Դատարանը մերժեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով մեղադրական եզրակացությունը դատախազին վերադարձնելու միջնորդությունը
22:23 - 24 հոկտեմբերի, 2022

Դատարանը մերժեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով մեղադրական եզրակացությունը դատախազին վերադարձնելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի վերաբերյալ գործի քննությունը։

Գրիգորյանը, հիշեցնենք, մահացել է հուլիսի 15-ին՝ իր իսկ գործով առաջին դատական նիստի ժամանակ։ Թեեւ Քրեական դատավարության օրենսգիրքը անձի մահը դասում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքների շարքին, սակայն սահմանում է, որ վարույթը կարող է շարունակվել, եթե մահացածի օրինական ներկայացուցիչը առարկում է կարճման դեմ՝ այն հիմքով, որ վերջինս չի կատարել իրեն վերագրվող հանցանքը։

Արմեն Գրիգորյանին վերագրվում է հրապարակայնորեն ազգային թշնամանք հարուցելուն, ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելը, որի համար հիմք է հանդիսացել հարցազրույցներից մեկի ժամանակ Շիրակի եւ Արարատյան դաշտավայրի բնակչությանը «թուրք» անվանելը։

Նախորդ դատական նիստին Գրիգորյանի որդին ներգրավվել է որպես օրինական ներկայացուցիչ եւ նպատակ ունենալով հասնել հոր արդարացմանը՝ պնդել, որ վարույթը շարունակվի։ Դատարանը ներկայումս նախնական դատական լսումների փուլում է։

Ըստ պաշտպանական կողմի՝ մեղադրանքը նոր օրենսգրքին համապատասխանեցնելու կարիք կա

Նիստի սկզբում դատարանը պետք է ճշտեր  ամբաստանյալի ինքնությունը, սակայն նրա բացակայությունը հաշվի առնելով՝ հրապարակեց նրա վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած որոշ տվյալներ։ Ըստ այդմ, Արմեն Գրիգորյանը ՀՀ եւ ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ, նախկինում դատված չի եղել, ծնվել եւ մեծացել է Երեւանում, ավարտել` Երեւանի պետական բժշկական համալսարանը։

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաքրքրվեց՝ պաշտպանական կողմը ստացե՞լ է մեղադրական եզրակացությունը, ինչին արձագանքելով՝ Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց՝ ոչ միայն ստացել են, այլեւ առաջին դատական նիստին դրա հետ կապված միջնորդություն են ներկայացրել, որը մնացել է չլուծված։ Խոսքը Գրիգորյանին մեղսագրվող հանցանքը Քրեական նոր օրենսգրքին համապատասխանեցնելու մասին է։

Լուսանկարում՝ պաշտպան Ռուբեն Մելիքյանը

Բանն այն է, որ Արմեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է սահմանում ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու համար։ Այս օրենսգիրքը, սակայն, 2022 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրել է, եւ նույն օրը ուժի մեջ է մտել 2021 թվականին ընդունված Քրեական նոր օրենսգիրքը, որում Գրիգորյանին մեղսագրվող արարք, թեեւ դարձյալ ներառվել է, սակայն տեքստուալ որոշակի փոփոխության է ենթարկվել։ Ըստ այդմ, նոր օրենսգրքի 329-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար։

Այս փոփոխությունը, ըստ պաշտպանական կողմի, սկզբունքային է, ուստի կարիք կա հստակեցնելու, թե իրենք կոնկրետ ինչից պետք է պաշտպանվեն։ Օրինակ՝ հին օրենսգրքում տեղ գտած ազգային արժանապատվությունը նվաստացնելու եզրույթը նոր օրենսգրքից բացակայում է, մեկ այլ տարբերություն է այն, որ հին օրենսգրքի թշնամանք հարուցելու եզրույթը վերաձեւակերպվել է թշնամանք հրահրել կամ քարոզել․ «Այժմ պաշտպանության մեր հնարավորությունը վտանգված է, որովհետեւ ի տարբերություն շատ այլ հանցակազմերի, որոնք որոշակի փոփոխությունների են ենթարկվել, այս դեպքում սկզբունքային փոփոխություններ ունենք, ծավալները էապես տարբեր են, եւ այս բոլորը հաշվի առնելով՝ մենք միջնորդել ենք, որ քրեական գործը վերադարձվի մեղադրողին, երեք օր ժամանակ տրամադրվի, որպեսզի մեղադրական եզրակացությունը փոփոխվի, մենք էլ իմանանք՝ ինչից ենք պաշտպանվում»,– ասաց Մելիքյանը՝ տեղեկացնելով, որ ստեղծված իրավիճակն իրենց համար որոշակի խոչընդոտներ է ստեղծում․ իրենք չեն կարողանում փորձաքննություն նախաձեռնել, քանի որ չգիտեն՝ հոդվածներից որ մեկի վերաբերյալ փորձագետին հարցեր հղեն՝ թշնամանք հարուցելո՞ւ թե՞ թշնամանք հրահրելու կամ քարոզելու։ Նշենք, որ թեեւ նախաքննության փուլում վարույթն իրականացնող մարմնի կողմից փորձաքննություն նշանակվել եւ իրականացվել է, սակայն դատավարական նոր օրենսգիրքը վարույթի մասնավոր մասնակցին եւս փորձաքննություն նախաձեռնելու իրավունք է տալիս։

Հանրային մեղադրողի կարծիքով՝ մեղադրյալին վերագրվող արարքը ամբողջությամբ ներառված է նոր օրենսգրքում

Խոսելով հին եւ նոր օրենքների համապատասխանության մասին՝ հանրային մեղադրող Արմեն Գեւորգյանը կարծիք հայտնեց, որ թեեւ գործող օրենսգրքի հիշյալ հոդվածում արարքի նկարագրությունը որոշակիորեն ձեւափոխվել է, սակայն այն ներառում է նախորդ օրենսգրքում նկարագրված արարքի օբյեկտիվ կողմի բոլոր գործողությունները:

Պաշտպան Ռուբեն Մելիքյանը խնդրեց մատնանշել՝ նոր օրենսգրքի 329-րդ հոդվածում որտե՞ղ է ներառված ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու էլեմենտը, որը հին օրենսգրքում էր առկա։

Լուսանկարում՝ հանրային մեղադրող Արմեն Գեւորգյանը

Մեղադրողը նշեց, որ հարցին հռետորական պատասխան կտա․ «Եթե անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքով պայմանավորված թշնամանք հրահրելը ոչ այլ ինչ է, քան ազգային արժանապատվության նվաստացում, ուրեմն այդ հարցի պատասխանը ես չունեմ կամ եթե նույն քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված անձի նկատմամբ խտրականություն դրսեւորելը, անհանդուրժողականություն եւ ատելություն սերմանելը չի վիրավորում այդ խմբի արժանապատվությունը, ապա բոլորովին այլ հարություն ենք տեղափոխվում»։

Պաշտպանական կողմն արձանագրեց, որ մեղադրողի համար, փաստորեն, նախորդ օրենսգրքի ազգային արժանապատվությունը նվաստացնելու էլեմետը դուրս չի եկել, եւ թեեւ մեղադրանքն իրենց համար հասկանալի չէ, սակայն իրենք գոնե իմացան, թե ինչից պետք է պաշտպանվեն։

Լսելով կողմերին՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց մերժել միջնորդությունը՝ արձանագրելով, որ այդ հարցին կողմերը կարող են անդրադառնալ նախնական դատալսումների ավարտից հետո՝ ելույթների ժամանակ։ Միեւնույն ժամանակ դատավորն ընդգծեց՝ եթե նախորդ օրենսգրքում առկա որակումը ավելի խիստ է, հանցակազմի տարրերը՝ ի վնաս մեղադրյալի ավելի մեծածավալ, ապա ենթադրելի է, որ դա մեկնաբանվում է հօգուտ մեղադրյալի, եւ ուժի մեջ է նոր, այսինքն՝ գործող օրենսգրքի նորմը։

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ Արմեն Գրիգորյանի ներկայացրած միակ փաստարկը մեղադրական եզրակացության մեջ տեղ չի գտել

Նախքան որոշում կայացնելը դատավորը ընթերցեց Քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածով սահմանված այն չափանիշները, որոնց մեղադրական եզրակացությունը պետք է համապատասխանի։

