Ըստ Շոյգուի՝ Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմից ի վեր  ունի 5 937 զոհ
12:28 - 21 սեպտեմբերի, 2022

Ըստ Շոյգուի՝ Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմից ի վեր ունի 5 937 զոհ

Մենք ունենք մոբիլիզացիոն հսկայական ռեսուրս։ Այս մասին հայտարարեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ անդրադառնալով Կրեմլի որոշմանը՝ երկրում մասնակի զորահավաք հայտարարելու վերաբերյալ։

Նա նշեց, որ մոտ 25 միլիոն են նրանք, ովքեր ծառայել են, ունեն մարտական ​​փորձ, զինվորական մասնագիտություն․ «Սա մասնակի մոբիլիզացիա է՝ 1 տոկոս, մի ​​քիչ ավելի... 300 հազար պահեստազորայինի մասին է խոսքը, որոնք զորակոչվելու են»։

Շոյգուն հավելեց, որ ուսանողների մոբիլիզացիայի մասին խոսք չկա եւ ոչ մի պարագայում չի լինելու։ Նաև զորահավաքի և հատուկ գործողության գոտի ուղղորդման ենթակա չեն նրանք, ովքեր ներկայումս ծառայում են զորակոչով։

Նա նշեց, որ մոբիլիզացիայի ենթակա չեն մարդիկ, որոնք երբեք չեն տեսել կամ լսել բանակի մասին․ «Ենթակա են նրանք, ովքեր ծառայել են, ունեն զինվորական մասնագիտություն, այսինքն՝ այն մասնագիտությունը, որն այսօր անհրաժեշտ է զինված ուժերում, ունեն մարտական ​​փորձ»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաև ասաց, որ Կիևում է փաստացի գտնվում Արևմտյան 150 ռազմական մասնագետներից բաղկացած հրամանատարություն։

«Վերջին խումբը, որը ժամանել է՝ և՛ նախկին զինվորականներ, և՛ ներկա զինվորականներ, 150 հոգի են: Սա իրականում ամբողջ հրամանատարությունն է: Կիևում է Արևմուտքի հրամանատարությունը, որը ղեկավարում է այս բոլոր գործերը, գործողությունները»։

Խոսելով կորուստների մասին՝ Շոյգուն հայտարարեց, որ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» ընթացքում (Ռուսաստանի՝ Ուկրաինայում սկսած պատերազմը ՌԴ-ն այսպես է անվանում) Ռուսաստանը ունի 5 937 զոհ։

Նա ներկայացրեց նաև ուկրաինական կողմի կորուստները․ «Սկզբնական փուլում Ուկրաինայի զինված ուժերը կազմել են 201-202 հազար մարդ։ Այս ընթացքում նրանք կորցրել են ավելի քան 100 հազարը՝ 61 207 զոհ, 49 368 վիրավոր»։

Ըստ ՌԴ ՊՆ ղեկավարի՝ «դաշնակից ուժերը լիկվիդացրել են ավելի քան երկու հազար վարձկանների, որոնք կռվում էին Ուկրաինայի կողմից»։ Նա նշեց, որ այժմ Ուկրաինայի զինված ուժերում մնացել են հազարից մի փոքր ավելի օտարերկրյա զինվորներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել