«Դիմադրություն» շարժումը, Ֆրանսիայի հրապարակում ամփոփելով հանրահավաքը, հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացրեց Արցախի ՊԲ գնդապետ Գուրգեն Մելիքյանը։ Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Մենք ողջունում ենք արցախահայ մեր քույրերի ու եղբայրների պայքարը շարունակելու հավաքական կամքը։ Արցախը չի կարող լինեն Ադրբեջանի կազմում․ այս գաղափարն է ՀՀ Անկախության հռչակագրի հիմքում, և մենք այն պաշտպանելու ենք ամեն գնով։
Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ՀՀ անկախության հռչակագրում ամրագրված դրույթների կայնքի կոչումը, սպառնում է հայկական Արցախի գոյությանը, արցախահայերի անօտարելի իրավունքների իրացմանը և երկիրը ներքաշում է աշխարհքաղաքական արկածախնդրության, փչացնում մեր հարաբերությունները դաշնակից ու բարեկամ պետությունների հետ, բերում է նոր պատերազմ, կորուստներ, կապիտուլյացիա։
Հայաստանը չպետք է հայտնվի Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետում։ Արտաքին կողմնորոշումների քաղաքականությունը Ղարաբաղյան Հանրապետության կարգավորման հիմքում դնելը վտանգավոր է ու անընդունելի։ Մենք կողմ ենք հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայց առանց նախապայմանների, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի, «Զանգեզուրի միջանցքը» պահանջելու թուրք-ադրբեջանական պահանջը չունի որևէ իրավական հիմք։ Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները․ վերադարձնի հայ ռազմագերիներին, պահվող այլ անձանց, դուրս բերի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից։
Թուրքիան չպետք է ՀՀ-ի հետ խոսի վերջնագրերի լեզվով։ Մեր առաջնային խնդիրները պետք է լինեն հանրային համերաշխության ապահովումը, բանակի վերականգնումը, Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։
Համաձայն ՀՀ Գերագուն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Մենք արձանագրում ենք՝ ներկայումս հայ ժողովրդի թիկունքում բանակցվում են մեզ համար սկզբունքային ու ճակատագրական նշանակություն ունեցող հարցեր։ ՀՀ ներկայիս իշխանությունը, ամբողջությամբ դրժելով իր իսկ նախընտրական խոստումները և կառավարության ծրագիրը, այդ բանակցություններում գնում է ՀՀ ինքնիշխանությունը, Արցախի գոյությունը հարցականի տակ դնող պայմանավորվածությունների։ Այդ պայմանավորվածությունները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին, քանի որ ընթանում են Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և դրա սպառնալիքի պայմաններում։ Մենք հայտարարում ենք, որ ՀՀ Սահմանադրության, ներպետական, օրինական ընթացակարգերի և միջազգային իրավունքի նորմերի խախտումներով Հայաստանի օրվա իշխանությունների գրավոր թե բանավոր հայտարարությունները, խոստումները, համաձայնությունները չունեն որևէ իրավական ուժ, և անխուսափելի իշխանափոխությունից անմիջապես հետո դիտվելու են առոչինչ։
Մեր համոզմամբ Հայաստանը միջազգային հարաբերություններում պետք է հանդես գա նոր բանակցողով։ Կոչ ենք անում ՀՀ և ԱՀ քաղաքացիներին, հայ ժողովրդին չտրվել հիասթափության ու հոռետեսության, պատրաստ լինել պայքարելու հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր երկրի անվտանգ ու բարեկեցիկ ապագայի», - ասվում էր հայտարարության տեքստում։
Գլխավոր լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի
comment.count (0)