Դատախազությունն ու ՔԿ-ն հրապարակում են տվյալներ, որոնց վերաբերյալ «վիճակագրություն չի վարվում»
21:52 - 27 սեպտեմբերի, 2022

Դատախազությունն ու ՔԿ-ն հրապարակում են տվյալներ, որոնց վերաբերյալ «վիճակագրություն չի վարվում»

ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ՀՀ քննչական կոմիտեն, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները,  մեկ ամսից ավելի է՝ չեն պատասխանում Infocom-ի գրավոր հարցմանը՝ այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ իրենք նախկինում բազմիցս խոսել են։

Այսպես․ հուլիսի 22-ին մենք գրավոր հարցմամբ դիմել էինք Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով տրամադրել ամփոփ տեղեկություններ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի եւ դրանց ընթացքի վերաբերյալ։ Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչ այդ օրը 44-օրյա պատերազմի առթիվ, դրա ընթացքում եւ դրա որեւէ դրվագին այս կամ այն կերպ առնչվող քանի քրեական գործ է հարուցվել, յուրաքանչյուրը՝ Քրեական օրենսգրքի որ հոդվածի հատկանիշներով, դրանցով ընդհանուր առմամբ քանի անձ է ճանաչվել տուժող եւ տուժողի իրավահաջորդ, քանի անձի նկատմամբ է իրականացվել եւ իրականացվում քրեական հետապնդում, եւ ինչ խափանման միջոցներ են ընտրված նրանց նկատմամբ։ Խնդրել էինք մանրամասնել նախաքննության փուլում գտնվող, կասեցված, կարճված, դատական քննության փուլում գտնվող եւ դատական քննությունն ավարտված գործերից յուրաքանչյուրի քանակը, կայացված դատավճիռների բնույթը, իսկ կասեցված կամ կարճված գործերի առկայության դեպքում՝ այդ որոշումների հիմքը։ Հարցեր էինք հղել նաեւ քրեական հետապնդման ենթարկվող անձանց ազգության, զբաղեցրած պաշտոնների, հետախուզման մեջ լինել-չլինելու, նշանակված փորձաքննությունների եւ այլնի մասին։

Հուլիսի 29-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանի կողմից հարցումը վերահասցեագրվել էր ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանին` հայցվող տեղեկությունը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված թույլատրելիության սահմաններում տրամադրելու համար։ Մինչդեռ ՔԿ հիշյալ վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը պատասխան նամակով տեղեկացրել էր, թե ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարցմամբ հայցվող տեղեկությունների վերաբերյալ վիճակագրություն չի վարվում։

Օգոստոսի 15-ին եւ 17-ին մենք լրացուցիչ հարցմամբ դիմել էինք համապատասխանաբար Քննչական կոմիտեին եւ  Գլխավոր դատախազությանը։

Մասնավորապես, ՔԿ-ից խնդրել էինք հայտնել՝ եթե հիշյալ վարչությունում հարցմամբ հայցվող վիճակագրություն չի վարվում, ապա ինչի հիման վրա է ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը 2020 թ. դեկտեմբեր ամսին հրապարակել 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ ՊՆ եւ ԱՀ ՊԲ զինծառայողների, քաղաքացիների կողմից կատարված առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի եւ մեղադրյալների վերաբերյալ ամփոփ տվյալներ։

Դրանից բացի, եթե հիշյալ  վարչությունում հարցմամբ հայցվող վիճակագրություն չի վարվում, ապա ինչի՞ հիման վրա է նույն վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը 2021 թ. մարտ, այնուհետեւ սեպտեմբեր ամիսներին, Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում խոսել նույնաբովանդակ հարցերի վերաբերյալ՝ հրապարակելով, օրինակ, պատերազմին առնչվող հանցագործությունների առթիվ հարուցված քրեական գործերի, որպես մեղադրյալ ներգրավված անձանց, այդ թվում՝ զինծառայողների եւ ահաբեկիչների մասին, հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչների թվաքանակը, նրանց ազգությունը, նրանց առաջադրված մեղադրանքները, տվյալ պահի դրությամբ կրած գույքային վնասի չափը եւ մի շարք այլ տեղեկություններ։ Ահաբեկիչների թեմային Վարդանյանն առանձին հարցազրույցով անդրադարձել է նաեւ «Կենտրոն» ՀԸ «Հանցանքի հետքերով» հաղորդաշարում։

