Ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու-Ստեփանակերտ ու, ինչ-որ չափով, Մոսկվա․ Ռոբերտ Քոչարյան
11:51 - 28 սեպտեմբերի, 2022

Ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու-Ստեփանակերտ ու, ինչ-որ չափով, Մոսկվա․ Ռոբերտ Քոչարյան

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ Արցախի թեման բացակայում է բանակցային գործընթացներից։

«Խոսքը գնում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին։ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Ղարաբաղի շուրջ էր, ես լավ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այս հարաբերությունները կարգավորել առանց որոշակիության  ու միասնական պատկերացման Ղարաբաղի, Ղարաբաղի խնդրի հետ կապված»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Քոչարյանը՝ հավելելով, որ իր կարծիքով Ղարաբաղի հարցում կա համաձայնություն լռությամբ կամ ոչ լռության։

Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետություն, ինքնորոշում, սուվերենություն ուղղակի ՀՀ պաշտոնյաների բառապաշարից իսպառ կորել են, վկայակոչում է այն մասին, որ մենք այստեղ ունենք լրջագույն պրոբլեմ։

Քոչարյանը նշեց, որ ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու-Ստեփանակերտ ու, ինչ-որ չափով, Մոսկվա։

«Տպավորությունն այնպիսին է նաև, որ Ղարաբաղի իշխանությունը ինչ-որ տեղ հարմարվել է այս վիճակի հետ, իհարկե իրենց հայտարարություններում խոսում են ինքնորոշման, սուվերենության, հանրապետության մասին, բայց այլ խոսակցություններում թեման մի քիչ ուրիշ է․ ինքնաարդարացման ճանապարհը հետևյալն է՝ հիմա ինչ անենք, Հայաստանը ձեռքերը լվացել է, մի ելք պիտի գտնենք, ժողովրդին այստեղ պահելու համար, և դա հնարավոր չէ անել առանց Ադրբեջանի հետ համագործակցության»,- ասաց նա՝ նշելով, որ վերջերս Ղարաբաղի իշխանությունը դա անում է ջանասիրությամբ։

Քոչարյանի խոսքով՝ կախվածությունը Բաքվից բավականին մեծացել է։ Նա անդրադարձավ նրան նաև, որ ճանապարհը փոխելուց հետո ենթակառուցվածքները չեն տեղափոխվել՝ ընդգծելով․ «Այնպիսի մի կախվածություն է սա ստեղծում, որ Ադրբեջանը երբ ցանկանա, կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար,ու Ղարաբաղի իշխանության համար սա լինելու է ևս մի բացատրություն, թե ինչու է պետք համագործակցել Ադրբեջանի հետ»,- նշեց նա։

Նա նշեց, որ ամենից մեծ վտանգն այն է, որ սկսվի Արցախի պետական ինստիտուտներին ապամոնտաժում․ «Ես կարծում եմ՝ փորձելու են գնալ նաև դրան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել