Խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը նաև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստում է․ Փաշինյանը պատասխանեց Ալիևի հայտարարություններին
11:27 - 10 նոյեմբերի, 2022

Խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը նաև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստում է․ Փաշինյանը պատասխանեց Ալիևի հայտարարություններին

Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքակական հավականությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում՝ անդրադառնալով նոյեմբերի 8-ին ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած մի շարք հայտարարություններին։

«Միջազգային հանրությանն ուղղված անհասցե և ՀՀ-ին ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները և պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել ՀՀ-ին, մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը»,- նշեց Փաշինյանն՝ ընդգծելով, որ Ալիևի հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ։

Փաշինյանի խոսքով՝ «տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է ընդամենը օրեր առաջ՝ ս․ թ․ հոկտեմբերի 31-ին, Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին»։

«Ի հեճուկս Սոչիի հոկտեմբերի 31-ի և ս․թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարության՝ Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին, հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլ անունների սպառնալից օգտագործմամբ, խաղաղ բնակչությանը ահաբեկելու ակնհայտ մղումով։ Ադրբեջանի կողմից եռակողմ և այլ ձևաչափերով ընդունված հայտարարությունների և պայմանավորվածությունների խախտումները քրոնիկ բնույթ ունեն, ինչը արտահայտվում է հետևյալում․ 2020թ․-ի դեկտեմբերին Ադրբեջանը ապօրինի կերպով օկուպացրել է ԼՂ-ի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերը և հարակից տարածքները՝ ի հեճուկս 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի՝ ԼՂ հակամարտության գոտում իրականացվում է կրակի ամբողջական դադարեցում, դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները, և կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա իրականացրել է նաև 2022թ․-ի մարտին՝ ներխուժելով ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի և խախտելով 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծը, և հիմա Ադրբեջանի նախագահը հպարտությամբ դա անվանում է «Օպերացիա Փառուխ»։

«Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը նաև 2020թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված շփման գծում՝ զուգահեռաբար հայտարարելով, թե ԼՂ գոյություն չունի։ Այս պնդումը ինքնին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։ Նաև Ադրբեջանի կողմից ստորագրված այդ հայտնի փաստաթղթում 4 անգամ հիշատակվում է ԼՂ անունը։ Ադրբեջանը մինչև օրս քայլեր չի ձեռնարկել նաև ԼՂ հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավություն է ստանձնել միջազգային մի շարք հարթակներում»,- նշեց նա։

ՀՀ վարչապետը ասաց, որ զուգահեռաբար Ադրբեջանի կողմից փորձ է արվում կառուցողական երևալ,  և հայտարարվում է, թե ԼՂ-ի հայերը իրենց քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված է․ «Թե այս պնդումը որքանով է իրականությանը համապատասխանում, կարելի է գործնականորեն ապացուցել՝ ստուգելով, թե Ադրբեջանը ինչ պայմաններ է ստեղծել և ինչ քայլեր է ձեռնարկել Հադրութի և ԼՂ-ի այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 2020թ․-ի 44-օրյա պատերազմի հետևանքով։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂ-ում խաղաղապահները տեղակայվում են հնգամյա ժամկետով հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով։ Սա, ըստ էության, նշանակում է, որ խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը, և փարատված չեն ԼՂ հայության անվտանգային բոլոր մտահոգությունները»։

Փաշինյանի խոսքով՝ 2021թ․-ի նոյեմբերի 26-ի և 2022 թ․-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններով Ադրբեջանի նախագահը ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային, կարևոր ներդրումը նրա տեղակայման գոտում անվտանգության և կայունության ապահովման գործում․ «Ավելին՝ ճանաչել է տարածաշրջանում իրավիճակի կայունության գործում խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը։ Սոչիի երկու հայտարարությունների տակ ստորագրելով և այս արձանագրումներն անելուց հետո՝ առանց ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային հստակ երաշխիքների՝ խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն նշված եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել