Վահրամ Դումանյանը ներկայացրեց կրթության մինչեւ 2030 թ․-ի զարգացման պետական ծրագիրը
10:59 - 04 հոկտեմբերի, 2022

Վահրամ Դումանյանը ներկայացրեց կրթության մինչեւ 2030 թ․-ի զարգացման պետական ծրագիրը

Այսօր մեկնարկած Ազգային ժողովի հերթական քառօրյայի ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին:

Խոսելով փաստաթղթի առավել նշանակալից դրույթների մասին՝ նախարարն ասաց, որ ծրագրով նախատեսվում է հասանելի և մատչելի ուսումնական հաստատությունների ու կրթական ծրագրերի համընդհանուր ծածկույթի ապահովում։ «Ուսումնական հատատությունների, կրթական ծրագրերի օպտիմալ տեղաբաշխում՝ հաշվի առնելով տարածքային  համաչափ զարգացման և ազգային անվտանգության առաջնահերթությունները։ 3-5 տարեկանների առնվազն 95%-ը ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում։ Նախքան դպրոց ընդունվելը՝ բոլոր երեխաները առնվազն մեկ տարի կհաճախեն մանկապարտեզ։ Բոլոր դպրոցները կունենան պատշաճ կահավորված և արդիական սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարատներին բավարարող և համընդհանուր, մատչելի շենքեր։ Կապահովվի համացանցի որակյալ հասանելիությունը»։

Ըստ նախարարի՝ բոլոր ուսումնական հաստատությունները համալրված կլինեն որակավորված մանկավարժներով․ «Մանկավարժի, դասախոսի, դասավանդողի գործունեությունը կլինի պատշաճ վարձատրվող և հասարակական հեղինակություն վայելող մասնագիտություն։ Ոչ մի երեխա Հայաստանում դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից։ Հեռավար կրթական ծառայությունները էլեկտրոնային պաշարներ, առցանց դասընթացներ կներդրվեն կրթության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ գյուղական և սահմանամերձ համայնքների համար»։

Վահրամ Դումանյանն ընդգծեց, որ ծրագիրը նախատեսում է էականորեն փոխակերպել բարձրագույն կրթական համակարգը, որպեսզի այն լինի միջազգայնորեն մրցունակ․ «Այս նպատակադրման նախատեսվում են հայաստանյան բուհերի միջազգայնացման կրթության, գիտության փոխգործակցության խթանման արմատական միջոցառումներ։ Բոլոր բուհերի համար կսահմանվեն միջազգայնորեն ընդունելի միասնական լիցենզավորման և հավատարմագրման ստանդարտներ՝ ըստ ենթակառուցվածքների ընդհանուր տարածքի, կառավարման, ուսանող դասախոս-հարաբերակցության և այլ չափանիշների։ Կներդրվեն որակի ապահովման միասնական գործիքներ։ Նախատեսվում է բուհերի համար  հավասար մրցակցային դաշտի ստեղծում, բուհերում օտար լեզվով դասավանդման հնարավորությունների ընդլայնում»։

Անդրադառնալով ակադեմիական քաղաքին՝ Դումանյանն ասաց՝ կստեղծվեն 100% պետական ֆիննասնավորմամբ 8 բուհ՝ չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը․ «Հայաստանյան կոնկրետ թվով բուհերին պետական թիրախային աջակցության տրամադրման միջոցով հնարավորություն կստեղծվի միջազգային մրցակցության պայմաններում էականորեն բարելավել դիրքերը, արդյունքում 2030 թվականին առնվազն 4 հայաստանյան բուհ ընդգրկված կլինեն միջազգային վարկանշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ»։

Ակադեմիական քաղաքի ստեղծման վերաբերյալ նախարարը հստակ ժամկետներ չնշեց․ «Կոնկրետ շինարարության մասով չեմ կարող մանրամասնել, քանի որ դա գլոբալ, մեծ նախագիծ է։ Շատ լավ գաղափար է։ Մենք շուտով, կարծում եմ, կունենանք, թե գործընթացն ինչպես է տեղի ունենալու ու երբ կավարտվի, բայց դա կախված է նաև մեր գործընկերներից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել