ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
17:30 - 19 հոկտեմբերի, 2022

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը ազատ կարձակվի։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, այսօր բավարարել է պաշտպանական կողմի բողոքը՝ նրա նկատմամբ թույլատրելի համարելով գրավի կիրառումը։

Լոռոցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը Infocom–ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանը որպես գրավի չափ է սահմանել 4 միլիոն ՀՀ դրամը։ 

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վերջերս մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Լոռեցյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ։ Դատարանի այդ որոշումն էլ պաշտպանը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք՝ նախկին փոխնախարարը մեղադրվում է 2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա, 2019թ․ հունիսի 4-ից զբաղեցնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ եւ լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» եւ «Էլիտ Սպորտ» առեւտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2․000․000 ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության եւ դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու եւ հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։

Լոռեցյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նա կալանավորվել էր 2019 թ․ դեկտեմբերի 7-ից, իսկ օրեր անց՝ դեկտեմբերի 26-ին՝ վարչապետի որոշմամբ ազատվել պաշտոնից։

Նույն քրեական գործի շրջանակում Հրաչիկ Քանանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք տալու, իսկ Լոռեցյանի վարորդը՝ Էդուարդ Հովհաննիսյանը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել