Օրերս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն հայտարարեց Փորձարարական մշակումների նախագծերի մրցույթը, որը փոխարինելու է նախորդ տարիներին կազմակերպված Կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցույթին, այն տարբերությամբ, որ նախագծերը ավարտին պետք է ունենան որոշակի տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակ (technology readiness level-TRL):
Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանն ասում է՝ տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակը գաղափարից դեպի բիզնես, դեպի շուկա ընկած ճանապարհն է․ «Մենք ներդրել ենք, այսպես կոչված, TRL` technolgies readiness level, որը առաջին անգամ NASA-ում են արել, հետագայում ադապտացվել է տարբեր ոլորտների համար։ Որպես անալոգ վերցրել ենք «Հորիզոն Եվրոպայի» սանդղակը։ Տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակները 9-ն են։ Որպես կանոն գիտահետազոտական կազմակերպություններում կարողանում են մինչև չորրորդ մակարդակ հասցնել, ինչը ենթադրում է ստանալ լաբորատորիայում աշխատող նմուշ։ Մեր մրցույթում մենք ասում ենք՝ այն տեխնոլոգիան, որով դիմելու են մեզ, պետք է առնվազն մեկ աստիճանով բարձրանա։ Այսինքն՝ եթե 4 աստիճանով են դիմել, 5 դառնա, 5 են դիմել, 6 դառնա, բայց ոչ պակաս, քան 4-ը։ Եթե, օրինակ, տեխնոլոգիական պատրաստիության մակարդակը 2 է, նախագծի ավարտին առնվազն պետք է հասցնի 4-րդ մակարդակի»։
Գիտության կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով՝ նախկինում հայտարարված մրցույթներում հստակ չեն սահմանվել վերջնարդյունքները, իսկ այժմ կարող ենք վերջնարդյունք սահմանել․ «2020 թ․-ից ի վեր բոլոր մրցույթներում փորձել ենք սահմանել վերջնարդյունքներ։ Թեմատիկ մրցույթներում վերջնարդյունքները սահմանվում են միջազգային գիտակատեղեկատվական շտեմարաններում տպագրություններով (Scopus և Web of Science)։ Կան նաև կիրառական և երկակի մրցույթներ, որտեղ պարտադիր չէ, որ վերջնարդյունքը լինի հոդված։ Այն կարող է լինել տեխնոլոգիա, արտադրանք և այլն։ Սակայն հստակ սահմանված չունեինք՝ ինչ արդյունք ենք ուզում։ Լաբորատոր նմո՞ւշ ենք ուզում, ծրագի՞ր ենք ուզում։ Մենք էլ որոշեցինք, որ TRL-ներով վերջնարդյունք սահմանենք։ Եթե առնվազն 4 TRL ունենանք նախագծի իրականացման ավարտին, դա հստակ վերջնարդյունք է»։
Մովսիսյանն ասում է, որ այս փոփոխությունը կարող է բերել ոլորտի համակարգման․ «Մենք այս դեպքում կարող ենք վստահ լինել, որ ինչ խնդիրներ, նպատակներ դրել էինք ի սկզբանե, հաջողվեց անել, և ունենք որոշակի մակարդակ, որ արդեն ունի շուկա գնալու պոտենցիալ։ Այո, երկար ճանապարհ է անցնելու, դեռ շատ աշխատանք ունի անելու, բայց գիտենք՝ որտեղ է ինքը։ Մեզ մոտ նույնիսկ դիմողներն էլ չգիտեն՝ իրենց տեխնոլոգիան ինչ մակարդակում է։ Մենք ավելի շուտ էինք ուզում մտցնել և դանդաղորեն հանրույթին փորձում էինք պատրաստել սրան։ Նախորդ մրցույթների հաշվետվությունների մեջ ներառել էինք կետեր, թե Ձեր կարծիքով՝ ինչ TRL մակարդակ ունի վերջնարդյունքը։ Նաև կրթական գործոն կա, որ մեր գիտական և բարձր տեխնոլոգիական համայնքը նախ իմանա սրա մասին և փորձի հասկանալ, թե իր տեխնոլոգիան որ մակարդակում է։ Կախված նրանից, թե ինչ մակարդակում է իր տեխնոլոգիան, իր քայլերի հերթականությունը տարբեր է լինելու»։
Խոսելով այս նոր փոփոխության ռիսկերի մասին՝ Մովսիսյանը ասում է, որ գուցե գիտական համայնքը դեռ պատրաստ չէ և հնարավոր է՝ քիչ հայտադիմումներ լինեն․
«Սա էլ հոգ չէ։ Մենք կիրառական այլ մրցույթ ունենք, շարունակական գնում է։ Եթե նույնիսկ այստեղ քիչ հայտեր ունենանք, մյուս մրցույթով մենք կկարողանանք դաշտը փակել։ Սա նաև ժամանակային խնդիր է։ Ժամանակի ընթացքում մենք հասնելու ենք արդյունքի։ Համոզված եմ, որ կաշխատի, հարցը այն է, թե ինչ արագությամբ կաշխատի, եթե համակարգը դեռ պատրաստ չի։ Մեր գիտական մտքի վրա չեմ կասկածում։ Մենք կունենանք այդպիսի նախագծեր։ Հարցն այստեղ այն է, թե որքան շուտ կընկալեն այս գաղափարը ու կադապատացվեն»։
Նոր մրցույթներ՝ սփյուռքի ներուժը օգտագործելու համար
Գիտության կոմիտեն այս տարի առաջին անգամ հայտարարել է նաև «ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականներին ինտեգրմանը աջակցության», ինչպես նաև «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման» ծրագրերը։ Այս երկու մրցույթներն էլ, Մովսիսյանի խոսքով, միտված են նաև սփյուռքի ներուժը օգտագործելուն։
Արտերկրի գիտնականների ինտեգրման մրցույթը ենթադրում է, որ արտերկրի գիտնականները՝ հայազգի կամ ոչ հայազգի, ինչ-որ պահի որոշեն գալ Հայաստան ու այստեղ ստեղծեն իրենց գիտական խումբը կամ լաբորատորիան․ «Չափանիշներ կան, թե տվյալ գիտնականը ինչ ակադեմիական հետագիծ պետք է ունենա։ Իրենց տալիս ենք հնարավորություն, որպեսզի թիմ հավաքեն, և ստեղծեն իրենց գիտական ստորաբաժանումը։ Պարտադիր պայման է նոր գիտական ենթակառուցվածք ստեղծելը, որի ղեկավարը պետք է դառնան իրենք։ Այսպիսով շահում ենք նոր կադրեր ու մրցունակ գիտություն»։
Արտերկրի գիտնականների ինտեգրման մրցույթն արդեն ամփոփվել է։ Մովսիսյանն ասում է՝ սպասելիքները ավելին էին, քան արդյունքները․ «Ընդհանուր 9 հայտ ունեինք և շահողները 5-ն էին։ Մրցույթը իրենից ենթադրում էր և՛ գիտական փորձաքննություն, և՛ հարցազրույցի փուլ։ Շահողներից հինգն էլ տարբեր երկրներից են, չորսը՝ հայազգի են, մեկը ռուս է։ Եկել են Ռուսաստանից, Գերմանիայից, Նորվեգիայից, Շվեյցարիայից և Էստոնիայից։ Ֆինանսավորումը արդեն սկսվել է։ Իրենք ամբողջողվին ինտեգրվում են Հայաստանի գիտական համայնքին»։
Իսկ «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման» ծրագիրը արտերկրում ապրող գիտնականներին հնարավորություն է տալիս համագործակցել այստեղի գիտնականների հետ՝ Հայաստանում թույլ զարգացած գիտական ուղղությունները զարգացնելու համար։ Այժմ այս մրցույթը գիտական փորձաքննության փուլում է, իսկ նոյեմբերին տեղի կունենա հարցազրույցների փուլը․ «Այս դրամաշնորհային ծրագիրը ենթադրում է, որ լաբորատորիայի ղեկավարը՝ կայացած գիտնական, ով արտասահմանում է և աշխատում է այնտեղի գիտական կազմակերպությունում, պրոֆեսոր կամ այլ համարժեք պաշտոնի ու պատրաստ է իր ժամանակից որոշակի մաս հատկացնել, որպեսզի Հայաստանում էլ նոր գիտական խումբ ստեղծվի։ Հայաստանի խումբը սկզբնական շրջանում նույնիսկ կարող է կայացած չլինել, կարող է բաղկացած լինել երիտասարդներից, որոնք դեռ շատ բան ունեն սովորելու։ Կան ուղղություններ, որոնք աշխարհում ինտենսիվ զարգանում են, իսկ Հայաստանում դրանք կամ շատ թույլ են զարգացած, կամ չկան։ Հայաստանում նոր գիտական ուղղությունների ստեղծման ու զարգացման առումով սա լուրջ քայլ կլինի։ Խմբի անդամները տարվա ընթացքում երկու ամիս պետք է լինեն արտերկրում՝ իրենց ղեկավարի գիտական լաբորատորիայում, իսկ խմբի ղեկավարը յուրաքանչյուր տարի առնվազն չորս շաբաթ պետք է գտնվի ՀՀ-ում՝ խմբի հետ աշխատելու համար։ Հույս ունեմ, որ միմյանց հետ աշխատելով կկարողանանք ինչ-որ ուղղություններ զարգացնել»:
Մովսիսյանի խոսքով, ի տարբերություն մյուս դրամաշնորհային մրցույթների, այս մրցույթները հայտարարվելու են ամեն տարի․ «Մենք նոյեմբերի կեսերին նորից կհայտարարենք ինտեգրման մրցույթ։ Նույնիսկ մտածում ենք, որ տարվա մեջ երկու անգամ ամփոփենք։ Հարցը այստեղ ուղերձն է, որ ուղարկում ենք սփյուռքի, այլազգի գիտնականներին, որ Հայաստանը բաց է գիտնականներին ընդունելու համար։ Եթե դուք այնքան հավակնոտ եք, որ ուզում եք ձեր լաբորատորիան ստեղծել, համեցեք, կարող եք կատարողներին էլ դրսից բերել։ Արդեն մարդիկ կկարողանան պլանավորել, դիցուք մի մասին հարմար է մայիսին վերադառնալ, մյուսներին նոյեմբերին։ Կայունության տեսանկյունից մենք իրենց լավ առաջարկ ենք անում։ Այստեղ հիմնական աշխատանք ենք առաջարկում՝ բացի դրամաշնորհի գումարից։ Ենթակառուցվածքի ստեղծման պայման ենք դնում, այսինքն՝ ինքը արդեն իսկ լաբորատորիայի ղեկավարի պաշտոնով կարող է գալ»։
Գիտության կոմիտեի նախագահի տեղակալն ասում է, որ սրա նպատակը նաև որակյալ կադրերի ներհոսք ապահովելն է։ «Գիտությունը բաց է։ Հայերը և՛ պետք է գնան դուրս, և՛ դրսից պետք է գան Հայաստան։ Լրիվ նորմալ է, որ գիտնականները գնում են արտասահման և լավ պաշտոններ են զբաղեցնում։ Հարցը այն է, որ տարիներ շարունակ միակողմանի է եղել հոսքը, բայց մենք պետք է և՛ ուղարկենք, և՛ բերենք, բալանսը պահենք։ Ներհոսքը պետք է ավելի մեծ լինի, քան արտահոսքը, որպեսզի մենք կարողանանք համակարգը ակտիվացնել և գիտնականների քանակը աճեցնել։ Գիտնականների քանակը աճեցնելը մեզ համար ռազմավարական նպատակ է»։
Մովսիսյանը ներկայացրեց նաև, որ հերթական անգամ ամփոփել են Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների ծրագիրը, որը, նրա խոսքով, բավականին խոստումնալից ծրագիր է։ «Ակնկալիքները էլ ավելին են, քան արդյունքը, բայց դա համակարգաստեղծ ծրագիր է, երկարատև հեռանկարում մեր համակարգը սնող ծրագրերից է լինելու»։
Կան նաև երեք նոր ծրագրեր, որոնց մասին Գիտության կոմիտեն դեռ հայտարարելու է․ դրանք միտված են լինելու վերապատրաստմանը։
«Առաջինը, այսպես կոչված, PhD, երկրորդը PostDoc ուղարկելու ծրագիր է և վերապատրաստում։ Պետությունը իր միջոցներով գիտական կադրերին (և գիտությունների թեկնածուական աստիճան ունեցող և չունեցող) մինչև մեկ տարի ժամկետով ուղարկելու է աշխարհի լավագույն կենտրոններ վերապատրաստվելու՝ պայմանով, որ վերադառնալու են Հայաստան: Պետությունն է ապահովում իրենց գնալը, պետությունը պետք է պահպանի իրենց աշխատանքը, թեմաներում ընդգրկված լինելու հանգամանքը։ Վերապատրաստման մյուս ծրագրով կարող են լինել ինչպես գիտնականներ այնպես էլ նույնիսկ տեխնիկական աշխատողներ, որոնք պետք է դիցուք որևէ թանկարժեք սարքի հետ աշխատելու ունակությունները զարգացնեն, գնան, վերապատրաստվեն մինչև մեկ տարի ժամկետով»։
Խոսելով այս ծրագրերի նպատակների մասին՝ Մովսիսյանն ասում է՝ շատ կարևոր է, որ գիտնականները իրենց գործունեության ընթացքում «մեկ կազմակերպությունում չծնվեն ու մահանան»․ «Լավ կլինի, որ գիտնականը իր գործունեության ընթացքում տեսնի գիտական աշխարհը։ Գիտությունը բաց համակարգ է, յուրաքանչյուրը կարող է տեսնել աշխարհը գիտաժողովներին մասնակցելով, համագործացկություններին մասնակացելով և այլն։ Մենք այստեղ ավելացնում ենք նաև այն, որ գիտնականը կարճատև աշխատանքային փորձ կարող է ունենալ։ Նա, օրինակ, մի տարի աշխատում է Շվեյցարիայում կամ Ամերիկայում և երբ վերադառնա Հայաստան, նա էապես ուրիշ ձև է աշխատելու նույն գիտական կազմակերպությունում, քան եթե չտեսներ այլ կազմակերպություններում աշխատանքային մշակույթը»։
Նանե Ավետիսյան
comment.count (0)