Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից, փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԶԾ օժանակությամբ իրականացվող թիրախային աջակցության և կարողությունների զարգացման ծրագրերը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների իրագործմանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը։
«Երկկողմ համագործակցության օրակարգի շրջանակներում կողմերը հատկապես կարևորել են քաղաքացիական ծառայության ոլորտում ընթացող և ծրագրվող բարեփոխումները, այդ թվում՝ հանրային կառավարման լայն բարեփոխումների համատեքստում։ Փոխվարչապետը կարևորել է քաղաքացիական ծառայության մասնագիտական ինստիտուցիոնալ գործունեությունը՝ բարձր գնահատելով այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը։
Նաթիա Նացվլիշվիլին կարևորել է ՄԱԶԾ՝ քաղաքացիական ծառայությունների ոլորտում կուտակած փորձառությունը՝ պատրաստակամություն հայտնելով ապահովել բարեփոխումների ներդաշնակ իրականացմանն ուղղված աջակցության շարունակականությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները՝ անդրադարձ կատարելով խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմանը։ Ըստ աղբյուրի՝ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչն, իր հերթին, մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ վերահաստատելով ՀՀ տուժած շրջաններին ուղղված աջակցության ընդլայնման պատրաստակամությունը։
comment.count (0)