news.am: Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանի պաշտպանական խմբի բողոքը եւ մերժել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Այս մասին ասաց Հասմիկ Մելիքյանի պաշտպան Արման Թամրազյանը։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը եւ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունը, Բերդ համայնքի ղեկավարի եւ «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջեւ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու եւ պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով, 2022 թվականի օգոստոսին վերջինիս հարկադրել են ընդգրկվել հիշյալ դաշինքում եւ նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրկան քարոզչություն կատարելուց:
Նրանց նկատմամբ հարուցվել էր քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով, իսկ նույն համայնքի Ներքին Կարմրաշուրթ բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամաբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով:
Սեպտեմբերի 29–ին էլ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու ցուցակի երկրորդ համարը՝ Սամվել Հովսեփյանը, որը Բերդ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Սամվել Հովսեփյանը նույնպես մեղադրվում է Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։
ՔԿ–ի հաղորդմամբ՝ տեսնելով, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չի տրվում իրենց սպառնալիքներին եւ չի կատարում իրենց պահանջները, աշխատակազմի քարտուղարը, նրա կամքի եւ գիտակցության վրա առավել գործուն միջոցով ազդելու եւ իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար, Բերդ համայնքի ղեկավարի տեղակալի ստորագրությամբ, ծանուցագիր էր ուղարկել՝ հիշյալ պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին, սակայն տեղեկանալով, որ վերջինս պատրաստվում է իրենց հանցավոր գործողությունների վերաբերյալ հայտնել իրավապահ մարմիններին, նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չէին լուծել:
Հասմիկ Մելիքյանի, Լեւոն Առաքելյանի եւ Սամվել Հովսեփյանի պաշտպանական կողմերը կալանավորման որոշումների դեմ բողոքներ էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։
Քննչական կոմիտեն նախօրեին՝ նոյեմբերի 7–ին, հաղորդեց, որ ավարտվել է Բերդում ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է»։ Խոսքը Լեւոն Առաքելյանի եւ Սամվել Հովսեփյանի մասին է։
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: Հասմիկ Մելիքյանի պաշտպան Արման Թամրազյանն ասաց, որ դատաքննության ժամանակ դիրքորոշում կհայտնեն մեղադրանքն ընդունել–չընդունելու հետ կապված։
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններում հաղթել էր շուրջ տասնմեկ ամիս անազատության մեջ գտնվող համայնքապետ Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝ «Զորավոր համայնքը»։ «Զորավոր համայնքը» ունի 11, իշխող ՔՊ–ն՝ 8, «Արժանապատիվ սերունդն» էլ՝ 2 մանդատ։ Ավագանու անդամների նկատմամբ քրեական հետապնդումները սկսվել էին ընտրություններից առաջ։ Կալանավորվելուց հետո՝ հոկտեմբերի 2–ին, Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Հովսեփյանը հացադուլ էր հայտարարել, իսկ օրեր անց դադարեցրել հացադուլը։ Օրեր անց էլ ընտրություններում 50 տոկոսից ավելի ձայն ստացած «Զորավոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հարությունը Մանուչարյանը, ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Սամվել Հովսեփյանը եւ 10-րդ համար Սարգիս Մարգարյանը ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել։ Սա նշանակում է, որ Բերդում հաղթած ուժը համայնքապետի նոր թեկնածու կառաջադրի։ Համայնքապետի ընտրության օրակարգով ավագանու առաջին նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 10–ին։
Հոկտեմբերի 7–ին էլ Հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանը Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել։
comment.count (0)