Իլհամ Ալիեւը սպառնալիքներ է հնչեցրել գրավված Շուշիից
17:29 - 08 նոյեմբերի, 2022

Իլհամ Ալիեւը սպառնալիքներ է հնչեցրել գրավված Շուշիից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ նոյեմբերի 8-ին, իրենց բնորոշմամբ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ ելույթ է ունեցել Արցախի գրավված Շուշիում։

Ալիևը կրկին պնդել է, թե Հայաստանը չի կատարում 2020թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերը, մասնավորապես, «ամբողջությամբ չի դուրս բերել իր զինված ուժերը Ղարաբաղից, չի տրամադրել «Զանգեզուրի միջանցքը» և պարբերաբար ռազմական սադրանքներ է անում»։

«Իհարկե, մենք պետք է պատրաստ լինենք և պատրաստ ենք»,- ասել է Ալիևը։

Ալիևը նշել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և ռուս խաղաղապահները այնտեղ ժամանակավոր են․ «Մենք արդար երկիր ենք, եթե ինչ-որ պարտավորություն ենք ստանձնել, ուրեմն կատարում ենք։ Մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմ չենք ուզում։ Խաղաղություն, բայց արդար խաղաղություն։ Մեր առաջ քաշած պայմանները արդար են՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, և խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի այդ պայմաններով»,- նշել է Ալիևը։

Ալիևը նշել է, թե 2022թ․ սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են հայ-ադրբեջանական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում ու «Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում»։

«Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Այսօր այս ռազմավարական բարձունքներից տեսնում ենք Վանաձոր, Կապան, Գորիս և Ջերմուկ քաղաքները։ Մեր աչքի առաջ է նաև Սևանա լիճը։ Այս ամենը իրականություն է»,- ասել է Աիլևը։

Ադրբեջանի նախագահը անդրադարձել է նաև Իրանի՝ այս տարվա հոկտեմբերին Արաքսի շրջակայքում անցկացրած սահմանային զորավարժություններին․

«Մեր բանակը ցուցաբերել է հերոսություն, պրոֆեսիոնալիզմ և նվիրում։ Հարկ եղած դեպքում, սա եւս մեկ անգամ ցույց կտանք ու կհասնենք մեր ուզածին․ սա գիտեն բոլորը, թող սա իմանան նաեւ նրանք, ովքեր մեր սահմանին զորավարժություններ են անցկացնում ի պաշտպանություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել»,- նշել է Ալիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել