Սեպտեմբերի 18-ն էր, ինձ այցելեց Վեհափառ հայրապետը, նստեցինք, երկար խոսեցինք էս վիճակի մասին, վտանգների մասին և ելքեր փնտրելու անհրաժեշտության մասին խոսեցինք։ Որոշեցինք, որ արժե հանդիպել, կազմակերպել նման մի հանդիպում։ Ի դեպ, Վեհափառը նաև որոշել է շարունակման դեպքում Հայաստան հրավիրել նաև Մեծի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին ավելի համահայկական բնույթ տալու համար այս խնդրին։
Այս մասին այսօր «Առաջին ալիքի»՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ կաթողիկոսի, ՀՀ և ԱՀ նախկին նախագահների հանդիպման մասին։
Նա իր խոսքում նշեց, որ իրենց անհանգստացրել է երկրի ծանր վիճակը և որոշվել է շարունակել քննարկումները։ Տեր-Պետրոսյանը գնահատեց Վեհափառ հայրապետի ջանքերը, եռանդը՝ այս գործը գլուխ բերելու և շարունակելու ուղղությամբ։ Տեր-Պետրոսյանը նաև հավելեց,որ ինքը թևաթափ չի եղել այս հանդիպումից։
Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ ինքը հանդիպումից առաջ կազմել էր հանդիպման արդյունքում հրապարակվելիք հաղորդագրության իր առաջարկը, և ընթերցեց այն․
«Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ մասնակցությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Հայաստանի ու ԼՂՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի։
Հաշվի առնելով ներկայիս գերզգայուն իրավիճակում մեր երկրի առջև կանգնած լրջագույն խնդիրները և դրանք լուծելու համար պահանջվող ցավոտ որոշումները՝ խորհրդակցության մասնակիցները օրվա գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը և իշխանության ու ընդդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորումը»։
«Ես նաև հիմնավորել եմ (և բոլորի համար անակնկալ էր իմ առաջարկը) հետևյալը. մենք գտնվում ենք այնպիսի մի ճակատագրական վիճակում, երբ որ էդ բոլոր նախկին հակասությունները, վեճերը, իրար, կարելի է ասել, ջնջելը՝ չնայելով վաստակին, կատարածին, էնպիսի մի պահ է, որ պահանջում է այպիսի երկխոսություն և համատեղ որոշման կայացում»,- հավելեց Լևոն Տեր- Պետրոսյանը։
Վերջինս նաև շեշտեց, որ մեզ սպասում են ծանր լուծումներ, ցավոտ լուծումներ, պայմանագրեր պիտի ստորագրվեն և՛ Ադրբեջանի հետ, և՛ Թուրքիայի հետ։ Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու, բայց կա մի պահ, երբ այլընտրանք չկա։
«Եթե չի ստորագրվում որևէ փաստաթուղթ, եթե հաշտություն չի կնքվում այս երկու հարևանների հետ, որոնք, գիտեք, ինչքան են մեզ «սիրում», մենք այլևս այդ 70 տարվա իրողությունը չենք կարող վերականգնել (նկատի ունի ՀԽՍՀ շրջանը- խմբ․)։ Մենք նորից պիտի քարը քարի վրա նոր պետություն կառուցենք։ Մենք ինֆորմացիա չունենք, թե իրականում ինչ պրոցես է գնում։ Այդ ինֆորմացիային տիրապետում է միայն Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլն է և մի երկու-երեք հոգի, որ ամբողջ ճշմարտությունը գիտեն։ Գիտեն, թե Ռուսաստանը իրենց ինչ է առաջարկում, Թուրքիան ինչ է առաջարկում, Ամերիկան ինչ է ասում իրենց, ինչ խորհուրդ է տալիս։ Հիմա ես կլինեմ, ռոբերտ Քոչարյանը կլինի, Սերժ Սարգսյանը, անգամ Վեհափառը․․․ Ոչ մեկը։ Մենք էդ ինֆորմացիային չենք տիրապետում։ Որպեսզի լուծումներ գտնենք, պիտի փոխվստահություն առաջացնենք։ Այո՛, պիտի կոնֆիդենցիալ լինեն այդ հանդիպումները, ոչ մի էսպիսի ճիշտ կամ կեղծ արտահոսք չպետք է լինի, որ գործը գլուխ գա»,- ասաց Տեր- Պետրոսյանը։
Վերջինս նաև նշեց, որ ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Փաշինյանից կարողանան ազատվել, ապա մենք կարող ենք խուսափել ցավոտ լուծումներից։ Ըստ Տեր-Պետրոսյանի սա միամտություն է․ ով էլ գա, նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու։
«Չեք կարող, որովհետև դուք չգիտեք, էդ ինֆորմացիային չեք տիրապետում, թե այսօր ինչ է պահանջվում Հայաստանից։ Ես էլ չեմ կարող։ Չգիտեմ։ Ես պիտի այդ ինֆորմացիային տիրապետեմ, ես էլ, մյուս նախագահներն էլ, որպեսզի կարողանանք հասկանալ՝ կա՞ ինչ-որ ավելի լավ լուծում։ Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար։ Ես տեսնում եմ խնդիր այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին։ Իմ կարծիքով մենք Փաշինյանին ձեռք ենք մեկնում, եթե միասին ենք ընտրում էն ամենաքիչ ցավալի տարբերակը։ Դրանով մենք պատասխանատվություն ենք ստանձնում (ես պատրաստ եմ դրան) այդ պայմանագրերի համար։ Եթե այսօր դեռ հնարավոր է քիչ թե շատ տանելի լուծում, եթե շարունակեն ներքին խռովությունները, ամեն մարդ իրեն արդեն Հայաստանի հաջորդ նախագահ է զգում և այլն, սրանով մենք ավելի բարդացնելու ենք, մենք ավելի թուլանալու ենք, ավելի մեծանալու են Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները մեզնից»,- ասաց Տեր- Պետրոսյանը։
Առաջին նախագահը իր խոսքում նաև նշեց, որ հիմա Արցախը էնպիսի վիճակում է, որտեղ Հայաստանը որևէ խոսք չունի, չկա Հայաստանը, Հայաստանը Արցախում դերակատար չէ։ Միակ բանը հումանիտար օգնությունն է, շինարարությունն է, տնտեսության վերականգնումն է։
Հարցին՝ Արցախի հարցի լուծման բանալին կրկին Ռուսաստանի ձեռքու՞մ է, առաջին նախագահը պատասխանեց․
«Ռուսաստանի ձեռքում էր մինչև այս պատերազմը։ Հիմա Ռուսաստանն էնքան խնդիրներ ունի, էդ բանալին կորցրած կարող է լինել։ Միացյալ Նահանգներն ունի կարողություն (Ռուսաստանի մոտ էդ կարողությունները մի քիչ թուլացել են, քանի որ իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացել է Ուկրաինական պատերազմի վրա), գուցե Եվրամիությունն էլ ունի կարողություն՝ ավելի չբարդացնելու մեր վիճակը և տանելի լուծման հանգեցնելու համար»։
comment.count (0)