ԵՄ քաղաքացիական առաքելությունների փորձը․ Վրաստան, նախկին հարավսլավական հանրապետություններ և այլ տարածաշրջաններ
15:52 - 21 հոկտեմբերի, 2022

ԵՄ քաղաքացիական առաքելությունների փորձը․ Վրաստան, նախկին հարավսլավական հանրապետություններ և այլ տարածաշրջաններ

Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունն արդեն  Հայաստանում է։ Խումբը բաղկացած է մոտ 40 հոգուց և Հայաստանում է լինելու առնվազն երկու ամիս ժամկետով։

Հոկտեմբերի 6-ին Պրահայում  տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության էին եկել հայ-ադրբեջանական սահման ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու հարցում։  Ըստ հայտարարության՝ Հայաստանը նախապես համաձայնել էր առաքելությանը, իսկ Ադրբեջանը համաձայն է «համագործակցել առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա»։ Հայտարարության տեքստից պարզ է դառնում, որ առաքելությունն իրականացվելու է Հայաստանի տարածքից։ 

ԵՄ միջնորդությամբ երկու երկրների համաձայնության հասնելուց մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 5-ին, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարել էր, որ Ադրբեջանը դեմ էր առաքելությանը։

«Ուրիշ ի՞նչ եք ուզում, որ մենք անենք։ Մենք չենք պատրաստվում ԵՄ զորքեր ուղարկել առանց երկու կողմերի համաձայնության»,- հայտարարել էր Բորելը։

Բորելն անդրադարձել էր նաև ԵԱՀԿ առաքելության՝ տարածաշրջան ուղարկվելու հնարավորությանը՝ նշելով, որ առավելագույնը, որ ԵՄ-ն կարող է անել, միջնորդի դեր ստանձնելն է մինչև ԵԱՀԿ առաքելությունը կգնա տարածաշրջան, ինչը չի լինի, եթե երկու երկրներն էլ չցանկանան։  

Հոկտեմբերի 18-ին՝ Նորվեգիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի տարածքում ԵԱՀԿ առաքելության տեղակայման որոշումը սպասվում է մոտ ապագայում։ 

Եվրոպական միությունը արդեն փորձ ունի տարբեր երկրներում, այդ թվում՝ նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում, քաղաքացիական առաքելություն իրականացնելու։ 

 

Քաղաքացիական և ռազմական առաքելություններ

Եվրոպական միությունը կարող է իրականացնել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական առաքելություններ, ինչպես նաև ռազմական գործողություններ։  Առաքելությունների մասին որոշումները կայացնում է Արտաքին գործերի խորհուրդը։

2003 թվականից սկած՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր ռազմավարության հաստատումից հետո,  Եվրոպական միությունն իրականացրել է 37 առաքելություն, որից 18-ը հիմա ընթացքի մեջ է։ 

Ընթացիկ առաքելություններից 11-ը քաղաքացիական է, 7-ը՝ ռազմական։ ԵՄ-ը քաղաքացիական և ռազմական առաքելություններ ունի ռազմական կոնֆլիկտ ունեցող մի շարք երկրներում, ինչպիսիք են Իրաքը, Լիբիան, Պաղեստինը, Վրաստանը, Կոսովոն և այլն։ 

Քաղաքացիական առաքելությունների անդամները զինված չեն, ուղարկվում են աջակցելու հակամարտությունների կարգավորմանը, սահմանների անվտանգությանը, անվտանգային ռեֆորմներին և այլն։ Ռազմական առաքելությունների դեպքում ուղարկվում է զինված անձնակազմ դասընթացների, ռազմական գործողությունների և այլ նպատակներով։ ԵՄ գործող ռազմական առաքելություններից մեկի նպատակն, օրինակ, ծովահենների դեմ պայքարն է։

Եվրոպայի տարածքում ԵՄ իրականացրած միակ ռազմական օպերացիան Բոսնիայի և Հերցեգովինայի տարածքում է եղել 2004 թվականին՝ պարտադրելու համար շուրջ  9 տարի առաջ կնքված հրադադարի պայմանագրի կետերի պահպանումը։ ԵՄ ռազմական առաքելությունների մեծամասնությունը ուսումնական է, հիմնականում՝ Աֆրիկյան երկրներում։ 

Հայաստան ուղարկվող առաքելությունը հաստատելուն զուգահեռ` ԵՄ-ն հաստատեց ավելի քան 15 000 ուկրաինացի զինվորականների վերապատրաստման առաքելությունը։

 

Վրաստան

Վրաստան Եվրոպական միության՝ 200 հոգուց բաղկացած քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշում կայացվել է 2008 թվականին՝ ռուս-վրացական պատերազմից հետո՝ դիտարկելու Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ սահմանային հատվածը։ ԵՄ-ը միջնորդել էր պատերազմի ավարտը հայտարարող 6 կետից բաղկացած պայմանագիրը, որի՝ ԵՄ առաջարկած նախնական կետը նախատեսում էր նաև ԵՄ կամ ՄԱԿ խաղաղապահ առաքելություն ուղարկել տարածաշրջան, սակայն կնքված պայմանագրում այդ կետը բացակայում էր։ 

Ռուսաստանը համաձայնություն տվել էր առաքելության՝ բուֆերային գոտում կամ Վրաստանի տարածքում գտնվելուն․ ո՛չ Աբխազիայի և ո՛չ Հարավային Օսեթիայի իշխանությունները թույլ չեն տալիս առաքելությանն անցնել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ, այսինքն՝ ԵՄ մանդատը գործում է միայն Վրաստանի տարածքում։ Այս առումով Վրաստանի առաքելությունը նմանություններ ունի Հայաստան ուղարկվելիք առաքելության հետ, որը գտնվելու է սահմանի միայն հայկական կողմում։ 

Ըստ հաղորդագրությունների՝ Վրաստանի ՊՆ-ը կատարել է սահմանամերձ շրջաններից ծանր զինտեխնիկայի դուրսբերման առաջարակը, մինչդեռ ռուսական կողմը չի արձագանքել դրան։ Այսինքն՝ ԵՄ առաքելությունը Վրաստանում միակողմանի է։ 

Մինչև 2008 թվականի առաքելության ուղարկումը ԵՄ-ը մեկ այլ առաքելություն էր ուղարկել Վրաստան 2005 թվականին՝ Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ առաքելության վրա վետո դնելուց հետո։ ԵՄ-ն ուղարկել էր երեք քաղաքացիական փորձագետների՝ սահմանային խնդիրների ուղղությամբ Վրաստանում աշխատելու համար․ ավելի մեծ առաքելություն ուղարկելուն դեմ էին արտահայտվել Իտալիան, Հունաստանը և Ֆրանսիան Ռուսաստանի առարկություններից հետո։ 

Ըստ ԵՄ պաշտոնական հաղորդագրությունների՝ առաքելության շոշափելի արդյունքներ գրանցելուն և խաղաղության հասնելուն խանգարում էին Ռուսաստանի ստեղծած խոչընդոտները, ինչպես օրինակ՝ ԵՄ պատվիրակությունների՝ Աբխազիայի և Օսեթիայի տարածք մուտքի արգելքը, զինատեսակների սահմանափակման մասին պայմանագիրը չկնքելը և այլն։ 

 

Նախկին Հարավսլավիայի մաս կազմող հանրապետություններ

Եվրոպական միության՝ շուրջ 16 տարի շարունակված և այժմ ավարտված առաքելություններից մեկը նախկին Հարավսլավիայի պետությունների տարածքում էր Սլովենիայի և Խորվաթիայի անկախության հռչակումից հետո, երբ Հարավսլավիայի ժողովրդական բանակը բախումներ սկսեց։ Լյուքսեմբուրգի, Պորտուգալիայի և Նիդերլանդների միջնորդությամբ Սլովենիան համաձայնվեց կնքել պայմանագիր և թույլատրել առաքելություն ուղարկել, որը պիտի հետևեր հրադադարի ռեժիմի պահպանմանը և հարավսլավական բանակի՝ Սլովենիայի տարածքից դուրսբերմանը։ Հաջորդող տարիների ընթացքում առաքելությունը ընդլայնել էր գործունեության սահմանները նախկին Հարավսլավիայի մաս կազմող մյուս պետությունների տարածքում։ 

 

Սահմանային առաքելություններ

ԵՄ քաղաքացիական առաքելությունների շարքում բավական շատ են սահմանների դիտարկման կամ սահմանային անվտանգության ապահովման առաքելությունները։

Այսպես, ուկրաինա-մոլդովական սահմանին ԵՄ սահմանապահ ծառայությունն իրականացնում է ԵՄ ստանդարտներին համապատասխան ծառայություն։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանի հետ կոնֆլիկտի ֆոնին ԵՄ-ը դիտորդական առաքելություն չի ուղարկել, սակայն 2014-ին ֆինանսավորել է ԵԱՀԿ առաքելությունը։ Այդ ժամանակ դիտորդներին գերի էին վերցրել Դոնեցկի և Լուգանսկի ուժերը։

ԵՄ առաքելությունն աջակցում է նաև Լիբիայի ցամաքային, օդային և ծովային սահմանների դիտարկմանն ու սահմանային ծառայության ռազմավարության մշակմանը։ Առաքելությունը կից է ՄԱԿ 2011 թվականին ստեղծված առաքելությանը և ստեղծվել է Լիբիայի կառավարության խնդրանքով՝ «աջակցելու անցումային իշխանություններին իրենց հետկոնֆլիկտային ջանքերում»։ 

Մինչև այս տարի ամառ գործում էր նաև Պաղեստինի տարածքում ԵՄ առաքելություն, որն աջակցություն էր ցույց տալիս պաղեստինյան իշխանություններին Պաղեստին-Իսրայել և Պաղեստին-Եգիպտոս սահմանահատումների և սահմանային այլ հարցերի շուրջ։ ԵՄ-ը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել 2005 թվականին սկսված առաքելությունը, եթե քաղաքական և անվտանգային իրավիճակը թույլ տա։

Գլխավոր լուսանկարը՝ Վրաստանում ԵՄ առաքելությունից

Անի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել