ԵՄ-ն 40 դիտորդ կտեղակայի հայ-ադրբեջանական սահման. ԵՄ խորհուրդ
13:28 - 17 հոկտեմբերի, 2022

ԵՄ-ն 40 դիտորդ կտեղակայի հայ-ադրբեջանական սահման. ԵՄ խորհուրդ

ԵՄ խորհուրդը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով, դիտորդական առաքելություն է տեղեկայում տարածաշրջանային իրավիճակի մշտադիտարկում իրականացնելու, ինչպես նաև նպաստելու խաղաղության և անվտանգության վերականգնմանը։ Տեղակայվելու է մինչև 40 դիտորդ: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ խորհրդի կայքէջից։ 

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ դիտորդական առաքելությունը կփորձի վստահություն ստեղծել անկայուն իրավիճակում, որը ռիսկի տակ է դնում կյանքեր և վտանգում հակամարտության կարգավորման գործընթացը: Սա ևս մեկ ապացույց է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու վերջնական նպատակին նպաստելու ԵՄ լիակատար հանձնառության։

«ԵՄ դիտորդական առաքելության արագ տեղակայումն ապահովելու նպատակով որոշվել է, որ դիտորդները ժամանակավորապես կտեղակայվեն Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունից: 

Դիտորդական առաքելությունը կունենա ժամանակավոր բնույթ և սկզբունքորեն երկու ամսից ավելի չի տևի»,- նշված է ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել