Ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ
16:46 - 17 հոկտեմբերի, 2022

Ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ

Ձերբակալվել է փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Տեղեկությունը Infocom-ի հետ զրույցում հաստատեց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը։ Նշենք, որ «Փաստաբանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանին ձերբակալելու կամ կալանավորելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն այդ մասին անհապաղ տեղեկացնում է փաստաբանների պալատի նախագահին:

Նույն քրեական գործի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով։ 

Infocom-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը` նշելով, որ նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության եւ դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը եւ դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանից, որը, սակայն, նշեց, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը Երևան քաղաղքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասին է։ 

Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանը դատավորի պաշտոնին է նշանակվել 2021 թ․ հոկտեմբերի 20-ին։ Մինչ այդ նա աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ որպես քննիչ։

Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի համաձայն՝ դատավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն կարող է ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազը։ Օրենքի համաձայն՝ միջնորդությանը կից ներկայացվում են դրա համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը: Նման միջնորդություն ստանալու դեպքում ԲԴԽ-ն անհապաղ նիստ է հրավիրում։

Մեր տեղեկություններով՝ այս պահին ԲԴԽ-ում ընթանում է Դատախազության միջնորդության քննությունը․ դատավոր Ալեքսանյանը չի մասնակցում նիստին։

Լուսանկարում՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը

Գլխավոր լուսանկարում՝ Էրիկ Ալեքսանյանը

 

Միլենա Խաչիկյան

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել