Վեհափառ Հայրապետն ԱՄԷ պատվիրակության հետ քննարկել է Բաքվի վերահսկողության տակ հայտնված հայկական արժեքների ոչնչացման խնդիրը
22:05 - 19 հոկտեմբերի, 2022

Վեհափառ Հայրապետն ԱՄԷ պատվիրակության հետ քննարկել է Բաքվի վերահսկողության տակ հայտնված հայկական արժեքների ոչնչացման խնդիրը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը՝ Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ, Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ ալ Մուսալլամի գլխավորությամբ։

 

Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների փոխհարաբերությունները շարունակական և բարեկամական բնույթ են կրում` արդյունավորվելով տարբեր ոլորտներում նոր ձեռքբերումներով։

 

Հայոց Հայրապետը նաև անդրադարձել է Հայաստանի հետպատերազմյա ծանր ու դժվարին իրավիճակին՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր զորեղ հավատքի շնորհիվ և բարեկամ երկրների աջակցությամբ կկարողանա հաղթահարել առկա մարտահրավերները։

 

Իր հերթին Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ ալ Մուսալլամը, Հայոց Հովվապետին փոխանցելով Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն խորհրդի անդամ, Շարժայի շեյխ, դոկտոր Սուլթան բեն Մոհամմադ ալ Կասիմիի ողջույնն ու բարեմաղթանքները, գոհունակությամբ հաստատել է, որ հայ-արաբական կապերն ամուր են` համահունչ դարավոր բարեկամությանը։

Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային արժեքների ոչնչացման և յուրացման խնդիրը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել