Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ ՀՀ-ին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են․ Փաշինյան
11:54 - 10 նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ ՀՀ-ին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են․ Փաշինյան

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հակոտնյա գործողությունների և հայտարարությունների մեջ է մտնում նաև Լաչինի միջանցքի շուրջ արդեն երկար ժամանակ Ադրբեջանի կողմից զարգացվող մանիպուլյատիվ խոսույթը և փորձը՝ զուգահեռներ գծել Լաչինի միջանցքի և 2020թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարության իններորդ կետով նախատեսված տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման միջև։ Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին։

«Ադրբեջանի նախագահը փորձում է հիմքեր ստեղծել, մտացածին հիմքեր՝ Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, ԼՂ հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության և հայրենազրկման ենթարկելու համար, մինչդեռ 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավորումները նման զուգահեռների տեղ չեն թողնում, և սա հիմնավորվում է մի քանի փաստերով։ Լաչինի միջանցքի մասին եռակողմ հայտարարության 3-րդ և 6-րդ կետերում գրված է՝ Լաչինի միջանցք։ Այսինքն՝ Լաչինի միջանցքը ուղիղ անվանված է որպես այդպիսին։ Նույն հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ ՀՀ որևէ տարածքի, ո՛չ որևէ տեղանվան հիշատակում։ 

Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է կամ տրանսպորտային ուղի, այլև 5 կմ լայնությամբ տարածք։ 9-րդ կետում որևէ նման տարածքի հիշատակում չկա և խոսքը  տրանսպորտային հաղորդակցության մասին է։ Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ 9-րդ կետում ասվում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողություն իրականացվում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը»,- մանրամասներ ներկայացրեց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ այս հարցը լրացուցիչ պարզաբանված է նաև ՌԴ նախագահի՝ 2020թ․-ի նոյեմբերի 10-ի՝ ԼՂ-ում խաղաղության ապահովման մասին թիվ 695 հրամանագրի երրորդ կետով, որտեղ նշում է․ «ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը․ իրականացնել հսկողություն ՀՀ կողմից Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ քաղաքացիների ապրանքների, տրանսպորտային միջոցների անխոչընդոտ երկկողմանի շարժման համար։ Այսինքն՝ մեր սուվերեն տարածքի նկատմամբ հսկողության և մեր սուվերեն որևէ գործառույթի օտարման մասին խոսք չկա և չի կարող լինել։ Խոսքը պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին է»։

Փաշինյանը նշեց, որ պայմանավորվածություն ասելով՝ պետք է նկատի ունենալ հայտարարությունը, որովհետև որևէ այլ պայմանավորվածություն, բնականաբար, չի կարող լինել։ 

«Եվ միայն սա կարող է անել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը։ Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ստեղծվել է միայն ու միայն ԼՂ-ի ու Հայաստանի միջև անխափան և անվտանգ կապ ստեղծելու նպատակով՝ որպես անվտանգության երաշխիք, որպես կյանքի միակ և անայլընտրանք ճանապարհ ԼՂ-ի համար։ 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերը ապաշրջափակելու մասին է, և միայն այդ համատեքստում է հիշատակվում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունը, և այս հաղորդակցությունը, ըստ այդմ, տարածաշրջանի տրանսպորտային  և տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացի մաս է։ Սա ակնհայտ է դարձնում նաև 2021թ․-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը, որը 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի բացվածքն է, նրա իմաստը բացատրող փաստաթուղթ»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է արձանագրել, որ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ ՀՀ-ին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են։ 

Նրա խոսքով՝ այդ կետով ՀՀ-ն ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ընդ որում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ հիշատակված չէ որևէ կոնկրետ երթուղի։

«ՀՀ-ն մշտապես պատրաստ է եղել և հիմա էլ պատրաստ է նման հաղորդակցություն ապահովել, և այդ նպատակով է շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին հսկիչ անցագրային կետեր ստեղծելու մասին, և այդ որոշման ընդունման արդյունքում Ադրբեջանը կարող է ՀՀ-ի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Այդ որոշումը չի ընդունվում միայն մի պատճառով․ Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը»,- ասաց Փաշինյանը՝ մանրամասնելով, որ սա նշանակում է՝ ՀՀ-ն լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը, և Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից։ 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նման մերժողականությունը բացարաձակապես անհասկանալի է․ «Եթե Ադրբեջանը իսկապես խաղաղություն է ուզում և տրամադրված է խաղաղության, ինչպես հայտարարում է, եկեք բացենք այդ հսկիչ անցագրային կետերը, եկեք մարդկանց համար հնարավորություն ստեղծենք։ Պարզ է, նրանք սկզբից կտատանվեն, կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ, թե՛ ՀՀ-ի, թե՛ ադրբեջանական հանրապետության քաղաքացիները միանշանակորեն կսկսեն օգտվել տեղաշարժի այս նոր հնարավորությունից։ Ինչ վերաբերում է նոր ճանապարհների կառուցմանը, ՀՀ-ն նման պարտավորություն 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ հայտարարությամբ կամ փաստաթղթով պարզապես չունի։ Հայտարարության 9-րդ կետը նման հնարավորություն նախատեսում է կողմերի համաձայնության պարագայում, և ՀՀ-ն պատրաստ է տալ իր համաձայնությունը, իսկ համաձայնությունը չի կայանում միայն մի պատճառով։ Ադրբեջանը շարունակում է ծավալել ձեռքբերված պայմանավորվածություններին և ստորագրված հայտարարություններին հակասող ագրեսիվ հռետորաբանություն և գործողություններ»։

Փաշինյանը նշեց, որ հատուկ ընդգծման կարիք ունի այն փաստը, որ Ադրբեջանի նախագահը ինքն է դրժել 2021թ․-ի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ ձեռքբերված պայմանավորվածությունը, որի մասին նաև հրապարակային հայտարարություն է եղել։

«Ըստ այդմ, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքները և հստակ արձանագրել էին, որ երկաթուղին գործելու է երկու երկրների օրենսդրություններին համապատասխան։ Մի քանի օր անց Ադրբեջանի նախագահը ինքը հրաժարվեց այս պայմանավորվածությունը ամրագրող փաստաթղթի ստորագրումից։ Թվում էր, թե շատ պարզ իրավիճակ է, ընդամենը պետք էր այն, ինչ արդեն հրապարակային հայտարարվել էր, պետք էր դնել թղթի վրա և ուղղակի ստորագրել, բայց Ադրբեջանը հրաժարվեց այս գործողությունից»,- ասաց ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ այսօր էլ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է դրանից․ «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հենց այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այս պայմանավորվածությունը ամրագրող փաստաթուղթը։ Խոսքը այն պայմանավորվածության մասին է, որի վերաբերյալ ես ֆեյսբուքյան իմ էջում գրառում եմ արել և կառավարության նիստում էլ եմ այդ թեմայով հայտարարություն արել, հանձնարարականներ տվել և այսպես շարունակ»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահը ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը ՀՀ-ն գրավոր ձևակերպել և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021թ․-ի դեկտեմբերին․ «Ընդ որում, մենք պատրաստվում ենք առաջիկայում այս թեմայով նոր առաջարկ ներկայացնել, և ընդ որում, մենք այս թեմայով ևս մի լրացուցիչ պահեստային առաջարկ ունենք»։

Փաշինյանի խոսքով՝

  • Ադրբեջանի նախագահն ինքն է դրժում ԼՂ հիմնախնդրի համապարփակ հասցեագրման պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել 2021թ․-ի դեկտեմբերին Բրյուսելում։
  • Ադրբեջանի նախագահն ինքն է դրժում ԼՂ կարգավիճակի հարցը անժամկետ հետաձգելու տարբերակը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2020թ․-ի նոյեմբերին ՌԴ նախագահի միջնորդությամբ։
  • Ադրբեջանի նախագահը ինքն է խախտում 2021թ․-ի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված հայտարարությունը և դրժում ձեռքբերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է ընթանա սահմանային անվտանգության ապահովման պայմաններում և բացառի ցանկացած էսկալացիա։
  • Ադրբեջանի նախագահը ինքն է դրժել 2021թ․-ի դեկտեմբերին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ ամենավտանգավոր տարածքներում պետք է իրականացվեր զորքերի հայելային հետքաշում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել