Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մանրամասները, կարևորել միջազգային հասցեական արձագանքը
09:30 - 22 սեպտեմբերի, 2022

Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մանրամասները, կարևորել միջազգային հասցեական արձագանքը

Սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ։

Ներկայացնելով սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի մանրամասները՝ Հայաստանի արտգործնախարարն առանձնահատուկ կարևորել է դրա հետևանքների վերացման և միջազգային հանրության կողմից ագրեսոր երկրին հասցեական և համարժեք արձագանքի, ադրբեջանական առավելապաշտական և ագրեսիվ քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը:

Ընդգծվել է նաև Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործություններին, մասնավորապես` կին զինծառայողների նկատմամբ իրականացված անմարդկային վերաբերմունքի դեպքերին, համապատասխան գնահատական տալու անհրաժեշտությունը։

Կողմերն անդրադարձ են կատարել հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ պատրաստակամություն հայտնելով գործուն քայլեր ձեռնարկել համագործակցության հետագա ընդլայնման և զարգացման ուղղությամբ։ Կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ոլորտում փոխգործակցության խորացումը։

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային հարթակներում համագործակցության, ՀՀ-ԵՄ գործընկերության վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել