Զինված ուժերին ու տեղահանվածներին աջակցող ի՞նչ նախաձեռնություններով են հանդես եկել քաղաքացիները
17:47 - 20 սեպտեմբերի, 2022

Զինված ուժերին ու տեղահանվածներին աջակցող ի՞նչ նախաձեռնություններով են հանդես եկել քաղաքացիները

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի հարձակումից հետո մի շարք անձինք և կազմակերպություններ հանդես եկան տարբեր նախաձեռնություններով, որոնք նպատակ ունեն աջակցել Զինված ուժերին և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված անձանց։  Infocom-ը մի տեղում է հավաքել այս պահին առկա նախաձեռնությունները․ այս շարքը կարող է թարմացվել։

Առաջնագծի համար

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի ղեկավար Դավիթ Թորոսյանը  դրամահավաք է սկսել՝ հետախուզական նպատակների համար կիրառվող անօդաչու թռչող սարք գնելու համար։ Անհրաժեշտ գումարն արդեն հավաքվել է։

Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր էլ հայտարարել են անվադողեր հավաքելու մասին [1,2], որոշներն էլ նշել են, որ անվադողերը տեղափոխելու համար կամավորների, վարորդի, ինչպես նաև բեռնատարների անհրաժեշտություն կա [1, 2, 3]։ Որոշ նախաձեռնություններ ուղղված են վրաններ, բահեր, քլունգներ, մուրճեր և առաջնագծում անհրաժեշտ այլ պարագաներ հավաքելուն [1, 2, 3

Առաջին անհրաժեշտության իրեր

«Հայոց հզոր բանակ» ծրագիրը ռազմական գործողության առաջին օրը հայտարարեց, որ զբաղվում է առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերմամբ և տեղափոխմամբ։ Ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, թե ինչպես է հնարավոր փոխանցումներ կատարել։

Ֆեյսբուքյան օգտատերերը նաև մի շարք գրառումներ են կատարել քնապարկերի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաներ հավաքելու մասին․ որոշ դեպքերում այդ պարագաները հավաքում են, որոշ դեպքերում դրամահավաք են կազմակերպում դրանց ձեռբերման համար [1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10]:

«300 կիլոմետր բարություն» բարեգործական նախաձեռնության հիմնադիր Մարգարիա Շարիմանյանը հայտնել է դիրքերից մեկի ժամկետային զինծառայողներին անձնական հիգիենայի պարագաների, դեղորայքի եւ մի շարք այլ պարագաների հավաքման մասին։

Կան նաև անհատական նախաձեռնություններ, որոնք կարում են քնապարկեր, քողարկող ցանցեր, ինչի համար հայտարարում են կամավորների անհրաժեշտության մասին [1, 2, 3

Կրթական և հոգեբանական աջակցություն

Քանի որ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի որոշ դպրոցներում ժամանակավոր արձակուրդ էր հայտարարվել, որոշ նախաձեռնություններ էլ ուղղված էին երեխաների համար կրթական պրոցեսի ապահովմանը [1,2

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը երեկ հայտարարել էր, որ Ադրբեջանի թիրախում հայտնված որոշ բնակավայրերում դպրոցները կվերաբացվեն, որոշ դպրոցներ էլ դեռևս կաշխատեն հեռավար ուսուցման տարբերակով։

Կան նաև կազմակերպություններ, որոնք քաղաքացիներին հոգեբանական աջակցություն տրամադրելու նախաձեռնություններով են հանդես եկել [1, 2

 

Լուսանկարը՝ Ինֆոքոմի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել