ՀՀ Կառավարությունը չի իրագործում գիտության և պաշտպանական ԳՀՓԿԱ համար իր հաստատած միջոցառումներով նախատեսած ներդրումները. «Գիտուժ» նախաձեռնություն
14:00 - 10 նոյեմբերի, 2022

ՀՀ Կառավարությունը չի իրագործում գիտության և պաշտպանական ԳՀՓԿԱ համար իր հաստատած միջոցառումներով նախատեսած ներդրումները. «Գիտուժ» նախաձեռնություն

«Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարություն-վերլուծություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ Կառավարությունը չի իրագործում գիտության և պաշտպանական ԳՀՓԿԱ համար իր հաստատած միջոցառումներով նախատեսած ներդրումները։

«ՀՀ Կառավարությունը վերջին երկու տարիների ընթացքում չկարողացավ անհրաժեշտ մասշտաբով և արագությամբ մեկնարել Հայաստանի գիտական և տեխնոլոգիական արդիականացման գործընթացը։

2021թ. Կառավարության ընդունած մինչև 2026թ. միջոցառումների ծրագիրը նախատեսում էր բավականին հավակնոտ ներդրումներ անել գիտության մեջ։ Սակայն բյուջեի կատարողականների, եկող տարիների բյուջեի պլանների և պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների ծրագրի բյուջեի ուսումնասիրությունը, հիմք է տալիս եզրակացնել, որ հաջորդ մի քանի տարիների ընթացքում ծրագրերով նախատեսված հատկացումներն ամբողջությամբ չեն իրագործվելու, և Կառավարությունը վերջնականապես տապալելու է Հայաստանի գիտական և տեխնոլոգիական արդիականացման, ԳՀՓԿ աշխատանքների պետական պատվերի զարգացման գործընթացը։

Վերոնշյալի մասին են վկայում հետևյալ փաստարկները.

  1. Կառավարությունն ամբողջությամբ չի իրագործում և այս պահի դրությամբ չի պլանավորում իրագործել գիտության և ԳՀՓԿ աշխատանքների համար իր իսկ հաստատած միջոցառումների ծրագիրը։

Ըստ Կառավարության մինչև 2026թ. միջոցառումների ծրագրի [ էջ 274-287] նախատեսվում էր ամեն տարի ավելացող ներդրումներ անել գիտության մեջ։

Համադրելով այդ ներդրումների թվերը 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում ներառած պաշտպանական ԳՀՓԿ աշխատանքների համար նախատեսված հատկացումների [3] հետ (Կառավարության միջոցառումների ծրագրում բացակայում է պաշտպանական ԳՀՓԿ աշխատանքների պատվերի չափերը [էջ 159-161]) երևում է Կառավարության այդ պահին գիտության և ԳՀՓԿ աշխատանքների մեջ ներդրման ծրագրերի ծավալը։ Սակայն վերլուծելով այս տարվա բյուջեն, դրա կատարման սպասումը (տես կետեր 2 և 3), 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և 2023թ. բյուջեի նախագիծը երևում է՝ գիտության/ԳՀՓԿ աշխատանքների համար Կառավարության ծրագրով հաստատած գումարային հատկացումներն ամեն տարի ամբողջությամբ չեն կատարվում։

 

  1. Այս պահին մեր կանխատեսումով Կառավարությունն ամբողջությամբ չի իրագործելու այս տարվա գիտության բյուջեի «83% ավելացման» զգալի մասը։

Այս տարվա բյուջեի մեջ նախատեսված «ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծում» միջոցառման համար նախատեսված էր 2.5 մլրդ դրամ։ Մեր ունեցած տեղեկությամբ այս ծրագիրը դեռ չի մեկնարկվել, չնայած որ տարին արդեն ավարտվում է։ Հատկանշական է, որ այս տողը պետական պաշտոնյաների կողմից հաճախ «գովազդվող» գիտության համար հատկացումների «83%-ով ավելացման» մոտ 1/4 մասն է կազմում։

Գերազանցության կենտրոնների ստեղծումը հանդիսանում է Հայաստանում գիտահետազոտական ներուժի զարգացան, գիտության երիտասարդացման, միջավայրի բարելավման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր նախագիծ։ Եթե որևէ պատճառով այդ միջոցները հնարավոր չի եղել ստանալ ԵՄ-ից, այս հարցով շահագրգռված Կառավարությունը, որն ամեն առիթով գովազդում է «83%-ով ավելացումը», պետք է իրագործեր այդ ծրագիրը ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

* 2022թ. համար փաստացի իրագործվածի փոխարեն սպասումն է

 

  1. Արդեն քանի տարի է Կառավարության քայլերը վկայում են, որ վերջինս անունակ է ամբողջությամբ իրագործել նույնիսկ պետական բյուջեով հատկացվող փոքրածավալ պաշտպանական ԳՀՓԿ ծրագրերը։

Սույն թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ Կառավարության թիվ 1703-Ն որոշմամբ 395 մլն դրամի վերաբաշխում է արվել «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրից։ Նույն ծրագրից ևս 295 մլն դրամի վերաբաշվում էր արվել սույն թվականի ապրիլի 7-ին ՀՀ Կառավարության թիվ 465-Ն որոշմամբ։ Բացի այդ, 2021թ. Կառավարությունը նույն ծրագրի համար նախատեսած 4.7մլրդ դրամից ընդամենը 1.17 մլրդ դրամն է կարողացել ծախսել համապատասխան ծրագրերի համար։

Այս պատկերը տեսնելուց հետո «Գիտուժ» նախաձեռնության համայնքի համար առնվազն զարմանալի է սույն թվականի սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում Կառավարության ղեկավարի հետևյալ միտքը [ 2:38:49]․ «…եթե որևէ մեկը ձեզ կասի, որ էսօրվա ընկերությունները ռազմաարդյունաբերական պատրաստ են կլանել ավելին քան Կառավարությունը հատկացնում է, լուրջ չվերաբերվեք…»։ Պաշտպանական ԳՀՓԿԱ պատվեր ձևավորելը ու այդ պատվերի կատարման համար ունակ էկոհամակարգ զարգացնելը, այդ թվում ռազմաարդյունաբերական ընկերությունների աշխատանքի համար բարենպաստ միջավայր ստեղծելը և պետության հետ համագործակցության համար գործող ընթացակարգեր մշակելը ժողովրդի կողմից ընտրած Կառավարության անմիջական պատասխանատվությունն է։

 

  1. Սեպտեմբերի 30-ին e-draft.am հարթակում քննարկման է դրվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի նոր տարբերակը։

Հատկանշական է հետևյալը.

Ծրագրում բացակայում է ԳՀՓԿ աշխատանքների համար հատկացումների հանձնառությունը՝ թե՛ մեր պահանջի հիման վրա (ՀՆԱ-ի կամ բյուջեի նվազագույն մասնաբաժնի ամրագրմամբ, համապատասխանաբար 1% և 4%), թե՛ ներկայում գործող օրենքում ամրագրված ձևով (ԳՀՓԿԱ-ին հատկացնել պետական բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս)։ Հաշվի առնելով, որ Կառավարությունն իր իսկ ընդունած ծրագրերը հեշտությամբ անտեսում է և լիարժեք չի իրականացնում, օրենքում այս կետի  ամրագրումն էլ ավելի կարևոր է դառնում։

Օրենքի նախագծում առկա են այլ մտահոգիչ կետեր ևս։ Դրանց կանդրադառնանք առաջիկայում»,- նշված է հայտարարության մեջ։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել