք իրենց կյանքը նվիրաբերեցին մեր երկրի ինքնիշխանության, ժողովրդավարության, պետականության համար։ Փառք նրանք, ովքեր հիմա կանգնած են սահմանին և իրենց ներկայությամբ, ուժով, նպատակասլացությամբ պաշտպանում են մեզ, մեր երկրի սուվերենությունը, հայ ժողովրդի և Հայաստանի հարատևությունը»։
comment.count (0)