Միեւնույն ժամանակ տեղեկացրել էինք, որ սույն թվականի հունիս ամսին էլ Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի՝ այդ ժամանակ ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանն է Հ1-ի եթերում խոսել նույնաբովանդակ թեմաներից՝ հրապարակելով հարուցված քրեական գործերի եւ մեղադրյալների առավել թարմ տվյալները, նրանց պաշտոնները, կոչումները եւ մի շարք այլ տեղեկություններ։ Հաշվի առնելով Քրեական դատավարության նախկին օրենսգրքի (1998 թ.) 201-րդ հոդվածի պահանջը՝ խնդրել էինք հայտնել՝ արդյո՞ք դատախազի կողմից նախնական քննության տվյալների հրապարակումը այդ ժամանակ եղել է վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ։ Իսկ այն դեպքում, եթե վիճակագրությունը նախկինում վարել, ապա դադարեցրել են, խնդրել էինք հայտնել նախկինում հավաքված վիճակագրության մեջ առկա՝ հարցմամբ հայցվող տեղեկությունները, ինչպես նաեւ պարզաբանել վիճակագրության վարումը դադարեցնելու պատճառները։

Նույնաբովանդակ հարցում ուղարկել էինք նաեւ Գլխավոր դատախազությանը՝ հայտնելով ՔԿ-ից ստացված այն պատասխանը, թե իրենք նման վիճակագրություն չեն վարում, եւ խնդրելով պարզաբանել, թե այդ պարագայում ինչի հիման վրա է Արշակ Մարտիրոսյանը խոսել նույնաբովանդակ թեմաներից, արդյոք դա եղել է վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ, եւ արդյոք վիճակագրությունը նախկինում վարվել, ապա դադարեցվել է։ Միաժամանակ խնդրել էինք պարզաբանել, թե ինչ պատճառաբանությամբ է տվյալ դեպքում որոշվել հարցումը վերահասցեագրել, այլ ոչ թե տրամադրել Դատախազության՝ որպես հսկողություն իրականացնող մարմնի պաշտոնական պատասխանը։

Օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը լրանալուց հետո ո՛չ ՔԿ-ից, ո՛չ Դատախազությունից պատասխան չէինք ստացել։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրել էր, որ Ռաֆայել Վարդանյանը մինչ սեպտեմբերի 1-ը գտնվելու է արձակուրդում, որից հետո՝ մեկամսյա ժամկետի ավարտից շուտ, պատասխանը կուղարկվի։ Այսօր արդեն սեպտեմբերի 27-ն է, սակայն ՔԿ-ից որեւէ պաշտոնական պատասխան չենք ստացել։

Պատասխանի բացակայությունը փորձել ենք ճշտել նաեւ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից, սակայն Դատախազությունից եւս մինչ օրս պատասխան չկա։

Անհասկանալի եւ դատապարտելի է պետական կառույցների անպատասխանատու եւ տարբերակված այս մոտեցումը՝ լրատվամիջոցի տեղեկություն ստանալու հարցմանը, հատկապես՝ պատերազմին առնչվող, հանրային բարձր հնչեղություն ունեցող նման գործերով եւ հատկապես հաշվի առնելով, որ դրանց մասին նույն այդ կառույցները կա՛մ պարբերաբար տրամադրում են պաշտոնական հաղորդագրություններ, կա՛մ իրավասու պաշտոնատար անձինք հարցազրույցներում են խոսում այդ մասին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել