Բաբկեն Թունյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանի հայտնի բուհերը տեղ չեն գրավում «անգամ աշխարհի լավագույն բուհերի ոչ թե հազարյակում, այլ տասըհազարյակում»։ Պատգամավորը, սակայն, սխալվում է, որովհետև կան 1500-2000 հաստատություն ներառող վարկանիշային ցանկեր, որտեղ Հայաստանյան որոշ բուհեր ներառված են։
ԱԺ այսօրվա նիստի ընթացքում քննարկվող հարցերից էր Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Նախագծի քննարկման ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հարց ուղղեց նախագծի հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին։ Թունյանը հարցի ընթացքում այսպիսի միտք արտահայտեց․ «Բուհերի միավորման հետ կապված այս վերջին պատմությունները որ եղավ, ես, անկեղծ ասած, չգիտեի, էդ ժամանակ իմացա, որ մեր էն բոլոր հայտնի բուհերը, որոնք մենք համարում ենք առաջատար, տեղ չեն գրավում անգամ աշխարհի լավագույն բուհերի ոչ թե հազարյակում, այլ տասհազարյակում»։
Իրականում, սակայն, Երևանի պետական համալսարանն (ԵՊՀ) ու Հայ-ռուսական համալսարանն ընդգրկված են QS World University Ranking-ում։ Այս վարկանիշային ցանկը ներառում է 1500 կրթական հաստատություն, իսկ ԵՊՀ-ն և Հայ-ռուսական համալսարանը գտնվում են 801-1000 դիրքում։
Այս հարցին Infocom-ն անդրադարձել էր դեռ օրեր առաջ, երբ Բրյուսովի անվան համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստի ընթացքում բանավեճ էր սկսվել հայաստանյան բուհերի վարկանիշների վերաբերյալ։
Մենք ներկայացրել էինք, որ հայաստանյան ոչ մի բուհ ընդգրկված չէ Շանհայի վարկանիշային ցանկում։ Սակայն հայաստանյան տարբեր բուհեր ընդգրկված են վարկանիշային այլ ցանկերում։ The Times Higher Education-ի վարկանիշային ցանկում, օրինակ, ներառված է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը․ այս ցանկը ներառում է 1799 հաստատություն։ Ավելի քան 30 000 հաստատություն ներառող Webometrics-ի ցանկում էլ ԵՊՀ-ն, օրինակ, 3050-րդ տեղում է, Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ 4375, Հայ-ռուսական համալսարանը՝ 5011 (հայաստանյան այլ բուհեր կարող եք գտնել այստեղ)։
Այսպիսով, 1500 հաստատություն ներառող QS World University Ranking վարկանիշային ցանկում ԵՊՀ-ն և Հայ-ռուսական համալսարանը լավագույն 1000-յակում են։ Այլ ցանկերում ևս ներառված են հայաստանյան մի քանի բուհեր, որոնք ամենևին էլ տասըհազարերորդական տեղերում չեն։
Գլխավոր լուսանկարը՝ Sputnik-ի
Աննա Սահակյան
comment.count (0)