Պետք է մեր գիտակցության մեջ պատրաստվենք պատերազմին, իսկ դրա համար պետք է ծանոթանալ պատերազմին։ Այս նպատակին է ծառայում 44-օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Մկրտչյանի հեղինակած «Հրետանավորի օրագիրը» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ։
Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Ալբերտ Մկրտչյանը մինչև 44-օրյա պատերազմի մեկնարկը ծառայել է Ագարակի զորամասում, պատերազմի ընթացքում մասնակցել է Ջրականի մարտերին։
Պատերազմի մասին ֆիլմեր դիտելիս ու գրքեր ընթերցելիս Ալբերտին հետաքրքրել է, թե ինչպես պատերազմը, այդքան դաժան լինելով, կարող է դառնալ արվեստի գործ․ «Այդտեղից մոտս առաջացավ գաղափար, որ եթե սկսի պատերազմ, երևի ես էլ կգրեմ այդպիսի գործ։ Սեպտեմբերի 27-ին սկսեց պատերազմը, ու մենք բարձրացանք մեր կրակային դիրքեր։ Այնտեղ ուղղակի ժամանակ չէր լինում գրելու համար, չնայած մտածում էի այդ մասին։ Հետո, երբ գնացինք Ջաբրայիլ, այդ թոհուբոհի մեջ ամեն դեպքում վճռականություն գտա իմ մեջ, որ սկսեմ գրել»։
Ալբերտը հիշում է, որ պայուսակի մեջ երկու տետր է ունեցել․ մեկում հրանոթի հաշվարկներն է արել, մյուսի մեջ սկսել է օրագիրը գրել, բայց այդ տետրը «լավ ճակատագրի չի արժանացել»։ Հետո, երբ վերջին օրը գնացել են Իշխանաձոր, այնտեղից մի վարդագույն տետր է գնել՝ մտածելով, որ այնտեղ դեռ պետք է հրանոթի հաշվարկները գրի, սակայն այդ տետրի մեջ է հենց սկսել օրագիրը շարադրել․ «Այնպես ստացվեց, որ մենք արդեն պետք է հետ դառնայինք։ Երբ պիտի զորացրվեինք, տեսա, որ այդ վարդագույն տետրի մեջ մեր մարտկոցի Արտյոմը գրել էր՝ «Աբուլս, լավ մնա, սիրունս»։ Զորացրվեցի ու սկսեցի գրել։ Հիմնականում մեր տան խոհանոցում էի գրում։ Քայլում էի մի երկու րոպե սենյակում, մտքերս հավաքում էի ու հանձնում օրագրին։ Երբ օրագիրը պատրաստ էր, ու սկսեցի թվայնացնել, կապվեցի «Մարտական եղբայրության» էջի հետ։ Ասացին, որ կաջակցեն հրապարակման համար»։
Հետո արդեն «Անտարես» հրատարակչությունում սկսել է բուն գործընթացը․ «Ինձ շատ հետաքրքիր էր այդ պրոցեսը, որովհետև այդ ընթացքում շատ բաներ սովորեցի։ Նախ կապեր ձեռք բերեցի, հետո ծանոթացա գիրք գրելու գործընթացին, և մոտ երկու ամիս առաջ գիրքը հրապարակվեց»։
Խոսելով գրքի նպատակների մասին՝ Ալբերտը ասում է՝ պատերազմը եկել ու հասել է Հայաստանի Հանրապետության սահմաններին, ուզենք, թե չուզենք, պիտի պատրաստվենք այդ պատերազմին․ «Պատերազմին պատրաստվել միայն չի նշանակում գնալ, պալիգոններում պատրաստվել։ Դա, իհարկե, 80%-ն է, բայց մենք նաև պետք է մեր գիտակցության մեջ պատրատվենք պատերազմին, իսկ դրա համար պետք է ծանոթանալ պատերազմին, իմանալ, թե ինչ է մեզ սպասվում պատերազմի դաշտում, իմանալ, թե ինչ մտքեր են այդտեղ գերակշռելու, ինչ զգացողություններ են այդտեղ գերակշռելու։ Այս առումով գիրքը կարող է ծառայել որպես պատերազմի ձեռնարկ, այսինքն՝ կարող է ծանոթացնել ընթերցողին պատերազմի հետ։ Ես փորձել եմ առանց զգացմունքայնության, չոր պատմել, թե ինչ է կատարվում պատերազմի դաշտում, ինչեր կարող ենք տեսնել ու ինչերից է պետք զգուշանալ»։
Գրքում Ալբերտը անդրադարձել է երեք կերպարների՝ Ազիզին, Սերոժին ու Արտակին, ու պատմել, թե ինչու է նրանց համարում հերոսներ․ «Իրենք երեքն էլ տարբեր կերպարներ էին, բայց ինձ համար հերոսի բացարձակ կերպարներ են, ու ես առանձին պարբերություններով անդրադարձել եմ երեքին էլ, թե ինչու ենք նրանք ինձ համար համարվում հերոսներ»։
Գրքի խմբագիրը գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն է, ում կարծիքով «Հրետանավորի օրագիրը» գրքին պետք է շատ հանգիստ ու նուրբ մոտենալ․ «Պատկերացրեք՝ վիրավորի ենք ուզում օգնել։ Այդ կարգի նրբությամբ քաղենք առավելագույնը և ոչ պաթետիկը։ Սա օրագիր է, որը մեր մեջ պետք է մեռցնի ցանկացած անպատեհ պաթետիզմ։ Փորձենք այս գրքին արժանի լինել, այդ գրքում պատկերվածին հետահայաց նայելիս արժանի լինել, որ այդ տղաները պայքարել են, զոհվել են և այս տեսակ թանկ վկայություններ են մեզ փոխանցել։ Սա շատ կարևոր գիրք է, այս տեսակ գիրքը պիտի լինի մեր գրականության մեջ և՛ որպես զսպիչ, և՛ որպես հորդոր, և՛ որպես կոչ։ Շնորհակալ եմ Ալբետրին, որ միամիտ-միամիտ գրել է այս հրաշք գիրքը, և ուզում եմ, որ սա յուրօրինակ ուղերձ լինի մեր գործունեության բոլոր ոլորտներին, որտեղ մենք աշխատելու ենք, արարելու ենք, որովհետև այս գիրքը այն մասին է, որ մենք ուզենք-չուզենք, պետք է ունենանք ուժեղ պետություն, անվտանգ պետություն, այն, ինչ պատկերված է գրքում, չպետք է կրկնվի այլևս»։
Գրքի վերջաբանի հեղինակը պատմաբան, «Մարտական եղբայրություն» միաբանության համահիմնադիր Հրանտ Տեր-Աբրահամյանն է, ում համար գրքի հետ հանդիպումը շատ հաճելի անակնկալ է եղել։ Ասում է՝ Ալբերտի գիրքը մի գիշերում է կարդացել․
«Սա ինձ համար բավականին զարմանալի է, որովհետև ինձ դժվար է համոզել մի բան կարդալ, քանի որ կարդալու շատ բան կա այս աշխարհում, և նոր բաները դժվարությամբ են կարդում։ Ես սկսեցի ինչ-որ տեղ պարտավորված կարդալ, որովհետև մարդը ուղարկել էր, բայց հասկացա, որ կարդացվում է ամբողջությամբ ու միանգամից։ Լավ իմաստով պարզ տեքստ էր, շատ զարմանալի ներքին ռիթմ ուներ։ Ես դրա մասին մանրամասն գրել եմ»։
Հրանտ Տեր-Աբրահամյանը պատմում է, որ հանրային հանգանակություն են արել ու գումարը շատ արագ հավաքվել է։ Նա կարևորում է այս հանգամանքն ու ընդգծում, որ այս քայլով ցույց են տվել, որ նմանատիպ գրքերի հրապարակումը հանրային պատվեր է․ «Դա շատ մեծ գումար չէր, բայց խնդիրը այն չէր, որ այդ գումարը հնարավոր չէր գտնել։ Մենք շատ կարևոր համարեցինք, որ դա հանրային լինի, մարդիկ դրան մասնակցեն, ամեն մեկը իր համեստ չափով, դրանով իսկ ցույց տալով, որ սրա հանրային պատվերը կա, որ սա մարդկանց պետք է։ Այդ գումարը շատ արագ՝ 1-2 օրում հավաքվեց, ինչ համար շնորհակալ եմ։ Դրանով ես ունեցա ապացույց, որ այն, ինչը մենք անում ենք, մեր քմահաճույքը չի, իրոք մարդիկ ուզում են, դրա պատվերը կա»։
Հրանտ Տեր-Աբրահամյանը
Ալբերտի գիրքը Հրանտ Տեր-Աբրահամյանը համարում է սկիզբ ու կոչ անում պատերազմի մասնակիցներին յուրաքանչյուր ժանրի ստեղծագործություն ունենալու դեպքում դիմել իրենց․ «Մենք ամեն ինչ կանենք, որ դրանք հրապարակվեն։ Սա հանրային կարևորության գործ է, որ մենք այս պատերազմը վավերագրենք և՛ գեղարվեստական իմաստով, և՛ գիտական իմաստով։ Նաև որպես պատմաբան ասեմ, որ պատմաբանների համար շատ կարևոր է այսպիսի նյութերը։ Ոչ միայն գեներալների հուշերն է կարևոր, այլ շարքային մասնակցի դիտակետը»։
Վազգեն Սարգսյանի անվան գրական ամենամյա մրցանակը՝ պատերազմի մասնակիցներին խրախուսելու համար
«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանն էլ «Հրետանավորի օրագիրը» գրքում կարևորում է միֆերի ու պաթոսի բացակայությունը․ «Իմ տպավորությամբ այս գիրքը իրականությունն է, ինչպես կա։ Այստեղ ոչ մի ավելորդ բան չկա, ինչ տեսել է, դա նկարագրած է»։
Նրա կարծիքով՝ այս պատերազմը մեր պատկերացման մեջ պետք է մնա ոչ թե որպես ինչ-որ արհավիրք ու աղետ, ինչպես սովորաբար լինում է, այլ իմաստավորվի, ռացիոնալացվի։ Բարսեղյանի խոսքով՝ մտածել են այնպես անել, որ Ալբերտից բացի նաև այլ պատերազմի մասնակիցները շարունակեն գրել։ Այս նպատակով էլ «Կողբ» հիմնադրամը և «Մարտական եղբայրություն»-ը որոշել են գրական ամենամյա մրցույթ սահմանել՝ պատերազմի մասնակիցներին խրախուսելու համար․ «Բնականաբար, կհրապարակվի, որոշակի նյութական մրցանակներ կլինեն, դա էլ որոշակի մոտիվացիա կլինի, ի վերջո գրքերը կհրապարակվեն այդ գումարներով»,-ասում է Արման Բարսեղյանը։
Նա պատմեց նաև, որ քննարկել են ու հասկացել, որ ամենաճիշտը գրական մրցանակը Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի անունով կոչելն է․
«Հայրենասիրությունը երկու բան է․ ստեղծել և պաշտպանել։ Վազգեն Սարգսյանի մեջ այդ երկու գործունեության ոլորտն էլ առկա է եղել։ Այդ տրամաբանության մեջ մենք մտածեցինք, որ ճիշտ կլինի Վազգեն Սարգսյանի անունով անվանել մրցույթը»։
Ալբերտ Մկրտչյանը
Հրանտ Տեր-Աբրահամյանն էլ ասաց՝ Վազգեն Սարգսյանը նախևառաջ գրող էր, և ոչ թե ուղղակի գրող էր, այլ լավ գրող էր։ «Այսօր արհեստական հակադրություն կա, որ գրողը մի բան է, պատերազմը ուրիշ բան է։ Բայց մարդը գրող էր, որը դարձավ ոչ թե ուղղակի զինվորական, այլ առաջնորդ-զինվորական։ Սա հիշեցնում է, որ առաջին պատերազմում մեր հաղթանակը իր հիմքում ժողովրդական շարժումը ուներ»։
Այնուհետև Հրանտ Տեր-Աբրահամյանը ընթերցեց մրցույթի նպատակները․ «Պատերազմը՝ որպես ազգային կյանքի կարևորագույն իրադարձության հանրային իմաստավորումը ու վերապրումը, ինչպես նաև պատերազմ անցած հանրության գեղարվեստական, հոգեբանական, վավերագրական ու վերլուծական փորձի ամրագրումն ու փոխանցումը, դրա տեղադրումը հանրային օրակարգի կենտրոնում։ Երկրորդը՝ պատերազմի մասնակցի ձայնը, տեսակետը, ապրումը լսելի դարձնելը, և երրորդը պատերազմի մասնակիցների մեջ տաղանդների բացահայտումը՝ գրակական վերլուծական և այլն։ Եվ չորրոդը՝ պատերազմի վավերագրումը, որը հետագայում պետք է նյութ դառնա պատմագիտության, հասարակագիտության, ռազմագիտության, ինչպես նաև արվեստի համար»։
Նանե Ավետիսյան
comment.count (0)