Ղրիմի կամրջի հատվածներից մեկում ուժեղ պայթյուն է եղել․ նախնական տվյալներով՝ վառելիքով բաք է այրվում |armtimes.com|
10:58 - 08 հոկտեմբերի, 2022

Ղրիմի կամրջի հատվածներից մեկում ուժեղ պայթյուն է եղել․ նախնական տվյալներով՝ վառելիքով բաք է այրվում |armtimes.com|

armtimes.com: Ղրիմի կամրջի հատվածներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտնել է, որ նախնական տվյալներով, վառելիքով բաք է այրվում։ Կամրջի երթևեկությունը դադարեցվել է։ Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Այսպես, Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունը հայտնել է, որ ժամը 06:05-ին «սարքավորումը ցույց է տվել կեղծ զբաղվածություն երկաթուղային գծերի վրա՝ Կերչի նեղուցով տրանսպորտային անցման երկաթուղային հատվածում»։ Բեռնատար գնացքի պոչում վառելիքի բաքերի բռնկում է եղել։ Վագոնների մի մասով լոկոմոտիվը բերվել է Կերչի կայարան։

Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ կամրջի վրա բեռնատար է պայթեցվել, որը հանգեցրել է հրդեհի։

Ղրիմի Պետխորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը կատարվածի մեջ մեղադրել է Ուկրաինային՝ նշելով, որ կամուրջը վնասել են «ուկրաինացի վանդալները»։ Նա վստահեցրել է, որ Ղրիմի կամրջին հասցված վնասը օպերատիվ կերպով կվերականգնվի։

Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտնել է, որ, ըստ նախնական տվյալների, զոհեր չկան։ 

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ միջադեպի հետևանքով փլուզվել է Ղրիմի կամրջի ավտոմոբիլային մասի երկու բացվածք։ Նրա խոսքով, հրդեհի վայր են ուղարկվել երկու լոկոմոտիվներ, որոնք քաշելու, դուրս են բերելու այրվող գնացքը։

Ղրիմի կամրջի ավտոմոբիլային և երկաթուղային հատվածներով երթևեկությունը սահմանափակ է, իսկ նեղուցով լաստանավային անցում է նախապատրաստվում։

Միջադեպի պատճառով Կերչի նեղուցով բեռնափոխադրումները չեն արգելափակվել։

Կրյուչկովի խոսքով՝ Ղրիմում բավարար վառելիք և պարենամթերք կա, մշակված են բոլոր լոգիստիկ սխեմաները։

Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ քաղաքում սննդի և բենզինի պաշար կա, և ոչ մի դեֆիցիտ չի սպասվում։

Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը թվիթերյան իր էջում գրել է․ «Այն ամենը, ինչ անօրինական է, պետք է ոչնչացվի, ամեն գողացվածը պետք է վերադարձվի Ուկրաինային, այն ամենը, ինչ օկուպացված է Ռուսաստանի կողմից, պետք է վերացվի»։

Կերչում մեքենաների համար, որոնք չեն կարող անցնել Ղրիմի կամրջով, կազմակերպվել է ջրով և զուգարաններով ավտոկայանատեղի, հայտնել է քաղաքապետ Սվյատոսլավ Բրյուսակովը։

Ղրիմի կամրջով ուղևորափոխադրումներ կազմակերպող Grand Service Express ընկերությունը արտակարգ իրավիճակների հետ կապված օպերատիվ շտաբ կստեղծի։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ կապված Ղրիմի կամրջի վթարի հետ։ Նա հաղորդումներ է ստացել վարչապետ Միխայիլ Միշուստինից, փոխվարչապետ Մարատ Խուսնուլինից, արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովից և տրանսպորտի նախարարՎիտալի Սավելևից, ինչպես նաև իրավապահ մարմինների ղեկավարներից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել