Արտահանողները վնասներ են կրում Լարսի կուտակումների հետևանքով, բայց իշխանությունները դիտորդի կարգավիճակում են |hetq.am|
18:45 - 02 նոյեմբերի, 2022

Արտահանողները վնասներ են կրում Լարսի կուտակումների հետևանքով, բայց իշխանությունները դիտորդի կարգավիճակում են |hetq.am|

hetq.am: Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, կառավարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքերում և սոցցանցերի էջերում այս օրերին կարելի է տեսնել նյութեր ու հաղորդագրություններ տնտեսական երկնիշ աճի ու տարատեսակ միջոցառումների մասին։ Բայց ոչ մի խոսք չկա այն մասին, որ արդեն երեք շաբաթ է՝ արտահանող հայկական ընկերությունների բեռնատարները կուտակվել են վրացական կողմում՝ Լարսի ճանապարհին, չկարողանալով հատել սահմանն ու Ռուսաստան հասնել։ Հերթերը ձգվում են կիլոմետրերով: Ռուսական կողմը խստացրել է վերահսկողությունը հայկական բեռնատարների նկատմամբ։

Բեռնափոխադրմամբ զբաղվող Դավիթ Կուռոյանը արդեն 15-օրն է՝ Վրաստանում է, որևէ կերպ չի կարողանում մոտենալ Վերին Լարսի անցակետին: Սև սալոր և մրգային ջեմեր է փորձում հասցնել Ռուսաստան: Սալորը արդեն փչանալու վտանգի առաջ է: 

«Մեզ ոչ ոք ոչ մի տեղեկություն չի տալիս: Տեսնելով, որ էլ ելք չկա, ինքս զանգել եմ նախարարություններ, բայց ոչ մի պատասխան: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ եմ կապ հաստատել օրեր առաջ: Նա օգնականի միջոցով ասել է, որ մեզ հետ կզանգեն, բայց էլի չեն արձագանքել: Նաև ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին եմ գրել, ասել է, որ Հայաստանում չէ, վերադառնա, կարձագանքի, բայց վերադարձել է և ոչ մի արձագանք»,- «Հետք»-ի հետ զրույցում պատմեց Դավիթը Կուռոյանը: 

Արտահանողները տարբեր խողովակներով փորձում են բարձրաձայնել հարցը՝ շեշտելով, որ հարվածի տակ է հատկապես գյուղմթերքի արտահանումը։

Սակայն պաշտոնական կողմից կամ արձագանք չեն ստանում կամ լավագույն դեպքում, ինչպես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, պնդում են, որ խնդիրը իրենց իրավասության շրջանակներից դուրս է։ 

Լարսի ճանապարհին առաջացած կուտակումների վտանգների մասին է ահազանգում նաև «Սպայկա» ընկերությունը, որը գյուղամթերք է արտադրում և արտահանում: 

«Գյուղմթերքի արտահանումը հերթական անգամ վտանգված է: ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանվող թարմ պտուղ բանջարեղենով բեռնված մեքենաները ավելի քան 17 օր շարունակում են կանգնած մնալ  Լարսի անցակետի վրացական կողմում 10-նյակ կիլոմետրանոց հերթի մեջ։ 2022 թ․ ընթացքում արտահանող ընկերությունները շարունակում են կրել մեծ վնասներ, որոնք այս պահին անհաշվելի են»,- դեռևս հինգ օր առաջ ահանազանգել է ընկերությունը՝ սոցցանցերում հրապարակելով կուտակումների մասին տեսանյութեր:

Ընկերության բեռնատարների մեծ մասը դեռևս կուտակումների մեջ են: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համարում է, որ անելիք չունի, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը լռում է

Hetq.am-ի նախորդ հոդվածից հետո արտահանմամբ զբաղվող բազմաթիվ ընկերություններ են արձագանքել, որոնցից և ոչ մեկին չի հաջողվել պատասխան ստանալ հայկական իշխանություններից, թե ինչու է ռուսական կողմը խստացրել հայկական բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը․ պատճառները քաղաքակա՞ն են, տնտեսակա՞ն, թե՝ անվտանգությանն առնչվող:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ արդեն պատասխանել են, որ տեղյակ են Լարսի կուտակումների մասին, սակայն համարում են, որ իրենք այս պահին ոչինչ անել չեն կարող: «Խնդիրը պայմանավորված է նրանով, որ ռուսական կողմը շատ խստացրել է անցակետերում հսկողությունը: Այդ իսկ պատճառով նման մեծ խցանումներ են: Բայց խնդիրը մեր նախարարության իրավասության շրջանակներից դուրս է»,- մեզ հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

Իսկ Էկոնոմիայի նախարարությունը առհասարակ լռում է այս թեմայով: Արդեն երկրորդ օրն է՝ մենք փորձում ենք նախարարի խոսնակ Լիլիթ Հակոբյանի միջոցով հասկանալ՝ արդյոք նախարարությունը որևէ գործողություն նախաձեռնե՞լ է Լարսում առաջացած կուտակումների թեմայով: Մինչև հոդվածը հրապարակելու պահը մեզ այդպես էլ մեկնաբանություն չեն տվել Էկոնոմիկայի նախարարությունից:

Փոխարենը թե՛ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական աճի մասին չեն մոռանում խոսել: «Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, ըստ էության, բում է ապրում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա համարում է, որ Հայաստանը հաղթահարել է  պատերազմի ու համավարակի տնտեսական դժվարությունները:

Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել