Հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային ձեւաչափը պետք է լինի Երեւան-Մոսկվա-Բաքու եռանկյունում․ Անդրանիկ Թեւանյան
17:17 - 05 նոյեմբերի, 2022

Հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային ձեւաչափը պետք է լինի Երեւան-Մոսկվա-Բաքու եռանկյունում․ Անդրանիկ Թեւանյան

Իմ անձնական պարտությունը կհամարեմ այն, եթե չկարողանանք էս վիճակից դուրս գալ։ Եթե մենք իրավիճակը չենք փոխում, անձամբ ես ինձ ոչ խորհրդարանում, ոչ էլ քաղաքական դաշտում այլեւս չեմ տեսնում։ Բայց ես համոզված եմ, որ մեր բոլորի միասնական ջանքերով պայքարելու ենք մինչեւ հաղթական ավարտ, երդվում եմ։ Այս մասին Ազատության հրապարակում հաջակցություն Արցախի հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

Նրա խոսքով՝ պետք է սխալներից հետեւություններ անել ու վերաիմաստավորել անցած ճանապարհը։ Նրա համոզմամբ՝ սխալվելն ամոթ չէ, բայց սխալները կրկնելն աններելի է, հետեւաբար պետք է արմատապես վերանայեն իրենց պայքարի մարտավարությունը, փոխեն գործիքակազմը, ընդլայնեն ձեւաչափը կամ նոր ձեւաչափ առաջարկեն․

«Ես գիտեմ, որ հիմա շատերի մոտ հուսահատություն է, հիասթափություն, իշխանություններն էլ անընդհատ հոռետեսություն են տարածում, ընկճվածություն, որ իբր մենք մենակ ենք, Հայաստանին ոչ մեկը չի օգնում, չկան դաշնակիցներ․ դա այդպես չէ, հավաստիացնում եմ, ես շփվել եմ մեր բարեկամ երկրների ազդեցիկ շրջանակների հետ, իրենք հավաստիացնում են, որ այս իշխանության պատճառով է նաեւ իրենց կեցվածքը, եւ եթե Հայաստանում փոփոխություն լինի, իրենք ամբողջությամբ եւ մեր պատկերացումներով կանգնելու են հայ ժողովրդի կողքին»,- ասաց Թեւանյանը՝ նշելով, թե «այսօրվա հանրահավաքը շատ խորհրդանշական է․ այն էստաֆետը վերցնում է 88-ի շարժումից, Արցախում SOS հնչեցրած մեծ հավաքից եւ իր հերթին էստաֆետը փոխանցում նոր փուլի»․

«Սա Հայաստանի գոյության կռիվ է այլեւս, եւ էդ կռիվը մենք ձեր հետ միասին պիտի տանք մինչեւ հաղթական ավարտ»,- նշեց պատգամավորը։

Թեւանյանը ներկայացրեց տասը թեզ՝ Հայաստանի ու Արցախի ապագայի եւ իրենց անելիքների մասին․

«1.  Պետք է փոխվի Հայաստանի անունից բանակցողը։ Եթե այդ փոփոխությունը չի լինում, աշխարհը համարում է, որ հայ ժողովուրդը համակերպվել է այս վիճակի հետ, թուրք-ադրբեջանական պահանջների ու նախապայմանների հետ, ու պատրաստ է այդ ամենի տակ ստորագրել։ Բանակցողին փոխելով՝ աշխարհին մեսիջ ենք հղում, որ համաձայն չենք այդ վիճակի հետ։ Պարտության դեմքը պետք է փոխվի եւ վերջ։

2. Բանակցողի փոփոխությունն անհրաժեշտ է, բայց միակ բավարար պայմանը չէ։ Չի կարելի թույլ տալ, որ Նիկոլին փոխարինի էլ ավելի Նիկոլ, կամ նրան փոխարինի մի տղայական, քյալլագյոզական մեկը, որը կասի, որ ես մեկ-երկու օրում ծովից ծով եմ բերելու, մեկ երկու օրից կստանանք պատերազմ ու պարտություն։ Բայց մեզ կայունություն ու խաղաղություն է պետք, որ մեջքներս շտկենք։

3. Չի կարելի հայ-ադրբեջանական բանակցային ձեւաչափը եւ արցախի հարցը դարձնել աշխարհաքաղաքական մրցակցության կռվախնձոր, դա միջազգային արկածախնդրություն է, ու միայն կորուստներ է բերում մեզ։

4․ Հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային ձեւաչափը պետք է լինի Երեւան-Մոսկվա-Բաքու եռանկյունում։ Աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցությունից շահում է միայն ադրբեջանը, ինչի չի կարելի թույլ տալ։

5․ Հայաստանը պետք է ժամանակ ու շունչ քաշելու հնարավորություն ստանա, մենք պետք է բանակցենք, ամեն մի ձեւակերպման համար կռիվ տանք, իսկ թիկունքում զարգացնենք տնտեսությունը, վերականգնենք բանակը, վերցնենք ներհասարակական թշնամության մթնոլորտը։

6․ Խաղաղության ու լարվածության թուլացման համար պետք է բացվեն կոմունիկացիաները՝ բացառելով միջանցքային տրամաբանությունը, սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի սովետական քարտեզներով, ՌԴ միջնորդությամբ, այնպես, որ դրանից չտուժեն մեր քաղաքացիների իրավունքները, մեր երկրի տարածքային ամբողջականությունը։

7. Արցախահայության աջակցության մասշտաբային ծրագրեր պետք է իրականցվեն, որպեսզի Արցախը չհայաթափվի։ Առանց Արցախի՝ Հայաստանի գոյությունը հարցականի տակ է հայտնվելու։

8․ Նոր բանակցողի պարագայում ներքին կյանքում պետք է բացառվի հին բարքերի կրկնությունը կամ այսօրվա այլասերված բարքերի վերարտադրոթյունը։

9. Մեզ պետք է ոչ միայն ուժեղ ու անվտանգ, այլ նաեւ արդար Հայաստան, որտեղ իրենց լիարժեք տեր կզգան բոլոր քաղաքացիները։ Սոցիալական բեռի տակ կքած ու արդարության կարոտ մարդն իրեն չի կարող պետության լիարժեք քաղաքացի զգալ։

10. Իշխանափոխության համար անհրաժեշտ է հասարակական, քաղաքական լայն համախմբում, պայքարի ընդլայնված կամ նոր ձեւաչափ, նոր որակի Հայաստանի հայեցակարգ, պրոֆեսիոնալ կադրեր, դաշնակիցների ու աշխարհի համար ընկալելի ու վստահելի քաղաքական կոդեր, կամք, վճռականություն, առաջնորդություն»։

Ամփոփելով ելույթը՝ Թեւանյանն ասաց, որ այս թեզերը կյանքի կոչելու համար մենք պետք է ըստ անհրաժեշոտթյան օգտագործեն խորհրդարանական եւ արտախորհրդարանական բոլոր գործիքակազմերը՝ առաջնորդվելով բացառապես իրենց օրակարգով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել