Հոկտեմբերի 5-ին Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը Եվրոպական խորհրդարանի անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում խուսափողական պատասխան տվեց Ադրբեջանի դեմ սանկցիաներ (պատժամիջոցներ) կիրառելու մասին հարցին։
Նա, մասնավորապես, նշեց, որ ԵՄ անդամ երկրներից որևէ մեկը դեռևս նման առաջարկ չի ներկայացրել։
«Սանկցիաները ԵՄ անդամ երկրների գործն են»,- հայտարարեց Բորելը։
Ինչպես են ընդունվում ԵՄ սանկցիաները
Ժոզեֆ Բորելի կարճ պատասխանից կարելի է ենթադրել, թե ԵՄ-ը սանկցիաներ չի ընդունում առանց անդամ երկրներից եկող առաջարկների։
ԵՄ սանկցիաները կարող են լինել կա՛մ ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած որոշումների շրջանակում, կա՛մ որպես այդ որոշումների լրացում, կա՛մ ընդունվել ԵՄ սեփական նախաձեռնությամբ։
ԵՄ պատժամիջոցներն ընդունվում են միաձայն՝ Խորհրդի որոշմամբ, և պարտադիր են անդամ բոլոր պետությունների համար: Եթե որոշումը նախատեսում է երրորդ երկրի հետ տնտեսական և ֆինանսական հարաբերությունների ամբողջական կամ մասնակի կրճատում կամ ընդհատում, ապա ԵՄ կանոնակարգն ընդունվում է որակյալ մեծամասնությամբ՝ Հանձնաժողովի և Միության արտաքին գործերի գերագույն ներկայացուցչի համատեղ առաջարկով։ Գործնականում, սակայն, այս որոշումները ընունվում են կոնսենսուսով։
Նույն կերպ այս տարվա սեպտեմբերի 28-ին Ժոզեֆ Բորելը և Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը հայտարարեցին սանկցիաների հերթական փաթեթի առաջարկի մասին։ Ժոզեֆ Բորելի ելույթից ժամեր առաջ ԵՄ անդամ երկրները հաստատեցին այս փաթեթը։ Մինչև փաթեթի ընդունումը, սակայն, Մալթան, Կիպրոսը և Հունաստանը դեմ էին արտահայտվում ռուսական գազի վրա դրվող նոր սահմանափակումներին՝ հայտարարելով իրենց համար սպասվող տնտեսական խնդիրների մասին։
Ըստ ԵՄ կանոնադրության՝ ԵՄ սանկցիաները կամ սահմանափակող միջոցները նախատեսված են՝ համաձայն ԵՄ Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության (CFSP)։ Ըստ դրա՝ նման միջոցների կիրառության առաջարկ անում է Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Խորհրդի Գերագույն ներկայացուցիչը (High Representative)։ Հենց այս պաշտոնն է զբաղեցնում Ժոզեֆ Բորելը։
Առաջարկը քննում են տարբեր մարմիններ, և հաստատում և/կամ վերանայում է ԵՄ Խորհուրդը միաձայն, իսկ Եվրոպական խորհրդարանը տեղեկացվում է ընդունված որոշման մասին։ ԵՄ Արտգործնախարարությունը՝ EEAS-ը, օգնում է Բորելին սանկցիաների առաջարկների կազմման, պահպանման կամ վերանայման գործում։
Խորհրդի ընդունած սանկցիաները կարող են արգելել անձի մուտքը ԵՄ տարածք, կասեցնել ընկերությունների աշխատանքը կամ սառեցնել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաշիվները։ Դրանք պարտադիր են դառնում ընդունման պահից։
Բորելի հայտարության այն մասը, որ ԵՄ անդամ երկրները կարող են առաջարկել պատժամիջոցներ, սխալ չէ։ Մի շարք դեպքերում անդամ պետությունները իրենց երկրներում ընդունված պատժամիջոցները առաջարկում են ընդունել ԵՄ մակարդակով։ Այսպես, այս տարվա ամռանը Լիտվան առաջարկել էր ԵՄ մուտքի արգելք սահմանել Ռուսաստանի պատրիարք Կիրիլի նկատմամբ, սակայն Հունգարիան դեմ էր արտահայտվել։
Եթե փորձենք այս ամենը կարճ ներկայացնել, ապա պատժամիջոցների դեպքում սովորաբար տեղի է ունենում Բորելի ասածի հակառակ գործընթացը․ ԵՄ խորհուրդն առաջարկում է սանկցիաներ, իսկ անդամ երկրները հաստատում են դրանք կամ մերժում։
Գլխավոր լուսանկարում՝ Բորելը
Անի Ավետիսյան
comment.count (0)