Այդ հոդվածը, ի թիվս այլնի, նախատեսում է, որ մեղադրական եզրակացության պատճառաբանական մասում վերլուծվեն մեղադրյալի մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն մեղադրյալի բերված փաստարկները, դրանց ստուգման համար ձեռնարկված գործողությունները, ինչպես նաեւ այդ փաստարկները հերքող ապացույցները: Դատավորն արձանագրեց, որ պատճառաբանական մասում այս տեղեկությունները առկա են, ինչին արձանագանքելով՝ պաշտպան Ռուբեն Մելիքյանը հարցրեց․ «Ի պաշտպանություն մեղադրյալի՝ որեւէ փաստա՞րկ է նշված»։

Մելիքյանը հայտարարեց, որ կենդանության օրոք, երբ Գրիգորյանը դեռեւս քրեակատարողական հիմնարկում էր, մի միջնորդություն է ներկայացրել քննիչին՝ խնդրելով այն կցել գործին եւ ճանաչել ապացույց։ Միջնորդության բովանդակությունը պաշտպանն ամբողջովին չբացահայտեց, նշեց միայն՝ այն հայ ժողովրդի պատմության, մասնավորապես, 1918-20–ական թվականներին վերաբերող ակադեմիական հատորներից մի էջ էր, որտեղ գիտական կոնկրետ տվյալներով ապացուցվում էր Գրիգորյանի անմեղությունը։ Քննիչը, սակայն, մերժել է այն գործի նյութերին կցելը, որոշումը բողոքարկվել է հսկող դատախազին, սակայն մեղադրական եզրակացության մեջ այն այդպես էլ չի ներառվել։

Լուսանկարում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված պաշտպանի այն դիրքորոշումը, որ հենց այդ փաստարկը պետք է տեղ գտներ մեղադրական եզրակացության մեջ։ Պատասխանելով հարցին՝ Մելիքյանն ընդգծեց, որ մեղադրյալը հրաժարվել է ցուցմունք տալուց, եւ դա նրա կողմից ներկայացված միակ փաստարկն է, ուստի գուցե հարգա՞նք դրսեւորվի անձի նկատմամբ։ Դատավորի հարցին՝ ի՞նչն է խոչընդոտում, որ հետագայում ներկայացնեն այդ փաստարկը գործին կցելու միջնորդությունը, պաշտպանը պատասխանեց, որ դա եւս բացառված չէ, սակայն քանի որ նոր օրենքը հնարավորություն տալիս է մեղադրական եզրակացությունը այդ հիմքով վերադարձնելու, դատարանն է որոշելու՝ ինչպիսի պրակտիկա ձեւավորել, ֆորմալիզմ դրսեւորե՞լ, թե՞ ոչ։

Ի վերջո, դատավորն արձանագրեց, որ մեղադրական եզրակացության անհամապատասխանություն օրենքին առկա չէ, ըստ այդմ, այն մեղադրողին վերադարձնելու կարիք չկա, իսկ ապացույց ճանաչելու միջնորդությունը կողմը կարող է դատական քննության փուլում էլ ներկայացնել։

Արմեն Գրիգորյանի հայտարարությունների վերաբերյալ հարցաքննվել են Շիրակի եւ Արարատի մարզի բնակիչներ

Հաջորդիվ կողմերը քննարկեցին հետազոտման ենթակա ապացույցների ծավալը։ Դատավորի հարցին ի պատասխան՝ հանրային մեղադրող Արմեն Գեւորգյանն առաջարկեց սահմանել ապացույցների հետազոտման հետեւյալ հաջորդականությունն ու ծավալը․ սկզբում հետազոտել ապացուցողական գործողությունների արձանագրությունները, մասնավորապես, զննությունների արձանագրությունները, ապա՝ փորձագետի եզրակացությունը, այնուհետեւ՝ արտավարութային փաստաթուղթ հանդիսացող լազերային սկավառակը, որից հետո՝ հարցաքննել դատակոչված վկաներին։ Այսինքն՝ մեղադրողն առաջարկեց պահպանել եւ հետազոտել մեղադրական եզրակացության մեջ ներառված բոլոր ապացույցները։

Պաշտպանական կողմը, սակայն, վերապահում ուներ վկաների ցուցմունքների վերաբերելիության առումով։ Պաշտպան Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց Քրեական դատավարության նոր օրենսգրքի այն պահանջը, ըստ որի՝ կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է հիմնավորել, թե իր առաջարկած` հետազոտման ենթակա յուրաքանչյուր ապացույց վերդիկտ կայացնելու համար նշանակություն ունեցող ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում։ Ըստ այդմ, նա խնդրեց, որ մեղադրողը պարզաբանի, թե վկաների ցուցմունքներով կոնկրետ ինչ է հերքվելու կամ հաստատվելու․ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից հարցաքննության են ենթարկվել Արարատյան դաշտավայրում եւ Շիրակի մարզում բնակվող վկաներ, որոնք արտահայտել են իրենց ընկալումները հարցազրույցների ընթացքում Արմեն Գրիգորյանի հայտնած մտքերի վերաբերյալ, այսինքն՝ վկաների ցուցմունքները հիմնավորում են ելույթում առկա առանձին ձեւակերպումների վերաբերյալ հասարակության անդամների ընկալումների մասին տեղեկություններ, հետեւաբար էական նշանակություն ունեն»,– պարզաբանեց մեղադրող Արմեն Գեւորգյանը։

Լուսանկարում՝ պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը, Արմեն Մաշինյանը

Պաշտպան Արմեն Մաշինյանն էլ հայտարարեց՝ կոնկերտ 4 վկաների՝ Արտյոմ Թումանյանին, Հունան Հակոբյանին, Գրիգոր Կարապետյանին եւ Վանիկ Դավթյանին հարցեր են ուղղվել բացառապես ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունների մասին, որը, ինչպես արդեն նշվեց, նոր օրենսգրքից հանվել է, հետեւաբար, այդ ցուցմունքները, ըստ պաշտպանի, այլեւս վերաբերելի չեն գործին։ Ավելի ուշ պատասխանելով մեր այն հարցին՝ արդյո՞ք այդ վկաները Շիրակի եւ Արարատի մարզից պատահականորեն ընտրված անձինք են՝ պաշտպանը պատասխանեց․ «Թող գան, կհասկանանք՝ պատահականորեն են թե ոչ, այդ հարցը մեզ էլ է հետաքրքրում»։

Արձագանքելով պաշտպանների հայտարարությանը՝ հանրային մեղադրող Արմեն Գեւորգյանը հիշեցրեց, որ ոչ մի տվյալ, ըստ օրենքի, նախապես հավաստի ապացույցի ուժ չունի, եւ ասաց, որ վկաների ցուցմունքների ըստ էության վերաբերելիությունը վերջնականապես կարող է գնահատվել միայն նրանց հարցաքննության արդյունքում։ Այնուհանդերձ, մեղադրողն ընդգծեց, որ պաշտպանության կողմը առանձնացրել է այն վկաներին, որոնք ելույթ են ունեցել եւ իրենց դժգոհությունն են արտահայտել Արմեն Գրիգորյանի մտքերի կապակցությամբ, եւ այդ ելույթի սկավառակը, այսպես թե այնպես, հանդիսանում է արտավարութային փաստաթուղթ․ «Քրեական գործով վկաները հայտնել են Գրիգորյանի կողմից իրենց նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված անհանդուրժողական, խտրականության, ատելության, ինչո՞ւ չէ, նաեւ թշնամանք հրահրելուն ուղղված ընկալումների վերաբերյալ եւ մատնանշել են, որ այս կամ այն քաղաքական ուժին հարելու կամ քաղաքական ուժի օգտին քվերակելու հանգամանքով պայմանավորված Գրիգորյանը նշված տարածաշրջանի բնակիչներին անվանել է թուրք։ Գտնում եմ, որ այդ խոսույթը եւ այդ արտահայտությունները, որ ենթադրաբար հնչեցվել են ազգաբնակչության հասցեին քաղաքական հայացքներով պայմանավորված, նրանց նկատմամբ խտրականության, անհանդուրժողական, ատելության եւ թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ են պարունակում, հետեւաբար վերաբերելի են եւ հաստատում են հատկապես այդ հանգամանքը»,– ասաց նա։

Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց, որ ապացույցների առկա ծավալը չհաստատելու հիմք այս պահին չունի, իսկ դրանց մանրամասն հետազոտումը այս փուլում չէ, որ պետք է իրականացվի։

Դատական նիստը հետաձգվեց՝ պաշտպանական կողմին փորձաքննություն նշանակելու նախաձեռնությամբ հանդես գալու ժամանակ տրամադրելու համար։

Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 11-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել