ՄԻՊ-ը և Արդարադատության նախարարությունն անդրադարձել են ազատազրկված Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկություններին
15:19 - 13 նոյեմբերի, 2022

ՄԻՊ-ը և Արդարադատության նախարարությունն անդրադարձել են ազատազրկված Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկություններին

Ի պատասխան տարբեր հրապարակումներով հնչեցվող մտահոգությունների՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Պաշտպանի հանձնարարությամբ իր ներկայացուցիչները դեռևս այս տարվա նոյեմբերի 10-ին այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Վարուժան Ավետիսյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։

Նշենք, որ նոյեմբերի 12-ին լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, ըստ որի՝ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է:

«Վ․ Ավետիսյանը Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացրել է առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ, նշել նաև, որ բուժման համար անհրաժեշտ հետազոտությունները հնարավոր է իրականացնել արտերկրում՝ Գերմանիայում։

Վ. Ավետիսյանը հայտնել է, որ նախկինում՝ 2014 թվականին և 2021 թվականի հունվար և ապրիլ ամիսներին, հիվանդության հետ կապված ունեցել է կրիզներ, որից հետո տևական ժամանակ վերականգնվել է: Ըստ Վ. Ավետիսյանի՝ իր մոտ առկա հիվանդությունը Հայաստանում ախտորոշել հնարավոր չի եղել: Իր հետազոտությունների արդյունքները նորմայի սահմաններում են, սակայն ինքն իրեն վատ է զգում (առողջական վիճակի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը չի ներկայացվում բժշկական գաղտնիք պարունակելու և դրանք հրապարակելու վերաբերյալ Վ. Ավետիսյանի համաձայնության բացակայության պատճառով)։

Վ. Ավետիսյանը Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է նաև, որ իր ախտորոշումների համապատասխանությունը ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 6-ի N 825-Ն որոշմամբ սահմանված պատժի կրելուն խոչընդոտող հիվանդությունների կողմնորոշիչ ցանկի հետ որոշելու հարցի հետ կապված ներկայացված դիմումը գտնվում է միջգերատեսչական հանձնաժողովի քննարկման տիրույթում։

Միևնույն ժամանակ, այցի պահին Վ. Ավետիսյանը Պաշտպանի ներկայացուցիչներին չի ներկայացրել որևէ գանգատ կամ բողոք, այդ թվում՝ առողջական վիճակի, ՔԿՀ-ում ոչ պատշաճ բժշկական սպասարկման կամ այլ հարցերի վերաբերյալ։ Վ. Ավետիսյանը հավելել է, որ ներկայում Պաշտպանի աշխատակազմի միջամտության և աջակցության անհրաժեշտությունը չկա, և խնդրել է նաև իր առողջական վիճակի համար անհանգստացող անձանց իր անունից փոխանցել, որ իր մոտ ամեն ինչ կարգին է: Պաշտպանի ներկայացուցիչները Վ. Ավետիսյանին առաջարկել են խնդիրներ առաջանալու դեպքում դիմել Պաշտպանին:

Այդուհանդերձ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այս օրերին մշտական կապի մեջ են ՔԿՀ աշխատակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Նուբարաշեն ստորաբաժանման բժշկական անձնակազմի ներկայացուցիչների հետ և ամենօրյա պարբերականությամբ քննարկել են Վ. Ավետիսյանի առողջական վիճակին առնչվող հարցերը։

Նույն տրամաբանությամբ, այսօր և երեկ ևս ՄԻՊ ներկայացուցիչները կապ են հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Նուբարաշեն ստորաբաժանման բժշկական անձնակազմի ներկայացուցիչների հետ Վ. Ավետիսյանի առոջական վիճակի վերաբերյալ, վերջիններս հայտնել են, որ իրականացվել է ընդունելություն, առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել, հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմաններում:

Մարդու իրավունքների պաշտպանը հաջորդիվ ևս իր ուշադրության կենտրոնում է պահելու Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակին, պատշաճ բուժօգնության տրամադրմանը և այլ իրավունքների իրացման հարցերը»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

ՀՀ արդարադատության նախարարություն ևս հաղորդագրություն է տարածել՝ տարածված տեղեկության վերաբերյալ վերաբերյալ․

«Երեկ և այսօր՝ 13.11.2022թ.-ին Վարուժան Ավետիսյանը ենթարկվել է բուժզննության. ազատազրկված անձի առողջական վիճակը գնահատվել է լավ, գանգատներ չի ներկայացրել։

Երեկ լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է:

Նույն օրը՝ 12.11.22թ-ի երեկոյան համայցի ժամանակ, հերթապահ բուժքրոջ կողմից կատարվել է Վարուժան Ավետիսյանի ընդունելություն, որի ժամանակ ազատազրկված անձը որևէ գանգատ չի ներկայացրել, օբյեկտիվ զննության արդյունքում հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմաններում. Զ/Ճ 130/85, պուլսը 82 զարկ/րոպե, սատուրացիան 96, ջերմաստիճանը 36,2։

13.11.22թ-ին կատարվել է ընդունելություն ստորաբաժանման ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից, որի արդյունքում ազատազրկված անձի առողջական վիճակը գնահատվել է լավ, վերջինիս կողմից գանգատ չի ներկայացվել, օբյեկտիվ զննության տվյալները' նորմայի սահմաններում։ Վ. Ավետիսյանի կողմից նշվել է, որ վերջին անգամ առողջական վիճակի հետ կապված գանգատ ունեցել է 2021թ.-ի ապրիլ ամսին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել