Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022-ի առաջին ութ ամիսներին աճել է 60 տոկոսով

 |armenpress.am|
17:43 - 21 հոկտեմբերի, 2022

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022-ի առաջին ութ ամիսներին աճել է 60 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի առաջին ութ ամիսներին աճել է 60 տոկոսով: Այս մասին էկոնոմիկայի նախարարությունում ասաց  Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:

Նրա խոսքով՝ հունվար-հուլիս ամիսներին տրանսֆերտներն աճել են մինչև 2,4 մլրդ դոլար, ինչը հինգ անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ:

«Ունենք հաջողված համագործակցության օրինակներ մի շարք ոլորտներում, այդ թվում էներգետիկայի, ֆինանսների,  դեղագործության, մեքենաշինության և այլ ոլորտներում: Կան կոնկրետ առաջարկներ ոսկու արդյունահանման գործարանի զարգացման, մետրոյի համար: Դիտարկվում է  Հայաստանում շինանյութերի, ինչպես նաև դեղագործական նյութերի  արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու նախագիծ»,- ասաց նա։

ՌԴ տնտեսական զարգացման նախարարը նշեց նաև, որ Հայաստանն ու Ռուսաստանը երկարաժամկետ ռազմավարական գործընկերներ են:

«Մենք բարձր ենք գնահատում հայ ձեռնարկատերերի հետաքրքրությունը ռուսական տնտեսության հանդեպ: Մեր գործարար միջավայրը պատրաստ է ընդլայնել իր ներկայությունը Հայաստանում: Մենք պատրաստ ենք շարունակել մեր համատեղ նախաձեռնությունները, սկսել նորերը, զարգացնել առևտրային հարաբերությունները»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմա ներդրումների համար շատ բարեհաջող շրջան է.  հնարավորություններն ավելի շատ են դարձել:

«Ռուսաստանն արդեն վաղուց սովորել է պատժամիջոցների առկայության պայմաններում ապրել և զարգանալ: Մեր ներքին շուկան և արտաքին տնտեսական կապերը ադապտացվում են ներկա իրավիճակին և այս պահին մեր տնտեսությունը դիմանում է աննախադեպ ճնշումների: Չնայած դրան, մենք կարողացել ենք պահպանել  մեր ֆինանսական  և արժութային կայունությունը»,-ընդգծեց նախարարը:

Պետք է ընդունել, որ պատժամիջոցները բացում են նոր հնարավորություններ գործընկեր երկրների բիզնեսի համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հավելեց, որ ռազմավարական զարգացման կենտրոնի ստեղծման որոշում կայացնելիս առաջին հերթին առաջնորդվել են սոցիալ-տնտեսական ոլորտում Հայաստանի ունեցած հետաքրքրություններով:

«Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնը ոչ միայն ուղղված է քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը, այլև դարձել է ինտելեկտուալ հարթակ, որը համախմբում է փորձագիտական հանրությանը»,-ասաց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել