Հասարակ բաների մասին՝ դադարներով․ Հայարփի Բաղդասարյան
14:30 - 10 հոկտեմբերի, 2022

Հասարակ բաների մասին՝ դադարներով․ Հայարփի Բաղդասարյան

Մութը լուսարձակներն անջատած մեր մեքենայի ընթացքը քաշում է դեպի հեռվում երեւացող մանր կայծերը։ Դրանք կամաց-կամաց դառնում են գծեր, հետո լայնանում ու տարածվում ճանապարհի աջ ու ձախ կողմերում։ Այրվում են Իշխանասարի ու Նորավանի մոտ փռված դաշտերը։ Ապակին իջեցնում եմ՝ հասկանալու՝ ճամփեզրին մոտ միայնակ այրվող կետիկն ինչ է․ ոնց որ թե՝ մեքենա, բայց Իշխանասարի ուղղությամբ գնալ չի թույլատրվում, ու հրդեհվող այդ բիծը հեռվանում-մարում է մեքենայի հայելու մեջ։ 

Քամին այրվող դաշտերի ծխի հոտն ու հրետանու պայթյունների ձայներ է բերում։ Մեկ։ Երկու։ Երեք։ Երեք արկ՝ Իշխանասարի ուղղությամբ։ Մեկ։ Երկու-երեք։ Չորս՝ մյուս ուղղությամբ։ Ձայներն ավելի են խլանում, ու մենք հետեւում ենք թողնում զինվորականներին, որոնք շտապ կանգնեցնում են բոլոր մեքենաները ու առանց ավելորդ բարեւ-հաջողի կոնկրետ հրահանգ տալիս Գորիս շարժվողներին՝ հնարավորինս, առավելագույնս, ինչքան ձեւ է՝ արագ անցնել ճանապարհի այս հատվածը, որովհետեւ անօդաչուներ են պտտվում։ Իշխանասարից Գորիս ես անընդհատ փակում եմ աչքերս, որ չմոռանամ զինվորի դեմքը։ Ես անընդհատ հարցեր եմ տալիս Սաքոյին, որ մոռանամ զինվորի դեմքը։ 

Ես ուզում եմ մտածել հասարակ բաների մասին, որ կորցրել եմ մազակալս, որ չունեմ ձմեռային վերարկու, որ եփած լոլիկն ավելի համով է, որ ժամանակ չկա սիրահարվելու, որ ծխելը վնասակար է առողջությանը, որ Կիեւյանի ջուրը համով չէ։ Ես ուզում եմ ամաչել հասարակ բաների համար, որ ներքնազգեստս պարանից ցած է ընկել, որ կոշիկներս կեղտոտ են, որ ուշացել եմ աշխատանքից։ Բայց ես ամաչում եմ զրահաբաճկոնով մտնել գյուղ, որը հրետակոծվում է անցած գիշերվանից։

Ռաֆիկը չգիտի՝ ոնց նկարագրի՝ ինչ կատարվեց իր հետ, երբ արկն ընկավ մի քանի մետր հեռու։ Ռաֆիկն ուզում է բառեր գտնել՝ բացատրելու, թե ինչ ձայն էր գալիս իր գլխում այդ պայթյունից։ Թե ոնց փշրվեցին ապակիներն ու իրեն չկպան։ Ռաֆիկն արդարանում է, որ այդ գիշեր շատ ցուրտ էր, ինքն էլ՝ հողաթափերով, ու ստիպված էր նկուղից բարձրանալ տուն՝ տաք շոր վերցնելու։ Ես ասում եմ՝ ահավոր է։ Ռաֆիկն ասում է՝ ահավոր է, ահավոր է։ Նա ափի մեջ ցույց է տալիս արկի բեկորները, ցույց է տալիս կացինը, որով բացել է տան դուռը, որովհետեւ ուժգին պայթյունից փականը կոտրվել էր, տան դուռը փակվել-մնացել։ 

Պայթյուններից փակվում են տների դռները։ Մարդիկ հավաքում են բեկորները, լցնում գրպանները, լցնում են փոսերը, լցնում են բաժակները, լցնում են աչքերը։ Ես սովորում եմ մի քանի րոպեն մեկ պայթող արկերի ձայնին, բայց չեմ դիմանում Էդգարի ուսերի դողին, որ օդը շարժելով փլված առաստաղով բարձրանում է մինչեւ տանիք։ Ամեն անգամ նա խոսքը կիսատ է թողնում, անշարժանում, նայում սարերի ուղղությամբ, որտեղից ծուխ է բարձրանում․ «Էսի մերոնք էին»,- ինքն իրեն հանգստացնում է Էդգարն ու շարունակում խոսել դադարներով։ Սարերից ծուխ է բարձրանում դադարներով։ Հրետանին կրակում է դադարներով։ Ճանճը տզզում է դադարներով։ Քամին խաղում է դադարներով։ Ես շնչում եմ դադարներով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել