armenpress.am: Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ օկուպացված տարածքում, Ադրբեջանն անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ է իրականացնում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն՝ ընդգծելով, որ այդ աշխատանքները սկսվել են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին իրականացված ադրբեջանական ագրեսիայից հետո։
Որպես փաստ՝ Թաթոյանը հրապարակեց լուսանկարներ Հայաստանի օկուպացված տարածքում Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած շինարարական, ամրացման աշխատանքներից:
Թաթոյանն ընդգծեց, որ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ն գտնվում է լրջագույն խնդրի առաջ, որը պայմանավորված է ադրբեջանական ներխուժումներով և ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին նրանց ներկայությամբ։
«Ադրբեջանցիների գործողությունները վկայում են, որ չեն պատրաստվում հեռանալ ՀՀ-ից։ Ջերմուկի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ օկուպացված տարածքներում Ադրբեջանն իրականացնում է անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ՝ կառուցում են զինվորական ճանապարհներ, դիրքեր, բունկերներ և այլն։ Կառուցված ճանապարհը, ըստ մեր ուսումնասիրության, 10-12 մ լայնություն ունի»,- նշեց Թաթոյանը։
Նա ընդգծեց՝ Ջերմուկի մոտ օկուպացված տարածքներում կան նաև խոտհարքներ, արոտավայրեր, վարելահողեր։
Հիմնադրամի ղեկավարի պնդմամբ՝ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո առաջացած խնդիրները վերաբերում են ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլև ազգային անվտանգությանը, քանի որ թիրախի տակ են ոչ միայն գյուղերը, այլև «Տաթև» ՀԷԿ-ը, Ջերմուկի ՀԷԿ-ը, Կապանի պոչամբարը և այլ ռազմավարական նշանակության օբյեկտներ։
comment.count (0)