Նախօրեին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման տաղավարում «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների, Փաշինյան-Էրդողան, Փաշինյան-Ալիեւ բանակցությունների մասին, ասել է․
[20:26] «Վերջերս լուրեր գնաց, որ Կարս քաղաքում պետք ա տեղի ունենա հանդիպում Նիկոլ Փաշինյանի եւ Էրդողանի [միջեւ]։ Հիմա տրամաբանական հարց․ էս ստացվում ա, որ դուք կատարել եք Թայիփ Էրդողանի ասածները, եւ նա ձեզ ընդունում ա, ընդ որում՝ Կարս քաղաքում, եւ էդ Կարս քաղաքում պատրաստվում ա մի փաստաթուղթ ստորագրվել՝ հաշտության պայմանագիր, որով իբր Հայաստանը ոչ մի պահանջ չունի Թուրքիայի հանդեպ»։
Ավետիսյանի պնդումները, սակայն, իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում։ Բանն այն է, որ լուրեր չեն շրջանառվել, թե Փաշինյանն ու Էրդողանը հանդիպելու են Կարսում։ Թեեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում Կարս քաղաքի մասին հիշատակում իրականում եղել է․ մասնավորապես, հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, այս տարվա օգոստոսի 11-ին հաղորդել էին [1, 2], որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական՝ հինգերորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին, Կարս քաղաքում։
Սակայն ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը նույն օրը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել էր, որ այդ պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չկա, եւ որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին իրենք հանրությանը պատշաճ ժամկետներում, նախօրոք տեղեկացնում են։
Այդ մեկնաբանությունից հետո Կարսում հանդիպում անցկացնելու հավանականության մասին այլ լուրեր չեն տարածվել, համենայն դեպս հայկական մեդիատիրույթում։ Իսկ Փաշինյան-Էրդողան՝ Կարսում կայանալիք հանդիպման մասին ընդհանրապես խոսք չի եղել։ Քննարկումները եղել են այն կոնտեքստում, որ հանդիպումները կարող են անցկացվել կամ Հայաստանում, կամ Թուրքիայում։
Թեեւ այս առնչությամբ էլ հարկ է նշել, որ այս տարվա հոկտեմբերի 25-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հերքել է թուրքական «Սաբահ» պարբերականի տեղեկությունը, թե բանագնացների առաջիկա հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում կողմերի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը մինչ այժմ չորս հանդիպում են ունեցել՝ առաջինը Մոսկվայում, մյուսները` Վիեննայում․ վերջին հանդիպումը եղել է հուլիսի սկզբին։ Այդ հանդիպման ժամանակ Հայաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում, թեեւ մինչեւ հիմա ո՛չ Երեւանը, ո՛չ Անկարան չեն նշել, թե երբ կսկսեն իրագործել այդ պայմանավորվածությունը:
Իսկ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են միայն մեկ անգամ՝ Չեխիայում, որտեղ էին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին։ Հանդիպման ժամանակ կողմերը շեշտել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը:
Այսպիսով, Կարսում հայ ու թուրք պաշտոնյաների հանդիպման հավանականության մասին լուրերը շրջանառվել են ոչ թե վերջերս, այլ ամիսներ առաջ՝ օգոստոսին։ Դրանց մասին սկզբում գրել են թուրքական աղբյուրները, լուրերը հրապարակվել են նաեւ հայկական աղբյուրներում, սակայն պաշտոնական գերատեսչությունների ներկայացուցիչները՝ մասնավորապես ՀՀ ԱԳՆ խոսնակն ու ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, առնվազն պաշտոնապես չեն հաաստատել այդ տեղեկությունները։
Բացի դրանից՝ որեւէ տեղեկություն չի շրջանառվել այն մասին, թե Կարսում հանդիպելու են Էրդողանն ու Փաշինյանը, դրա վերաբերյալ այժմ էլ չկա նախնական պայմանավորվածություն։ Ինչ վերաբերում է հնարավոր ստորագրվելիք փաստաթղթին, ապա որեւէ կոնկրետ փաստաթղթի եւ դրա բովանդակության մասին պաշտոնական տեղեկություններ չկան։ Այսպիսով, «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի պնդումը, թե վերջերս լուրեր են շրջանառվել, որ Կարսում պետք է հանդիպեն Էրդողանն ու Ալիեւը, իրականությանը չի համապատասխանում։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)