Հայաստանի նկատմամբ զենքի մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից․ Փաշինյան
11:49 - 29 սեպտեմբերի, 2022

Հայաստանի նկատմամբ զենքի մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից․ Փաշինյան

Տեղյակ եք, որ բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք (ադրբեջանական կողմը- խմբ․) որոշակի հաջողություններ ունեն, նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որտեղ հնարավոր է, նրանք փորձում են էնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի։ Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Սա, իհարկե, ցավալի իրողություն է, և մենք խորապես պիտի վերլուծենք այս իրադրությունը։ Պետք է խորապես արձանագրենք և հասկանանք ևս մեկ բան, որ այս ամենը տեղի է ունենում մի հեռահար կամ գուցե ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, ինքնիշխանությունից, մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք, բայց ուզում եմ նաև ընդգծել, որ ի հեճուկս բոլոր գործոնների՝ մենք վճռական ենք՝ մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում։ Եվ փա՛ռք բոլոր հերոսներին, ովքեր կանգնած են ՀՀ անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

«Պիտի նաև իմանաք՝ մենք շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ։ Իհարկե, նաև որպես միջազգային հարության անդամ՝ մենք ականջալուր ենք, ընդունում ենք և համաձայն ենք բոլոր այն կոչերին և ընդգծումներին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական, խաղաղ ճանապարհով, բայց տեսնում ենք նաև՝ Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների, և այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը, և կարծում ենք՝ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջագզային դիտորդական առաքելության տեղակայումը․ կլինի դա ՄԱԿ ԱԽ-ի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպություն»,- ասաց ՀՀ վարչապետը։

Փաշինյան նշեց, որ Կառավարության նիստում էլ ուզում է ընդգծել, որ այս ամենի նպատակներից մեկը Հայաստանին բնականոն կյանքի ցիկլից դուրս բերելն է։

«Հասկանալի է, որ բոլորը՝ սկսած Կառավարության անդամներից, շարունակած ամբողջ հանրությամբ, լարված սպասում են լուրերի, ու ամեն լուր, ամեն այդպիսի ահազանգ, բոլորին շեղում է իրենց կյանքից, աշխատանքի բնականոն ցիկլից, և սա հասկանալի է։ Բայց ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ, այո, այդ դառնությամբ, կսկիծով, մեզնից յուրաքանչյուրը պետք է գերկենտրոնացած լինի իր ամենօրյա աշխատանքի վրա, որովհետև դա չափազանց կարևոր է մեր պաշտպանունակության համար․ տնտեսության բնականոն աշխատանքը, համակարգերի բնականոն աշխատանքը չափազանց կարևոր են և անկյունաքարային նշանակություն ունեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ որքան էլ դառն է, այդ կոչով պետք է դիմի, որ չմոռանան այդ հանգամանքի մասին․ «Ամեն դեպքում, իհարկե, մեր ուժային կառույցները, հատուկ ծառայությունները, ԱԽ-ն անընդհատ աշխատում են այս թեմայի վրա, մեր դիվանագիտական ծառայությունը, ու մենք պետք է շարունակենք մեր քաղաքական ասելիքը բարձրաձայնելու, ձևակերպելու ու նաև մեր առաջարկած օրակարգն իրագործելու ուղղությամբ, և հստակ արձանագրենք, որ մեր ռազմավարական մոտեցումն է, որ մենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պետք է հետևոականորեն ու սկբունքայնորեն պաշտպանենք»։

ՀՀ վարչապետը ասաց, որ իր համար ակնհայտ է, որ մենք երեք հիմնական ռազմավարական ուղղություններով պիտի շարժվենք․ «Առաջինը՝ պետք է բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի շուրջ տևական խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ, երկրորդը՝ հետևողական պետք է շարունակենք կրթության ոլորտում մեր բարեփոխումները, և այս ոլորտում մեզ պետք են խոշոր պետական ներդրումներ։ Եվ հաջորդը՝ ՀՀ ԶՈՒ, բանակի հետևողական բարեփոխումները։ Սրանք պիտի դառնան այն լոկոմոտիվը, որով պիտի առաջնորդենք մեր երկիրը այս, թույլ տվեք ասել, համաշխարհային փոթորկի մեջ»։

Փաշինյանը նշեց, որ աշխարհակարգը կամ, նրա խոսքով, ժողովրդական լեզվով ասած, աշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է․ «Եվ մենք պետք է աշխատենք այս իրողության արձանագրմամբ։ Էսօր ես կասեմ, որ գոնե Եվրասիական տարածաշրջանում չկա մի երկիր, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու։ Եվ մենք այս փլուզման գործընթացի մեջ պետք է լինենք կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ, կրկնակի դիմադրողական, որ կարողանանք մեր երկիրը, ինչպես նախկինում ասել եմ, այս փոթորկված օվկիանոսի միջով անցկացնելով, հասցնենք խաղաղ նավահանգիստ։ Սրա համար մեզ պետք են հատուկ կամք, հատուկ իմաստություն, հատուկ աշխատասիրություն, հատուկ հետևողականություն։ Մենք պետք է նորից անդրադառնանք մտածողության այն բանաձևերին, որոնցով առաջնորդվել ենք, ես նկատի ունեմ որպես պետություն և որպես ժողովուրդ, և մենք պետք է վերստուգենք այդ բանաձևերը ու համոզվենք դրանց կենսունակության մեջ։ Եթե չհամոզվենք, ուրեմն՝ պետք է այդ բանաձևերում անել որոշակի սրբագրումներ՝ մեր երկրի կենսունակությունը, դիմադրողականությունը ու հարատևությունը ապահովելու համար»։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հայտնեց, որ արդեն հայտնի են տարվա առաջին ութ ամիսների տնտեսական տվյալները․ «Հայաստանը ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 13,9 %, իսկ օգոստոս ամսին եղել է 18,4 %»։

Փաշինյանն արձանագրեց, որ կարևոր առաջնահերթություն է, որ տնտեսության բնականոն գործունեությունն ապահովվի․ «Մինչև հիմա դա հաջողվում է, համոզված եմ՝ այսուհետ ևս կհաջողվի, եթե մենք առաջնորդվենք այն բանաձևերով, որոնց մասին ես ասացի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել