ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ է ընտրվել Կորյուն Սերոբյանը
17:25 - 04 հոկտեմբերի, 2022

ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ է ընտրվել Կորյուն Սերոբյանը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամի ընտրության նպատակով: Նիստն իրավազոր էր:

Ինչպես տեղեկանում ենք դատախազության տարածած հաղորդագրությունից, նիստը նախագահող Աննա Վարդապետյանը մասնակիցներին առաջարկել է ներկայացնել Հանձնաժողովի դատախազ անդամների թեկնածուներին: Նշվում է, որ թեկնածու կարող է առաջադրվել դատախազի առնվազն 3 տարվա ստաժ ունեցող դատախազը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնակիցների կողմից թեկնածու չներկայացվեց, գլխավոր դատախազն անձամբ առաջադրեց թեկնածուին՝ Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կորյուն Սերոբյանին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Փակ գաղտնի քվեարկությունը կազմակերպելու և անցկացնելու համար նիստի մասնակիցները ձայների պարզ մեծամասնությամբ ընտրեցին Հաշվիչ հանձնաժողովի երեք անդամ:

Քվեարկությունից հետո հրապարակվեցին արդյունքները, ըստ որի՝ Կորյուն Սերոբյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ՝ 38 կողմ, մեկ դեմ ձայնով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել