Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին Infocom-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից։
Քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին։
Նշենք, որ Դոլմազյանը նախկին դատախազ է․ 2017-2022 թթ աշխատել է Գլխավոր դատախազությունում՝ զբաղեցնելով Հատկապես կարեւոր գործերով վարչության դատախազի, ապա՝ ավագ դատախազի, այնուհետեւ՝ Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի, որից հետո՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի պաշտոնները։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր է նշանակվել 2022 թ. օգտոստոսի 8-ին։
Ռուբեն Վարդազարյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը եւ հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող` բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ կատարել է Սահմանադրությամբ եւ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ, օգտագործել է իր պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունը, եւ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Արամի Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը։
Անդրանիկ Սիմոնյանի վարույթում այդ ժամանակ քննվում էր «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի վերաբերյալ քրեական գործը, եւ ըստ մեղադրանքի՝ Վարդազարյանի միջամտությունը դրսեւորվել է նրանում, որ նա խնդրել է փոխել Աբգարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, ինչը, սակայն, չի արվել։
Հաշվի առնելով Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ 2021 թ․ ապրիլի 15-ին ԲԴԽ-ն որոշում էր կայացրել նրա լիազորությունները կասեցնելու մասին, իսկ ավելի քան մեկ տարի անց՝ 2022 թ․ հունիսի 23-ին, ԲԴԽ-ն դադարեցրել էր նրա լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։
Քրեական գործի հարուցումից ամիսներ անց՝ 2021 թ․ սեպտեմբերին, այն ուղարկվել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ գործով կայացել է 3-4 նիստ, որոնց ընթացքում գործի ըստ էության քննություն չի իրականացվել։ Նշանակված վերջին՝ 2022 թ․ մայիսի 25-ի նիստը չի կայացել։ Դրանից հետո Շահվերդյանի վարույթում գործով նիստ այլեւս չի նշանակվել։
Ներկայումս, երբ ՀՀ-ում ձեւավորվել են հակակոռուպցիոն դատարաններ, դատավոր Մանվել Շահվերդյանը որոշում է կայացրել քրեական գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին․ «Սույն քրեական գործով ամբաստանյալ Ռ.Վարդազարյանին մեղսագրվում է մինչև 01.07.2022թ. գործող ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 6 հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործության ենթադրյալ կատարման փաստ, իսկ հակակոռուպցիոն դատարանի գործելու պահից կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը քննվում են բացառապես հակակոռուպցիոն դատարանի կողմից, եթե տվյալ գործով անցում չի կատարվել դատաքննության փուլ: Նկատի ունենալով, որ սույն քրեական գործով անցում չի կատարվել դատաքննության փուլ, դատարանը գտնում է, որ այն ընդդատյա է բացառապես հակակոռուպցիոն դատարանին»,- ասված է որոշման մեջ։
Հավելենք, որ Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ հայտարարելով, որ դրա նպատակն իրեն պաշտոնից հեռացնելն էր։ Նրա պաշտպանական թիմը բողոքարկել էր մեղադրանք առաջադրելու որոշումը՝ նաեւ այն հիմնավորմամբ, որ Դատախազությունը պարտավոր էր դիմել ԲԴԽ՝ նրան անձենռմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու նպատակով։ Դատախազության դիրքորոշումը, սակայն, այն էր, որ դիմելու անհրաժեշտություն չկար, քանի որ Վարդազարյանի գործողությունները նրա լիազորությունների հետ կապված չէին։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)