Ադրբեջանը Պրահայում կտրականապես մերժել է Ադրբեջան առաքելություն ուղարկելու ԵՄ փորձը. առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքում. Ալիև
15:48 - 14 հոկտեմբերի, 2022

Ադրբեջանը Պրահայում կտրականապես մերժել է Ադրբեջան առաքելություն ուղարկելու ԵՄ փորձը. առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ գագաթնաժողովում հայտարարել է, որ Պրահայում կտրականապես մերժել է Ադրբեջան առաքելություն ուղարկելու Եվրամիության փորձը.

«Ժամեր տեւած բանակցությունների արդյունքում որոշման հանգեցինք՝ հայ-ադրբեջանական սահմանի՝ Հայաստանի տարածք ուղարկել Եվրամիության՝ 40 հոգուց բաղկացած քաղաքացիական առաքելություն։ Հետագայում տեղեկացանք, որ նրանց թիվը կազմելու է 50 հոգի։ Նրանք այնտեղ կմնան առնվազն 2 ամիս, և այս առաքելության նպատակը, ինչպես տեսնում ենք, և, հետևաբար, մենք էլ համաձայնել ենք դրան, կողմերին սահմանագծման ու սահմանազատման հացերում օգնելն է»,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ այդ առաքելությունը ադրբեջանական կողմ ուղարկելու փորձ է եղել, ինչը մերժվել է։

«Այդ առաքելությունը ադրբեջանական կողմ ուղարկելու փորձ է եղել, ինչը մեր կողմից վճռականորեն մերժվել է։ Ուստի առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»,- նշել է Ալիևը։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել