ՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը:
«Երեկ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։
Առանձնազրույցի բովանդակության և նաև վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են։ Կարծում ենք, որ այս ամենը նպատակ է հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը»,- նշված է գրառման մեջ:
Ավելի վաղ տելեգրամյան ալիքներում տեղեկություն էր շրջանառվում, որ Ամենայն Հայց Կաթողիկոսն ու ՀՀ առաջին նախագահը հանդիպել են, և հղում անելով իրենց տեղեկություններին, հայտնել էին, որ Վեհափառը բողոքել է, թե ընդդիմադիր եպիսկոպոսները ճնշում են իրեն։
Շրջանառվող լուրին անդրադարձել է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը․
«Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Առաջին նախագահը քառասուն տարվա գործընկերներ են Գևորգյան ճեմարանում և «Էջմիածին» ամսագրում համատեղ աշխատանքի ժամանակներից։ Ուստի նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն։
Ինչ վերաբերում է Տելեգրամյան ալիքի այսօրվա հրապարակած հորինվածքներին, դրանք պարզապես միտված են իշխանության և ընդդիմության հնարավոր երկխոսության վիժեցմանը»։
comment.count (0)